Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունն արձագանքում է ԱԽ հայտարարությանը


«Մի կողմից իշխանությունը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի», - անդրադառնալով Անվտանգության խորհրդի երեկվա հայտարարությանը նկատեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ԱԽ-ը երեկ ևս մեկ անգամ առաջարկել է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, միաժամանակ հայտարարելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար։ Հայտարարությունը հնչեց Փառուխում գյուղում իրավիճակի սրման 5-րդ օրը։

Ինչպես պնդում է Երևանը՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ներխուժումը շարունակվում է։

Պատերազմի սպառնալիքի դեպքում խաղաղության պայմանագիր չեն կնքում, ասաց պաշտոնական Երևանի հայտարարությունը հակասական համարող ընդդիմադիր պատգամավորը։

«Խաղաղության պայմանագիրը համաձայնության ամրագրումն է, եթե թշնամին խոսում է ուժով հարցերը լուծելու մասին, և դու դա ընդունում ես, ապա այն զիջումները, որին դու պատրաստ ես գնալ և որի ուղերձը հղում ես, նոր զիջումներ ու նոր ավելի վատ պայմանների տեղիք է տալու: Քանի դեռ Հայաստանը հստակ ցույց չի տվել՝ որոնք են իր կարմիր գծերը, գնալ բանակցությունների գտնվելով թույլ վիճակում բավականաչափ վտանգավոր է», - ընդգծեց Խաչատրյանը

«Լարվածության ավելացման մասին են հայտարարում, բայց կանխարգելման լուրջ միջոցառումներ չեն իրականացնում», - ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովից Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ կոնկրետ քայլերի փոխարեն իշխանությունը երկու բանով է զբաղված՝ գնահատական է տալիս ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին ու կոչով դիմում միջազգային հանրությանը՝ զսպելու Ադրբեջանին։

«Միայն լոզունգներով խաղաղության հասնել չի հաջողվելու, այլ բան է, թե ինչ պայմաններում է քո հետ բանակցում քո դիմացինը: Դա Ադրբեջանը կլինի, Թուրքիան կլինի, թե այլ երկիր կլինի, մեկ է՝ երբ որ դու ունես մոդերնիզացված բանակ ու խնդիր լուծող բանակ, մեկ այլ վիճակ է, երբ դու քո ողջ հույսը դրել ես Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ թվացյալ խաղաղության օրակարգի վրա և այդ իրականության մեջ դու դրան հասնելու համար որևէ գործուն քայլ չես անում», - ընդգծեց Աբրահամյանը:

Անվտանգության խորհուրդը երեկ հայտարարեց, թե անհրաժեշտ է միջազգային զսպման մեխանիզմներ գործարկել՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար: Ի՞նչ է սա նշանակում ԱԽ-ից չհաջողվեց ճշտել, մեկնաբանություններից հրաժարվեցին նաև մոտ մեկ տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ։ Նրանց թվում նաև՝ ԱԽ-ի երեկվա հավաքին մասնակցած ԱԺ-ի փոխխոսնակները։

Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ երբ խոսքը միջազգային զսպման մասին է, դա ենթադրում է այլ երկրների միջամտություն, ինչը պետք է քննարկվեր Ռուսաստանի հետ՝ քաղաքական կոնսուլտացիաների միջոցով։ Եթե չի քննարկվել, ըստ պատգամավորի, հարաբերություններում հավելյալ սրում կարող է առաջանալ. հետպատերազմյան ժամանակահատվածում ռուս սահմանապահները Հայաստանում, իսկ խաղաղապահները՝ Արցախում անվտանգության ապահովման հարցում, նրա խոսքով, մեծ ներգրավվածություն ունեն։

«Հայաստանի և Արցախի համար խնդիրներ են աշխարհաքաղաքական այս նոր սրացումների պայմաններում իրադարձություններից դուրս գալ հնարավորինս քիչ վնասներով», - ընդգծեց Աբրահամյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի խոսքով՝ «իշխանությունը բանականությունն այնքան էլ չի կորցրել, որ այս պայմաններում ձեռնոց նետի Ռուսաստանին»։

«Կարծում եմ, որ բանականության ինչ-որ փշրանքներ մնացել են, կարծում եմ, ստեղ երևի ի նկատի ունեն ռուս խաղաղապահների մանդատի հստակեցումը, օրինակ եմ ասում: Այսինքն միջազգային հանրությունը Ռուսաստանին, օրինակ, լիազորի, Մինսկի խումբը Ռուսաստանին լիազորի ստեղ ինչ-որ առաքելություն իրականացնելու, որովհետև ռուսական խաղաղապահները ի վերջո Մինսկի խմբի համանախագահության որոշմամբ չեն եկել, եռակող է եղել՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որ անհրաժեշտ են միջազգային զսպման մեխանիզմներ, այսօր պնդել է՝ զսպման լավագույն ձևը միջազգային իրավունքն է, այդ թվում՝ «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը և հարգանքը պետությունների ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ»։

Բաքուն կրկին շեշտել էր Հայաստանին ներկայացրած 5 պահանջները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչումն ու հայտարարել՝ «խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի դրանց վրա»։

Ի դեպ, Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակի միջոցառումների ժամանակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարը հայտարարել է, իրենք Հայաստանից սպասում են բոլոր 5 կետերի համաձայնեցում։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են։

Բաքվի 5 կետանոց պաշտոնական առաջարկը ստանալուց հետո՝ այս ամսվա սկզբին, Երևանը Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությանն էր դիմել՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Մինչ այժմ, սակայն, այդ ուղղությամբ հրապարակային որևէ առաջընթաց չկա։

XS
SM
MD
LG