Մատչելիության հղումներ

«Դոլմաման»՝ կրկին «կռվախնձոր»


Ժիրայր Ավանյանը «Դոլմամա» ռեստորանի մուտքի մոտ, մարտ, 2022թ․
Ժիրայր Ավանյանը «Դոլմամա» ռեստորանի մուտքի մոտ, մարտ, 2022թ․

«Գնացել էինք տարածքների համար հարկերը վճարելու, ասացին, որ սա ձերը չէ, հիմա էլ նամակ ունեմ, որ ինձնից պահանջում են գրանցումից դուրս գալ էս տարածքի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժիրայր Ավանյանը, որ 24 տարի առաջ է Երևանի կենտրոնում հիմնադրել «Դոլմամա» ռեստորանը։

Նա օրերս նամակ է ստացել, որ զբաղեցրած տարածքի մի մասն այևս իրենը չէ։ Տարակուսած է՝ եթե իր կողմից համաձայնություն չի տրվել, առուվաճառքի պայմանագիր չի ստորագրվել, ինչի՞ հիման վրա են իրեն գրանցումից հանել։

«Մենք կարծում էինք, որ էդ ապօրինությունները կվերջանան վերջապես, էն էլ․․․ ո՞նց կարելի է գնալ մարդու սեփականությունը վերցնել մի ուրիշ սեփականատեր։ Սա իմ ռեստորանն է, ոչ մեկը սա իմ ձեռքից չի կարողանալու վերցնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավանյանը։

Հին Երևանից մնացած այս կտորը դատարաններում կռվախնձոր է դեռ 2008-ից, երբ կառավարությունը Աբովյան և Պուշկին փողոցների մի շարք հատվածներ հանրային գերակա շահ ճանաչեց։ Կառուցապատողը գործարար Սամվել Մայրապետյանի «Լոքալ Դիվելոփերս» ընկերությունն է, որն արդեն օտարել է ցանկալի տարածքի մեծ մասը։ Մի քանի սեփականատերեր, այդ թվում՝ Ժիայր Ավանյանը, սակայն, չեն հանձնվում․ մոտ 15 տարի է՝ դատարաններում մեկ պատասխանող կողմ են, մեկ՝ դիմող։

«Դե պարզվում է, որ դատարանները դեռ իրենց դուդուկի տակ պարում են, չգիտեմ ինչու», - ասաց ռեստորանի հիմնադիրը։

Ավանյանը նամակը նոր ստացել, բայց դատարանը դեռ 7 տարի առաջ է որոշել, որ «Դոլմամայի» մի մասն էլ իրենը չէ, հակադարձում է կառուցապատողի՝ Սամվել Մայրապետյանի ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

«Լոքալ Դիվելոփերսը» տարիներ առաջ դիմել էր դատարան՝ պահանջելով պարտադրել «Դոլմամայի» սեփականատիրոջը՝ փոխհատուցման դիմաց հանձնել շենքն ու հեռանալ: Տևական քննությունից հետո՝ 2018-ին դատարանը բավարարել էր հայցն ու պարտավորեցրել Ավանյանին երկու ամսում ազատել «Դոլմամայի» մի հատվածը, որտեղ ժամանակին նրա բնակարանն է եղել։

«Հիմա մենք արդեն հայց ունենք ներկայացված դատարան, քանի որ Ժիրայր Ավանյանը որոշակի ապօրինի գործողություն է նաև նախաձեռնել, չեմ ուզում անուն կպցնեմ, մարդ է, որոշել է էդպես պաշտպանվի, հիմա մենք արդեն հայց ունենք ներկայացված դատարան, որ «Դոլմամային» վտարենք», - «Ազատությանը» փոխանցեց Սիրունյանը։

Ավանյանը դատարանի այդ որոշումն այդպես էլ չի ընդունել, դիմել է թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ, առայժմ՝ ապարդյուն։ Ամիսներ առաջ փաստաբանը նոր հայց է ներկայացրել։ Մինչ քննության ավարտը, պնդում է, ոչ մի դեպքում տարածքից դուրս չի գա։

«Դե քաղաքապետարանից և թաղապետարանից ծանուցումներ ենք ստացել, որ մենք աշխատում ենք ապօրինի էն տարածքում, որովհետև էդ չի պատկանում մեզ, ես էլ ասում եմ՝ «աշխատում եմ իմ սեփական տարածքում»։ Հիմա մենք դատի մեջ ենք, մինչև էդ հարցերը չլուծվեն, դուք չենք կարող ասել՝ ապօրինի է, թե ապօրինի չէ», - ասաց Ավանյանը։

«Օրենքը նախատեսում է, որ եթե սահմանված ժամկետում գումարը փոխհատուցման չի դրվում նոտարի կամ դատարանի դեպոզիտին, ապա համարվում է՝ ձեռք բերողը հրաժարվել է գույքը ձեռք բերելուց։ Գումարը ո՛չ դատարանի, ո՛չ նոտարի դեպոզիտին չի եղել, փաստացի մարդը հրաժարվել է այդ գույքը ձեռքբերելուց։ Մարդիկ ուղղակի խլեն են մի մարդու սեփականությունը», - ասաց «Դոլմամայի» փաստաբան Ալինա Ավետիսյանը։

Հեղափոխությունից հետո կառավարությունում հատուկ խումբ էր ստեղծվել՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների հարցով։ Տևական քննարկումներից հետո անցած տարի գործադիրը որոշեց մի շարք հասցեներ, այդ թվում՝ «Դոլմամաի» շենքը, հանել օտարվող տարածքների ցանկից ու պահպանել որպես մշակութային արժեք։ Ստացվում է՝ միևնույն հասցեում գտնվող շենքի մի մասը պետք է պահպանվի, ըստ կառավարության որոշման, մյուս մասը՝ քանդվի, ըստ դատարանի վճռի։

Ինչո՞ւ, ինչպե՞ս, իր հերթին հարց է բարձրացնում կառուցապատող ընկերության փաստաբանը, որը կառավարության այդ որոշման դեմ հայց է ներկայացրել դատարան։

«Դոլմամայի» կեսը տվել ես ինձ պետություն ջան՝ վճռով, ասում ես՝ «էս կեսը թող մնա քեզ, էն կեսը հանեցի», հանեցիր, հասկացա, քո իրավունքն է, հիմա ես ի՞նչ եմ անում սրա հետ, ասա, ոնց որ թե դու ինձ չէիր տվել սա տոլմա ծախելու համար՝ ռեստորանի համար ինձ չես տվել, ասել ես՝ «գնա, իրացրու, բեր հանձնի պետությանը»։ Առանձին հասցեներ եք մեջից հանում, չեք էլ ասում՝ «Պուշկին փողոցը, վերջ, ամբողջությամբ հանում ենք»։ Որոշ հասցեներ, բա դու երկրորդ հարկի բնակարանը հանել ես, այն դեպքում, որ երրորդ հարկն իմն է, չորրորդ հարկն իմն է, տրամաբանությունը բացատրեք հասկանանք», - ասաց փաստաբանը։

Մինչ դատարանները քննում են կողմերի հայցերն ու հակընդդեմ բողոքները, Ավանյանը հիշեցնում է, որ Հատուկ քննչական ծառայութունը տարիներ առաջ դեռ մեղադրանք է առաջադրել կառուցապատող ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանին՝ օտարումների ընթացքում թույլ տված ապօրինությունների համար։

Իրավապահները պնդում են, թե Մայրապետյանը Հյուսիսային պողոտայի էլիտար բնակարանները վաճառելիս պայմանագրերում շուկայականից էականորեն ցածր գին է նշել, որպեսզի պետությանը քիչ հարկ վճարի։

Նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարարը մեղադրվում է նաև կոռուպցիային օժանդակելու համար, բայց դեռ չի կանգնել դատարանի առաջ։ Մեղադրանքը լսելուց հետո նա հեռացել է Հայաստանից, և մինչ այժմ գտնվում է հետախուզման մեջ։

Որպեսզի արդարությունը հաղթի, այս կծիկը պետք է քանդվի մինչև վերջ, պնդում է «Դոլմամայի» սեփականատերը։ «Քառակուսի մետրով սա թանկ է, ինչքան էլ ինձ գումար տա, մի 15-20 հարկ էլ ավելորդ կսարքի, էդ 15-20 հարկից կունենա տասնապատիկ անգամ օգուտներ, ընդամենը սա», - ասաց Ավանյանը։

Ավանյանի հերթական հայցն ընդդեմ «Լոքալ Դիվելոփերսի» այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի վերջին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG