Մատչելիության հղումներ

Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան՝ ինքնազգացողության վատացման պատճառով


Սամվել Մայրապետյան, արխիվ
Սամվել Մայրապետյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանը, որ հունվարից մեկնել էր Գերմանիա բուժման, չի վերադարձել Հայաստան, թեև լրացել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տված վերջնաժամկետը:

7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարարին Հատուկ քննչական ծառայությունը վերջերս մինչև հոկտեմբերի 15-ն էր ժամանակ տվել, սակայն Մայրապետյանի փաստաբանները գրավոր դիմել են քննչական ծառայություն և հայտնել, որ Հայաստան վերադառնալիս օդանավակայանում գործարարի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հատուկ Քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանն» ի պատասխան ասաց՝ փորձում են ճշտել Մայրապետյանի փաստաբանների հայտնած տեղեկության իսկությունը։

«Այժմ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար», - նշեց Օհանջանյանը

Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։

Իշխանափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել և այդ մասին նաև «Ազատության» հետ հարցազրույցում պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբաններն պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։

Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։
Այդ եզրակացության համաձայն Սամվել Մայրապետյանին ցուցված էր կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, որը Հայաստանում չի իրականացվում, այդ պատճառով էր քննչական ծառայությունը մեղադրյալ Մայրապետյանին թույլատրել բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ քանի որ երկրում չէր, տեղեկություն չունի պաշտպանյալի ներկայիս առողջական վիճակի մասին և չի կարող ասել, թե Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, թե ոչ։ Հատուկ քննչական ծառայություն նամակ են հղել փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։ Ըստ փաստաբան Բատիկյանի, անցած ամիսներին Մայրապետյանը երկու վիրահատություն է տարել Գերմանիայում, որոնք անցել են նորմալ։

«Երկու վիրահատությունները բարեհաջող անցել էին, լեղապարկը հեռացվել էր, դրանից տեղեկություն ունեմ, հաստատ նորմալ էր», - ասաց փաստաբանը։

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

XS
SM
MD
LG