Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն միջոցներ է ձեռնարկում Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկության իսկությունը պարզելու համար


Սամվել մայրապետյան, արխիվ
Սամվել մայրապետյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում, այդ թվում հարցումներ է անում՝ ճշտելու արդյո՞ք իրականությանը համապատասխանում է գործարար Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանների հայտնած տեղեկությունը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով, այդ թվում՝ դրա շրջանակներում իրականացվում են հարցումներ։ Գործընթացն այժմ ընթացքի մեջ է», - ասաց Օհանջանյանը։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարարը, որ հունվարից մեկնել էր Գերմանիա բուժման, չի վերադարձել Հայաստան, թեև լրացել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տված վերջնաժամկետը:

7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարարին Հատուկ քննչական ծառայությունը վերջերս մինչև հոկտեմբերի 15-ն էր ժամանակ տվել, սակայն օրերս Մայրապետյանի փաստաբանները գրավոր դիմել են ՀՔԾ և հայտնել, որ Հայաստան վերադառնալիս օդանավակայանում գործարարի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Սամվել Մայրապետյանի փաստաբան Լուսինե Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պաշտպանյալը պետք է վիրահատության ենթարկվի, իսկ մինչ այդ պետք է Գերմանիայում շարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո։

«Դեկտեմբեր ամսին ևս պլանավորված էր վիրահատության անցկացումը, սակայն պարոն Մայրապետյանը պատրաստվում էր վերադառնալ մինչ դեկտեմբերը Հայաստանի Հանրապետություն, այնուհետև նորից մեկնել վիրահատության, սակայն ճանապարհին նա իրեն վատ է զգացել, վերադարձել է և բժիշկները հետազոտություններ են անցկացրել և համապատասխան գրություն ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որ բժիշկները գտնում են, որ նա պետք է մինչ վիրահատությունը գտնվի հսկողության տակ և անցկացվի այդ վիրահատությունը», - նշեց Սահակյանը։

«Ազատության» հարցին՝ խոսքը դեկտեմբերին անցկացվելիք վիրահատության մասի՞ն է, Սահակյանը պատասխանեց. «Թե երբ արդեն վիրահատությունը կանցկացնեն չեմ կարող ասել, կախված արդեն առողջական վիճակից, որովհետև այդ հետազոտությունների արդյունքները և նաև հսկողության արդյունքում նոր բժիշկները կասեն, թե վիրահատությունը երբ կանցկացվի»։

Մայրապետյանի փաստաբանն ընդգծեց, որ նա պետք է շարունակի մնալ Գերմանիայում մինչև այդ վիրահատությունը. «Բժիշկներն ասել են, որ պետք է անպայման գտնվի հսկողության ներքո»։

Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։

Իշխանափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել և այդ մասին նաև «Ազատության» հետ հարցազրույցում պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբանները պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։

Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։ Այդ եզրակացության համաձայն Սամվել Մայրապետյանին ցուցված էր կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, որը Հայաստանում չի իրականացվում:

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

XS
SM
MD
LG