Մատչելիության հղումներ

Կանաչ տարածքի հաշվին հերթական շինարարությունը Երեւանի կենտրոնում


Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի
Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի

Երեւանի կենտրոնում` Աբովյան - Պուշկին խաչմերուկում, հերթական էլիտար շենքի ստորգետնյա ավտոտնակի համար շինարարություն են անում կանաչ տարածքի հաշվին: Շաբաթ վաղ առավոտյան ծանր տեխնիկա է տարվել Պուշկինի 3 շենքին հարակից պուրակ, ու սկսել են կանաչ տարածքը փորել:

Ընդ որում, շինարարական աշխատանքների հետեւանքով վաղ առավոտյան վնասվել էր շենքը սնող ջրատար խողովակը, եւ շենքի ջրամատակարարումը դադարեցված էր: «Երեւան ջուր» ընկերությունից եկել ու վերականգնում էին ջրամատակարարումը:

Տարածքում աշխատանքներ էր իրականացնում «Հորիզոն» շինարարական կազմակերպությունը: Աշխատողներն ասացին, որ իրենց պատվիրատուն «Լոկալ Դիվելոփրզ» ընկերությունն է:

Բնակիչներին դեռ անցած տարի հայտնի էր նախատեսված շինարարության մասին, դիմել էին քաղաքաշինության նախարարություն եւ խնդրել կանխել այն: Այս տարվա հունվարի 10-ին պատասխան էին ստացել, որ նշված տարածքում քաղաքաշինական գործունեություն սկսելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել:

Տարածքում շրջող Դավիթ անունով մի երիտասարդ ներկայացավ որպես շինարարական աշխատանքների վերահսկող: Շինարարության թույլտվությունը հաստատող փաստաթղթեր նա չուներ: Ցույց տվեց «Համաձայնագիր» վերնագրված մի թուղթ, որում գրված էր. - «Մենք, Պուշկինի 3 հասցեի բնակիչներս ստորագրում ենք առ այն, որ չենք առարկում Աբովյան 8 հասցեի բնակելի շենքի ավտոհանգրվանի մուտքի կառուցմանը, ինչպես նաեւ մեր շենքի հարակից պուրակի բարեկարգմանը»: Թուղթը ստորագրել էր ավելի քան 20 բնակիչ:

Էլիտար շենքի սեփականատերը «Լոկալ Դիվելոփրզ» կազմակերպության նախագահ Սամվել Մայրապետյանն է, ով նաեւ Երեւանի մի շարք այլ էլիտար շենքերի կառուցապատողն ու սեփականատերն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG