Մատչելիության հղումներ

«Ես վստահ եմ՝ աջակցել են Մայրապետյանին, որ գնա ու չվերադառնա». իրավապաշտպան


Սամվել Մայրապետյան, արխիվ։

Կոռուպցիոն գործով մեղադրյալ, գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել։

ՀՔԾ-ն վերացրել է Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Սամվել Մայրապետյանը բուժման նպատակով Գերմանիա էր մեկնել 2019 թվականի հունվարին, ՀՔԾ-ն վերադարձի վերջնաժամկետ էր սահմանել անցած տարվա հոկտեմբերի 15-ին։ Վերջնաժամկետից չորս ամիս անցել է, բայց Մայրապետյանը վերադառնալու ցանկություն չի հայտնել։

Նրա պաշտպան Կարեն Բատիկյանն ասաց, որ ՀՔԾ-ի վերջին որոշման մանրամասներին դեռ տեղյակ չէ, իսկ իր պաշտպանյալի հետ մեկ ամիս առաջ է խոսել և տեղեկացել, որ բուժումը շարունակելու կարիք ունի. - «Որևէ դատավարական փաստաթուղթ չունեմ, ոչ մի բան չեմ կարդացել, դրա համար ոչ մի բան չեմ կարող ասել։ Այս պահին որևէ տեղեկություն չունեմ։ Առողջական խնդիր ուներ ինքը, մինչև վերջերս էլ չէր լուծվել։ Մոտ մի ամիս առաջ խոսել եմ, ասեց՝ վիրահատում եմ գնալու նորից»։

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սամվել Մայրապետյանը բուժման պատրվակով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Քննիչը մի քանի անգամ ողջամիտ ժամկետներ է տվել Հայաստան վերադառնալու համար, սակայն Մայրապետյանը հրաժարվել է ներկայանալ՝ նշելով տարբեր ոչ հիմնավոր պատճառաբանություններ։

Կարեն Բատիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալի չվերադառնալը փախուստ կարող էր համարվել այն դեպքում, եթե առողջական խնդիրներ չունենար. - «Չարամտորենն նա է, երբ որ մարդը լրիվ առողջ ա լինում կամ չկա էդ պատճառը, ինքը խուսափում է»։

Սամվել Մայրապետյանը կալանավորվել էր 2018 թվականի հոկտեմբերին, երկու ամիս անց 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ առողջական խնդիրների հիմնավորմամբ։ Հունվարին մեկնել էր Դրեզդեն։ Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել և 15-ական միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզված է, որ Սամվել Մայրապետյանը փախուստի է դիմել, ինչպես հեղափոխությունից հետո տարբեր քրեական գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները. - «Եթե մարդուն առոջղությունը վերականգնելու համար անհրաժեշտ է, օրինակ, երկու ամիս, հետո էլ պարզվում է, որ լրացուցիչ ևս մեկ ամիս է պետք։ Բայց ինքը չի վերադառնում ևս տասը ամիս։ Արդյո՞ք սա չարամտություն չի։ Վստահաբար սա չարամտություն է։ Ես անձամբ վստահ եմ, որ այս պարագայում ոչ միայն չէին մտածել, այլ նաև աջակցել են, որպեսզի նման իրավիճակ ստեղծվեն, գնան ու այլևս չվերադառնան»։

Նինա Կարապետյանցը արդարադատություն իրականացնողներին մեղադրեց երկարկի ստանդարտներ կիրառելու համար։ Ավելի ծանր առողջական խնդիրներ ունեցողներ կան, բայց նրանց ազատության հարցը միլիոնատեր ընկերներ ունեցող, նախկին իշխանույթունների հետ սերտաճած գործարարների պես դյուրին չի որոշվում. - «Ինչո՞ւ որոշ մարդկանց համար մեր արդարադատությունը այսպես ասած արտոնյալ կարգավիճակ ունի, իսկ շարքային քաղաքացու համար՝ ոչ։ Իրենք ունեն այնպիսի ֆինանսական միջոցներ, որ կարող են իրենց թույլ տալ ցանկացած երկրում, որը չի արտահանձնի իրենց, գնան և բարեկեցիկ կյանքով ապրեն մեր հաշվին»։

Որպես անձնական երաշխավորություն վճարված 30 միլիոն դրամը կմուտքագրվի պետբյուջե։ Քրեական օրենսգրքով, երաշխավորողներն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ եթե մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից։ Պատիժը 300-500 հազար դրամ տուգանքն է կամ առավելագույնը երկու տարով ազատազրկում։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե քննիչը կարողանա հիմնավորել, որ երաշխավորողը իր պարտավորությունները չի կատարել չարամտորեն, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է ներկայանալ։

Երաշխավորողներ Ռուբեն Ֆանարջյանի և տեր Վահրամի հետ կապվել չհաջողվեց, նրանք չպատասխանեցին մեր զանգերին։

Կարապետյանցի խոսքով, Մայրապետյանի չվերադառնալու դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, որպեսզի հեղափոխությունից հետո քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների ու նրանց միլիոնատեր ընկերների համար այս օրինակը վարակիչ չլինի. - «Այն մարդիկ, ովքեր երաշխավոր են եղել տարբեր անձանց, պիտի պատասխանատվության ենթարկվեն և վերջ։ Եվ հաջորդը արդեն մտածելու տեղ կունենա՝ արդյո՞ք արժի երաշխավոր լինեն նման անձանց»։

Սամվել Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Իշխանափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե երկրորդ նախագահ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

XS
SM
MD
LG