Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր երեկոյան Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու դեմ։ Հավաքականն արդեն երկրորդ հանդիպումն է անցկացնում առանց թիմի երկարամյա ավագ, իտալական Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, որը վերջերս լքեց ազգային ընտրանին։
Մարտի 24-ին Երևանում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի ընտրանուն, հանդիպման միակ գոլը խփեց 22-ամյա Վահան Բիչախչյանը։
Երեկ երեկոյան կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը, որը հայաստանցի երկրպագուների առջև իր առաջին խաղն էր անցկացնում, ընդգծեց՝ Մոնտենեգրոյի դեմ շատ կազմակերպված խաղացին։
«Շատ լավ զգացողություն էր առաջին անգամ խաղաղալ Հայաստանում ու կարողանալ հաղթել։ Կարող եմ ասել, որ հավաքականում ընկերական հանդիպումներ չկան, միշտ փորձում ենք խաղալ, ուրախացնել մեր ազգին», - ասաց Բիչախչյանը։
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչն էլ նորվեգացիների հետ բարդ խաղ է կանխատեսում։ «Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում բավականին տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս», - ասաց Խոակին Կապառոսը։
Հայաստանի հավաքականը այս ընկերական խաղերով պատրաստվում է հունիսին մեկնարկող ազգերի լիգայի մրցաշարին, որտեղ ընտրանին կմրցի Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծեց՝ հունիսին կայանալիք պաշտոնական հանդիպումներին ընդառաջ խաղալու հնարավորություն պետք է ունենան իր բոլոր սաները։
«Մենք ցանկանում են դժվար խաղերում բոլորին տեսնել դաշտում, որովհետև հունիսի 4-ին հանդիպում ունենք, և բոլոր տղաները պետք է այսպիսի փորձ ունենան», - ասաց Կապառոսը։
Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ Մոնտենեգրոյի դեմ խաղում ավագի թևկապը կրում էր իսպանական Կադիզի պաշտպան 29-ամյա Վարազդատ Հարոյանը, արդյո՞ք այսուհետ նա կլինի ընտրանու հաստիքային ավագը՝ անցած շաբաթ Խոակին Կապառոսից հետաքրքվեցին լրագրողները, իսպանացի մասնագետը, սակայն, հստակ պատասխան չտվեց՝ նշելով նաև այլ խաղացողների անուններ։