Մատչելիության հղումներ

Սխալվել ենք բոլորս. ՀՖՖ նախագահը` հավաքականի խաղերի մասին


Սխալվել են բոլորը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսպես է մեկնաբանում Աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ շրջանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անփառունակ ելույթները։

«Այստեղ սխալվել ենք բոլորս` մարզիչները, ֆուտբոլիստները, մենք` որպես ֆեդերացիա, բայց ամենակարևորը, որ մենք վերլուծում ու հասկանում ենք, որ այդ սխալները գլոբալ չեն, անուղղելի, սրանք լոկալ սխալներ են», - պնդում է Մելիքբեկյանը:

Որակավորման փուլի մեկնարկային երեք հաղթանակներին հաջորդող 7 խաղերում Հայաստանի ընտրանին ոչ մի հաղթանակ չտարավ, միավորներ կորցրեց բացարձակ հետնապահ Լիխտենշտեյնի հետ խաղում, խոշոր հաշվով պարտություններ կրեց Գերմանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղերում: Արդյունքում հավաքականն մրցելույթներն ավարտեց 4-րդ տեղում` 12 միավորով և զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից։

Վերլուծելով այս արդյունքը՝ ֆեդերացիայի նախագահը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին կարծիք հայտնեց, թե որոշ հանդիպումներում, մասնավորապես Իսլանդիայի և Ռումինիայի հետ արտագնա խաղերում Հայաստանի հավաքականը պետք է ավելի լավ արդյունքի հասներ, ինչը լիովին այլ պատկեր կստեղծեր մրցաշարային աղյուսակում. «Օբյեկտիվ պատճառներ էլ կային նաև, մեզ խանգարեցին այդ օբյեկտիվ պատճառները, որ Մակեդոնիայի հավաքականի հետ երկու հանդիպումներում էլ մենք առանցքային ֆուտբոլիստներ չունեինք մեր կազմում: Իրոք առանցքային ֆուտբոլիստներից երեք-չորսը այդ ժամանակ չկային: Բայց այս ամեն ինչը մի հանրագումարով պետք է վերլուծենք և փորձենք հասկանալ` որտեղ կարող ենք այդ սխալները չանել»:

Ձախողված հանդիպումներից հետո մեծաքանակ երկրպագուներ պահանջում էին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հրաժարականը, սակայն նա շարունակում է աշխատել: Իսպանացի մասնագետի հետ պայմանագիրը ավարտվում է 2022-ի դեկտեմբերին։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ գալիք տոներից հետո մարզչական շտաբի հետ մեծ հանդիպում կունենան՝ հասկանալու, թե ինչպես են առաջ շարժվելու։

Մելիքբեկյանն, այդուհանդերձ, շեշտեց՝ Խոակին Կապառոսն իր առջև դրված խնդիրները կատարում է. «Դեռևս մեր մշակած ծրագիրը, մեր կարծիքով, ընթացքում է»:

Ֆեդերացիայի նախագահն անցնող տարվա կարևոր ձեռքբերում է համարում ազգային հավաքականում նոր ֆուտբոլիստների ներգրավումը, ասաց՝ հավաքականը դադարել է փակ ակումբի նմանվել, երբ գրեթե միշտ նույն ֆուտբոլիստներն էին հրավիրվում. «Նախկինում ընտրությունն ավելի սահմանափակ թվով ֆուտբոլիստների մեջ էր կատարվում, բայց հիմա մենք ունենք մոտ 5 տասնյակ ֆուտբոլիստներ, որոնց շրջանում ընտրություն է կատարում գլխավոր մարզիչը»՞

Հաջորդ ամառ կմեկնարկի Ազգերի լիգայի հերթական մրցաշարը, Հայաստանն անցյալ տարի իր ենթախմբում հաղթելու շնորհիվ կխաղա կարգով ավելի բարձր B դիվիզիոնում՝ մրցելով Շոտլանդիայի, Ուկրաինայի ու Իռլանդիայի ընտրանիների հետ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կարծիքով՝ խումբը բավականին բարդ է. «Այս պահին նվազագույն խնդիրը, որ դուրս չմնանք B խմբից: Դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև որքան մենք բարձր լիգայում լինենք, որքան ուժեղ մրցակիցների հետ խաղանք, այնքան նաև մեր աճի ու փորձի հավանականությունը շատ ավելի մեծանում է»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց՝ ընտրանու առջև խնդիր է դրվել պայքարել հաջորդ խոշոր մրցաշարի՝ 2024-ին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար։

XS
SM
MD
LG