Մատչելիության հղումներ

Հավատում ենք հավաքականի հաջողությանը, վստահ ենք` թիմը պայքարելու է մինչև վերջ, ու գնալու ենք մեր երազանքի հետևից. ՖԱՖ անդամ


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Շտուտգարտում Գերմանիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ, 5-ը սեպտեմբերի, 2021թ․

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում՝ երեկ երեկոյան Շտուտգարտում Գերմանիայի ընտրանուց 6 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը։

Հանդիպումն անցավ աշխարհի քառակի չեմպիոնի բացահայտ առավելությամբ, որն արդեն առաջին խաղակեսում հաղթում էր 4։0 հաշվով։

«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է»,- Շտուտգարտում ցավալի պարտություն կրելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը` հավելելով. «Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չենք իրագործում, օրինակ՝ առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, և նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, այսպես է կատարվում ամեն ինչ»։

Գերմանիա-Հայաստան խաղի մասին դժվար է խոսել, երբ այսպիսի ավարտ է ունենում, ասում է սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը` շարունակելով. «Գերմանիայի պես հավաքականի հետ խաղը ուսուցողական է, շատ լավ է այն առումով, որ ցույց է տալիս իրական հնարավորությունները: Մենք տեսանք, ցավոք, որ շատ բանի դեռ ընդունակ չենք, որովհետև մեր բոլոր թույլ կողմերը մերկացան այս խաղում, և տեսանք, որ հատվածում ինչ խնդիրներ կան: Իհարկե, մյուս մրցակիցների այդքան չի արտահայտվելու այդ ամենը, բայց միևնույն ժամանակ խմբի առաջատար լինելը չպետք է այնքան ոգևորեր թիմին, որ արդեն 3 օրից հետո մտածեինք աշխարհի առաջնություն մեկնելու մասին»:

«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման անդամ Մհեր Խուդավերդյանը մեկն է այն երկրպագուներից, որը մեկնել էր Գերմանիա՝ ազգային ընտրանու խաղը դիտելու ու գոտեպնդելու հավաքականի տղաներին. «Բոլորս էլ հասկանում ենք` Գերմանիան մեզնից բարձր հավաքական է ու առհասարակ ամենաուժեղ հավաքականներից մեկն է, կարծում եմ՝ թիմի առաջ դրված խնդիրը, իհարկե, թիմը չկատարեց, բայց խնդիրն այն էր, որ մեկնարկային 10-15 րոպեների լարվածությունը թիմը չհասցրեց թոթափի, ու արդեն երկու բաց թողած գնդակ, դրանից հետո շատ ծանր էր հավաքականի համար»։

Խոշոր հաշվով պարտությունը չի հուսահատեցրել երկրպագուներին, հավատում են, որ ազգային ընտրանին կրկին հաջողության է հասնելու. «Ինձ մոտ անձամբ չկա բացարձակ հիասթափություն, նույնը կարող եմ ասել բոլոր նվիրված ֆաֆականների, նվիրված երկրպագուների մասին։ Գիտեք, շատ հեշտ է սիրել հավաքականը, երբ նա հաղթում է, բայց պետք է սիրել հավաքականը նաև պարտվելիս։ Եթե դու թիմի կողքին չես, երբ նա պարտվում է, ապա դու նրան պետք չես հաղթելիս։ Մենք հավաքականի կողքին ենք, մենք հավատում ենք հավաքականի հաջողությանը, վստահ ենք, որ թիմը պայքարելու է մինչև վերջ, ու գնալու ենք մեր երազանքի հետևից։ Առջևում Լիխտենշտեյնի խաղն է, ու մրցաշարային օրացույցի տեսանկյունից շատ լավ է դասավորվել, որ մենք Լիխտենշտեյնի հետ խաղում ենք այս խաղերի վերջում, ու այս ցավոտ պարտությունը կմոռացվի, հուսով եմ, վստահ հաղթանակով Լիխտենշտեյնի դեմ խաղում: Արդեն կարողանանք պատրաստվել հոկտեմբերին անչափ կարևոր խաղերին` Իսլանդիայի ու Ռումինիայի դեմ»:

Երեկվա պարտությունից հետո Հայաստանի հավաքականը J խմբում զիջեց առաջատարի դիրքերը՝ այժմ աղյուսակը 12 միավորով գլխավորում է Գերմանիայի թիմը, իսկ Հայաստանի ազգային հավաքականը հինգ հանդիպումից հետո երկրորդ հորիզոնականում է։ Երրորդ տեղում է Ռումինիայի հավաքականը, որը հինգերորդ տուրում սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ, չորրորդը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին է, որը Ռեյկյավիկում ոչ-ոքի՝ 2։2 խաղաց Իսլանդիայի հավաքականի հետ։

Վեցերորդ տուրում երկու օրից Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելու է խմբի հետնապահին՝ Լիխտենշտեյնի թիմին, իսկ հաջորդ հանդիպումը կանցկացնի մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, երբ կհյուրընկալվի Իսլանդիայի ընտրանուն։

«Առաջին հերթին պետք է շատ արագ վերականգնվել հոգեբանորեն, ֆիզիկապես, կարծում եմ, խնդիր չկա, կհասցնեն վերականգնվել, բայց գլխավոր հարցը հոգեբանորեն ինչպես կկարողանան այս պարտությունից հետո խաղալ տղաները: Թվում է` մրցակիցը հետնապահն է` միակ թիմը, որ միավոր չի վաստակել, բայց շատ ծանր է լինելու: Մենք ամեն դեպքում կարծում եմ` կհաղթենք, բայց հեշտ չի տրվի այդ հաղթանակը», - նշում է Էդուարդ Քալանթարյանը:

XS
SM
MD
LG