Մատչելիության հղումներ

Կապառոսը ներողություն է խնդրում երկրպագուներից Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն խոշոր հաշվով պարտվելու համար


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներողություն է խնդրում երկրպագուներից երեկ երեկոյան Երևանում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն խոշոր՝ 0-5 հաշվով պարտվելու համար:

«Մենք խանդավառությամբ էինք մոտեցել հանդիպմանը, ուզում էինք ուրախացնել մեր մարզասերներին, սակայն խաղը չստացվեց, առաջին իսկ րոպեից թիմը լավ չխաղաց», - նշեց Կապառոսը:

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլը 3 հաղթանակով մեկնարկելուց հետո հավաքականը հաջորդ 6 խաղերում չհաղթեց՝ դրանցից 3-ում պարտվելով։ Հյուսիսային Մակեդոնիայի հարկի տակ անցկացված խաղը սեպտեմբերին ոչ -ոքի էր ավարտվել։

Այս հավաքականի հետ Հայաստանի ընտրանին բազմիցս է խաղացել, խոշոր հաշվով հաղթելու փորձ էլ ունի, երկրպագուները այնքան դժգոհ էին երեկվա խաղից, որ մարզադաշտի հարևանությամբ դուդուկի մելամաղձոտ երաժշտություն էին միացրել:

Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնության որակավորման փուլից դուրս գալու պատմական շանս ունենալով անհաջող խաղերից հետո արդեն զրկվել է պայքարը շարունակելու հնարավորությունից, հավաքականը վաստակած 12 միավորով 4-րդն է խմբում, հաջորդ փուլ դուրս գալու համար, մինչդեռ, անհրաժեշտ էր մրցաշարը երկրորդ տեղում ավարտել։

Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի խոսքով՝ այժմ վերլուծելու են իրենց խաղն ու ինքնաքննադությամբ են զբաղվելու։ Ծանր պարտությունից հետո երկու օր անց Հայաստանի հավաքականը կրկին Երևանում խմբի առաջատար Գերմանիայի ընտրանուն է ընդունելու, որը երեկ Լիխտեյնշտեյնի դեմ խաղում 9 գոլ է խփել:

«Պետք է հասկանանք՝ տղաներից ովքեր են հոգեբանորեն ուժեղ, որոնք կկարողանան Գերմանիայի դեմ խաղալ», - ասաց Կապառոսը:

Մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը պարտության պատճառների մասին խոսելիս ասում է՝ Հայաստանի հավաքականի մոտ դրվագների իրացումը չէր ստացվում, գրոհների եզրափակումն էր կաղում, մինչդեռ Հյուսիսային Մակեդոնիան կարողացավ իր դրվագները գոլերով ավարտել:

«Փաստացի, երբ որ գնդակը մեզ մոտ էր, իրենք չեն կարողանում սրություն մտցնել այդ գրոհում՝ մի եզրից ուղարկում էին մյուսը, մյուսից՝ մյուսը, Հովհաննես Համբարձումյանն էլ մի քանի հատ շատ կտրուկ ֆանտաստիկ երկար փոխանցումներ էր անում դեպի Կամոն: Ոնց որ ինքը չունի շարունակություն. երբ որ տարան եզր, վտանգավոր պահ ա, պետք ա տուգանային հրապարակի մոտ արդեն միանան, այդտեղ բավական քանակի ֆուտբոլիստ չունենք, ճիշտ դիրքում ֆուտբոլիստ չունենք», - նշեց մեկնաբանը:

Հավաքականի առաջիկա մրցակցի հետ սեպտեմբերին Շտուտգարդում կայացած խաղն ավարտվել էր տան տերերի՝ 6-0 հաշվով հաղթանակով։ Գերմանիան արդեն ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում։

Ղազարյանի կարծիքով՝ Գերմանիայի հետ կիրակի կայանալիք խաղում Խոակին Կապառոսը փորձարկումներ է անելու. «Հնարավոր է որոշ դիրքերում այնպիսի ֆուտբոլիստներ խաղան, ովքեր միշտ չէ, որ մեկնարկային կազմում են հայտնվում: Կարծում եմ, այո, նմանատիպ փոփոխություններ կլինեն, իսկ թե դա ի՞նչ արդյունք կտա, դժվար է ասել»:

Մարզական լրագրողը հավաքականի վերջին պարտություններում գլխավոր մարզիչի մեղքը չի տեսնում, Գևորգ Ղազարյանի կարծիքով, Կապառոսը մեծ ներդրում ունի Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

Բազմաթիվ զայրացած երկրպագուներ, մինչդեռ, երեկվա խաղից հետո Հայաստանի ընտրանին մոտ 2 տարի մարզող իսպանացու հրաժարականն են պահանջում, փորձեցինք ճշտել՝ քննարկվո՞ւմ է արդյոք այդ հարցը Ֆուտբոլի ֆեդերացիայում, ՀՖՖ-ից, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեցին։

XS
SM
MD
LG