Մատչելիության հղումներ

Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ. բանակցությունները կմեկնարկեն վաղը


Ռուս-ուկրաինական նախորդ փուլի բանակցությունները, Բելառուս, արխիվ
Ռուս-ուկրաինական նախորդ փուլի բանակցությունները, Բելառուս, արխիվ

Բելառուսում անցկացված երկու դեմ առ դեմ հանդիպումներից հետո ռուսական և ուկրաինական պատվիակությունները բանակցային սեղանին ևս մեկ անգամ կնստեն Թուրքիայում: Նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել՝ պայմանավորվելով ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում: Այնտեղ հանդիպելու տարբերակը ավելի վաղ ևս քննարկվում էր, բայց կողմերը նախընտրել էին հանդիպել բելառուսական սահմանին։

Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան հաստատել էր այս լուրը՝ հայտարարելով, որ մարտի 29-30-ին կլինեն Ստամբուլում: Հայտնի է, որ ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, օրվա վերջին կժամանեն նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, իսկ բուն բանակցությունները կմեկնարկեն վաղը Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է գնահատել Թուրքիայում դեմ առ դեմ հանդիպելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ ստամբուլյան բանակցություններով նոր փուլ է սկսվում, իրենք խաղաղություն են ուզում և արդյունք են ակնկալում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս այսօր ասել է՝ սպասում են, որ Ստամբուլում կայանալիք բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե դեմ առ դեմ բանակցություններ սկսելու որոշումն ինքնին կարևոր է:

Նախօրեին կայացած հեռախոսազրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ասել է, որ Անկարան շարունակելու է ջանքերը Ուկրաինայում հրադադարի անհապաղ հաստատման և հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ Թվիթերում գրել է՝ լիահույս են, որ Թուրքիայի նախագահի նախաձեռնության արդյունքում Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների առաջիկա հանդիպումը կայուն հրադադարի շուրջ համաձայնությամբ կավարտվի՝ առիթ ստեղծելով խաղաղության համար: Երեկ Չավուշօղլուն նաև հեռախոսազրույցներ էր ունեցել ռուս և ուկրաինացի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ:

Ռուս-ուկրաինական պատերազմի ամենասկզբից Անկարան ձգտում է միջնորդ դառնալ Մոսկվայի ու Կիևի միջև: Այս համատեքստում Թուրքիայի դիվանագիտական ջանքերով հնարավոր դարձավ հակամարտող կողմերի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպել մարտի 10-ին Անթալիայում: Չնայած այդ բանակցությունները որևէ էական արդյունք չտվեցին, թուրքական կողմը ինքնին հանդիպման փաստը մեծ հաջողություն էր համարել: Միևնույն ժամանակ Անկարան ձգտում է իր հարկի տակ հյուրընկալել Պուտին-Զելենսկի հանդիպումը և այդ մասին բազմիցս հայտարարել է ամենաբարձր՝ նախագահի մակարդակով: Շաբաթավերջին էլ Դոհայում Թուրքիայի արտգործնախարարը խոսեց այս մասին։

«Մենք ձգտում ենք փոխզիջման համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել: Այդ պատճառով պետք է անկեղծ լինենք որպես միջնորդ, և ճիշտ չի լինի ասել, թե մի կողմը շատ քայլ է արել, մյուսը՝ ոչ: Բոլորն էլ գիտեն կողմերի տեսակետները: Մեր գործն է աջակցել երկու կողմին էլ այս գործընթացից հաջողությամբ դուրս գալու ճանապարհ գտնելու համար: Ի վերջո, որոշում կայացնողները առաջնորդներն են` երկու նախագահները՝ Պուտինը և Զելենսկին: Այդ պատճառով էլ մենք ձգտում ենք կազմակերպել կողմերի հանդիպումը», - նշել է նա:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր սերբական լրատվամիջոցների օնլայն ասուլիսում հայտարարել է, որ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումից:

«Նա սկզբունքորեն կարևոր է համարում, որ այդ հանդիպումները լավ նախապատրաստված լինեն: Հիմա Ուկրաինայում այնպիսի ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, ներուկրաինական կոնֆլիկտը այնքան երկար էր հասունանում, այս տարիների ընթացքում այնքան խնդիրներ են կուտակվել, որ պարզապես հանդիպել ու մտքեր փոխանակելը արդյունավետ չի լինի», - նշել է նա:

Ու չնայած այս հայտարարություններին՝ Կրեմլի խոսնակն այսօր ասել է, որ երկու առաջնորդների հանդիպման հարցում որևէ առաջընթաց չկա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG