Մատչելիության հղումներ

Պուտինը մինչև մարտի 31-ը հաշվետվություն է պահանջել գազի դիմաց ռուբլով վճարումների վերաբերյալ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» հանձնարարել է մինչև մարտի 31-ը հաշվետվություն ներկայացնել, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարումների վերաբերյալ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքէջում։

Հաղորդագրությունում նշված է, որ նախագահ Պուտինը պահանջել է այդ հարցով զեկույց ներկայացնել ամեն ամիս:

Անցած օրերին նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրները այսուհետ պետք է ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնեն։ Այսկերպ Մոսկվան փորձում է ամրապնդել ռուբլու փոխարժեքը, որը սկսել է գահավիժել Կենտրոնական բանկի ակտիվների զգալի մասի սառեցման ֆոնին։

Արևմտյան երկրները, սակայն, առայժմ պատրաստակամություն չեն հայտնել հետևելու Կրեմլի ղեկավարի պահանջին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, հայտարարել է, որ գործող պայմանագրերով վճարումները դոլարով կամ եվրոյով են սահմանված։

Սլովենիայի վարչապետ Յանզեկ Յանշան էլ պնդել է, որ Եվրոպայում նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ տեսք ունի ռուսական ռուբլին։ Ներկայում, «Գազպրոմի» համաձայն, ռուսական գազը շարունակում է նույն ծավալով անխափան մատակարարվել սպառողներին, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքով։

XS
SM
MD
LG