Մատչելիության հղումներ

Չեզոք կարգավիճակի, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցում Կիևը պատրաստ է գնալ փոխզիջման. Զելենսկի


Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցում Կիևը պատրաստ է գնալ փոխզիջման, երեկ կրկին հայտարարել է նախագահ Զելենսկին, այս անգամ՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ավելի քան մեկ ամիս ռուսական բանակի դեմ պատերազմող երկրի ղեկավարը միաժամանակ պնդել է՝ Կիևը նման գործընթաց կսկսի միայն այն դեպքում, եթե Կրեմլը սկսի դուրս բերել զորքերը։ Միաժամանակ, Զելենսկին նշել է՝ գոնե այս փուլում համաձայն է, որ ռուսական կողմը թողնի զորքերը մինչև փետրվարի 24-ը ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում:

«Ես հասկանում եմ, որ անհնար է ստիպել Ռուսաստանին ամբողջությամբ ազատել տարածքը, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի… Ուստի ես ասում եմ՝ սա փոխզիջում է․ վերադարձեք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, և այնտեղ մենք կփորձենք լուծել Դոնբասի բարդ հարցը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին կեղծ է որակել հայտարարությունները, որ Ուկրաինան պատրաստվում էր հարձակվել Դոնբասի վրա, և հիշեցրել է, որ 2019 թվականից սկսած բոլոր հնարավոր միջոցներով փորձել է Կրեմլին փոխանցել այն միտքը, որ Կիևը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել ոչ Ղրիմը, ոչ էլ Դոնբասը։

Սա պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի նախագահի առաջին հարցազրույցն էր ռուսական անկախ լրատվամիջոցներին։

«Դոժդ»-ի, «Նովայա Գազետա»-ի, «Մեդուզա»-ի և «Կոմերսանտ»-ի հետ ավելի քան մեկուկես ժամանոց հարցազրույցում Զելենսկին նաև խոսել է պաշարված Մարիուպոլում տիրող ողբերգական իրավիճակի, ուկրաինական մարտերի ժամանակ զոհված հազարավոր ռուս զինծառայողների դիակների նկատմամբ ռուսական ռազմական հրամանատարության, իր խոսքով, ոչ հարիր վերաբերմունքի մասին։

Մարիուպոլ
Մարիուպոլ

Ռուսաստանի իշխանությունները դեռևս մինչև հարցազրույցի հրապարակումը հայտարարել էին, որ «իրավական գնահատական կտան Ուկրաինայի նախագահի հայտարարությունների բովանդակությանը և դրանց հրապարակման փաստին»։ Իսկ «Ռոսկոմնադզոր»-ը նախազգուշացրել է լրատվամիջոցներին զերծ մնալ այն հրապարակելուց, ընդգծելով՝ «զրույցում ներգրավված լրատվամիջոցների առնչությամբ հետաքննություն է սկսվել»։

Ռուսական իշխանությունները շարունակում են արգելափակել բոլոր այն լրատվամիջոցները, որ ներկայացնում են կառավարության քաղաքականությունից տարբերվող տեղեկություն, այդ թվում՝ ռեգիոնալ կայքերը, «Ազատության» այլ, ոչ ռուսական ծառայության կայքերը, և նույնիսկ «Մասյանյա» հայտնի մուլտսերիալի 160-րդ թողարկումը, որը պատմում է Պուտինի և Ուկրաինայում պատերազմի մասին։

Չնայած Ռուսաստանի իշխանությունների արգելափակմանը Ուկրաինայի նախագահի երեկվա հարցազրույցը տարբեր հարթակներում արդեն առնվազն մի քանի միլիոն մարդ է դիտել։

Ռուսաստանը շարունակում է նաև տնտեսական դիմադրությունը Արևմուտքի պատժամիջոցներին

ՌԴ իշխանությունները շարունակում են նաև տնտեսական դիմադրությունը Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքի սահմանած չափազանց կոշտ պատժամիջոցներին։ Այսօր նախագահ Պուտինը կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմ»-ին հանձնարարել է մինչև մարտի 31-ը զեկույց պատրաստել, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները արտաքին արժույթից ռուբլու փոխելու վերաբերյալ։

Անցած շաբաթ Պուտինը ասել էր, որ եվրոպական երկրները, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ստիպված կլինեն գազի դիմաց ռուսական ռուբլով վճարել։ Այս քայլը նպատակ ունի ամրապնդել ռուբլու փոխարժեքը արևմտյան պատժամիջոցների պայմաններում, երբ Կենտրոնական բանկի ակտիվների զգալի մասը արևմտյան երկրներում սառեցված է։ Եվրոպական երկրները, սակայն, դեռ չեն հայտարարել, որ պատրաստ են գազի դիմաց ռուբլով վճարել, մյուս կողմից, մի շարք եվրոպական երկրներ և առաջին հերթին հզոր տնտեսությամբ Գերմանիան այսօր ի վիճակի չէ հրաժարվել ռուսական գազից։

Կրեմլի խոսնակ Դմիտի Պեսոկովն այսօր հայտարարել է, թե եթե եվրոպական երկրները հրաժարվեն ռուբլով գնել ռուսական գազը, Ռուսաստանը պարզապես գազը կվաճառի Արևելքին: Մոսկվան շարունակ պնդում է, թե Արևմուտքը մեծ աշխարհի միայն մի փոքրիկ մասն է, և Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն մեկուսացրել երկիրը, Ռուսաստանը այսօր էլ բազմաթիվ գործընկերներ ունի։

«Ռուսաստանն աշխարհում ունի հսկայական թվով գործընկերներ, որևէ մեկուսացման մասին խոսք լինել չի կարող։ Արևմուտքը միշտ էլ պատժամիջոցների պատճառ կգտնի, նրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության զարգացումը զսպելն է», - հայտարարել է Սերգեյ Լավրովը։

ԵՄ երկրները փորձում են նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելի հաշվարկներով, եվրոպական երկրներն առաջիկա երկու տարում կարող են հրաժարվել ռուսական վառելիքից: Մինչ այդ, եվրոպական երկրները փորձում են դիվերսիֆիկացնել ներկրման աղբյուրները և նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ բանակցություններ վարելով Ադրբեջանի, Քաթարի ու էներգակիրներով հարուստը այլ երկրների հետ։

Ուկրաինայի նախագահը, մինչդեռ, արևմտյան առաջնորդներից ավելին է ակնկալում՝ ամբողջական էներգետիկ էմբարգո և ավելի ծավալուն ռազմական օգնություն։ Զելենսկին իր բազմաթիվ հարցազրույցներում և ուղերձներում շեշտում է, թե գնելով ռուսական գազ՝ եվրոպացիները ֆինանսավորում են ուկրաինական քաղաքների հրթիռակոծումը:

Economist-ին տված հարցազրույցում Զելենսկին, մասնավորապես, սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցություն չցուցաբերելու համար, նշելով, թե վերջինս վախենում է Ռուսաստանից։ Իսկ ամենաակտիվը օգնության հարցում, Զելենսկու կարծիքով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG