Մատչելիության հղումներ

The Times․ «Ուկրաինական բանակի սպառազինությունը սպառվում է, եվրոպացիները Կիևին օգնել չեն շտապում»


«Ուկրաինական բանակի սպառազինությունը սպառվում է», - գրում է լոնդոնյան The Times պարբերականը՝ պնդելով, որ Կիևի եվրոպական դաշնակիցները չեն շտապում լրացնել ուկրաինական ԶՈւ-ի կորուստները։

«Անցած շաբաթ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ ուկրաինական բանակը երկու շաբաթ ունի մինչև զենիթային և հակատանկային զինատեսակների ամբողջական սպառումը։ Բրիտանական թերթի տեղեկություններով, այս մասին Կուլեբան հայտնել է մարտի 15-ին Լվովում Ուկրաինացիների համաշխարհային կազմակերպության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Այդ օրվանից իրադրությունը մասնակիորեն է բարելավվել», - նշել են թերթի զրուցակիցները։

«Կիևի հիմնական դժգոհությունը վերաբերում է Գերմանիայի և Ֆրանսիայի պահվածքին, որոնք չեն կատարում Ուկրաինային զենք տրամադրելու՝ նախկինում տրված խոստումը», - The Times-ի թղթակցին ասել է Ուկրաինացիների համաշխարհային կազմակերպության նախագահ Փոլ Գրոդը։

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս խնդրի մասին խոսել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարների հետ անցած շաբաթ կայացած հեռավար հանդիպման ժամանակ», - գրում է թերթը՝ պնդելով, թե, ըստ Զելենսկու, ուկրաինական կողմը 20 ժամում սպառում է Արևմուտքից ստացված սպառազինության շաբաթական չափաբաժինը։

Ուկրաինական կողմի հիմնական պահանջները վերաբերում են օդային թիրախների և տանկերի դեմ պայքարի համար նախատեսված շարժական միջոցներին՝ Stinger-ներին և Javelin-ններին։

Նման իրավիճակում Մեծ Բրիտանիայի վարչապետը վաղը Բրյուսելում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պատրաստվում է օրակարգ մտցնել այս հարցը՝ դաշնակիցներին հորդորելով մեծացնել Ուկրաինային մատակարարվող սպառազինության ծավալները։ Հարկ է նկատել սակայն, որ պատերազմի չորս շաբաթների ընթացքում եվրոպացիները Կիևին բավական լուրջ քանակի սպառազինություն են տրամադրել։ Գերմանիան, օրինակ, վերջին շաբաթներին Ուկրաինային 1000 հակատանկային նռնականետ և 500 Stinger է փոխանցել։ Լոնդոնն իր հերթին ուկրաինական բանակին շուրջ 4000 նոր սերնդի շվեդա-բրիտանական արտադրության հակատանկային նռնականետ (NLAW) է փոխանցել։

The Times-ի պնդմամբ, արևմտյան սպառազինության մատակարարումներում առկա խնդիրները ծագել են այն պարզ պատճառով, որ եվրոպական մայրաքաղաքներում չէին սպասում, որ լայնածավալ պատերազմը կարող է այսքան երկար տևել։ «Արևմուտքում ենթադրում էին, որ այս փուլում պետք է շատ ավելի սահմանափակ ծավալի պարտիզանական շարժման աջակցեն», - գրում է թերթը։

Մինչդեռ լայնածավալ պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, այսօր ռազմական գործողությունների 28-րդ օրն է։ Ռուսական բանակը հաղորդում է երեկ երեկոյան և անցած գիշեր Ուկրաինային ողջ տարածքում գտնվող մի շարք թիրախներին հասցված հերթական հրթիռային հարվածների մասին։

Ռուսական մի շարք աղբյուրների փոխանցմամբ, հարվածները իրականացվել են «Բաստիոն» և «Կալիբր» տեսակի հրթիռներով Սև ծովի ավազանից։

«Մարտի 23-ի երեկոյան, բարձր ճշգրտության ծովային տեղակայման զենքերի կիրառմամբ, հարված է հասցվել Ռովնո քաղաքից 14 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Օրժև բնակավայրի հարևանությամբ տեղակայված զինապահեստին։ Հարվածի հետևանքով ուկրաինական բանակի սպառազինության և տեխնիկայի խոշոր զինանոց է ոչնչացվել։ Այստեղ էին պահվում նաև արևմտյան պետություններից ստացված զինատեսակներ։ Վերջին մեկ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը ուկրաինական ռազմական ենթակառույցների 97 օբյեկտ են խոցել։ Դրանց թվում են Կիևի հյուսիսային արդյունաբերական գոտում գործող երկու «Տոչկա Ու» կայանք, ինչպես նաև վեց Բուկ-Մ1, մեկական S 300 և «Օսա» կայանքներ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Ուկրաինական կողմի տեղեկություններով, անցած գիշեր և այսօր ողջ օրվա ընթացքում ճակատային գծի երկայնքով տակտիկական մարտեր են շարունակվել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչի խոսքով, կատաղի մարտեր էին հատկապես Մարիուպոլում։ Բացի դրանից, ռուսական հրամանատարությունը սկսել է լուրջ ուշադրություն դարձնել Կիևից հյուսիս գտնվող Չերնիգով մարզկենտրոնի վրա։

«Չերնիգովն այն քաղաքն է, որ թշնամին փորձում է նոր Մարիուպոլի վերածել։ Քաղաքում դադարեցված են ջրի, գազի և էլեկտրականության մատակարարումները։ Չնայած դրան, քաղաքի պաշտպանությունը շարունակվում է, գործում են մարդասիրական և ռազմական նշանակության միջանցքները», - հայտարարել է Արեստովիչը։

Նշեմ սակայն, որ Կիևից հնչող այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական օդուժը ռմբակոծել և շարքից հանել է Կիև-Չերնիգով մայրուղու վրա գտնվող խոշորագույն կամուրջներից մեկը։

XS
SM
MD
LG