Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայում կալանքի տակ են հայտնվել 21 զբոսանավեր, որոնք կարող են պատկանել ռուսաստանցի մեծահարուստներին


Аксиома զբոսանավը, որը, ենթադրաբար, պատկանում է ռուս միլիարդատեր Դմիտրի Պումպյանսկուն, Ջիբրալթարի նավահանգիստ, 21 մարտի, 2022թ.
Аксиома զբոսանավը, որը, ենթադրաբար, պատկանում է ռուս միլիարդատեր Դմիտրի Պումպյանսկուն, Ջիբրալթարի նավահանգիստ, 21 մարտի, 2022թ.

Ֆինլանդիայի մաքսային ծառայությունը կալանքի տակ է վերցրել 21 թանկ զբոսանավեր, որոնք, ենթադրաբար, պատկանում են Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանցի մեծահարուստներին: Այդ տեղեկությունը հրապարակել է Helsingin Sanomat պարբերականը:

Եթե մաքսային ծառայությունները պարզեն, որ նավերն իսկապես պատկանում են պատժամիջոցների ցանկում գտնվող ռուս մեծահարուստներին, ապա պարտքերի հավաքագրման տեղական գործակալությունները կարող են ընդունել նավերի վրա արգելանք դնելու որոշում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ջիբրալթարում կալանքի տակ է վերցված "Аксиома" անվամբ շքեղ զբոսանավը, որը, ենթադրաբար, պատկանում է Եվրամիության սանկցիոն ցուցակում ներառված միլիարդատեր Դմիտրի Պումպյանսկուն:

Բացի այդ, ըստ Reuters-ի, Շվեյցարիայում արգելանք է դրվել Բերնում գոլֆի սիրահարների հանգստավայրում 3-սենյականոց թանկ բնակարանի վրա, որը, ենթադրաբար, պատկանում է "Альфа-банк"-ի տնօրենների խորհրդի նախկին ղեկավար, միլիարդատեր Պյոտր Ավենին: Վերջինս մարտի 1-ին ազատել է բանկի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնն այն բանից հետո, երբ պատժամիջոցների է ենթարկվել Եվրամիության կողմից:

2021 թվականին Ավենի սեփականությունը գնահատվել է 5 միլիարդ դոլար, և նա 30-րդ տեղն է գրավել ռուսաստանցի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Սանկցիաների ենթարկված ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի զբոսանավերն այժմ ուղևորվում են դեպի Թուրքիա:

XS
SM
MD
LG