Մատչելիության հղումներ

Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ուրիշներ՝ սանկցիաների ենթարկվածների ցանկում


Սերգեյ Լավրովը, Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը՝ նրա նախագահության օրոք, արխիվ
Սերգեյ Լավրովը, Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը՝ նրա նախագահության օրոք, արխիվ

Ռուսաստանը պնդում է, որ կհաղթահարի պատժամիջոցները:

Եվրոպական միությունը երեկ պաշտոնապես հաստատել է կոշտ անձնական և սեկտորալ պատժամիջոցների փաթեթը, որում ընդգրկվել է 670 ֆիզիկական և 113 իրավաբանական անձ:

Առաջին անգամ պատմության ընթացքում ֆիզիկական անձանց ցանկում Ռուսաստանի պետական լիդերներն են՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, արտաքին և ներքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Պատժամիջոցների են ենթարկվել նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում` Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների ճանաչման օգտին խորհրդարանում քվեարկած օրենսդիրներ, ինչպես նաև Բելառուսի բանակի հրամանատարներ:

Ի դեպ, այսօր նույն սանկցիաներն է հաստատել նաև Միացյալ Նահանգները: Պուտինի նկատմամբ անձնական սանկցիաներ են հայտարարել Կանադան և Մեծ Բրիտանիան:

Եվրոպական միությունը, որպես կանոն, զերծ է մնում պետության ղեկավարների նկատմամբ պատժամիջոց սահմանելուց, բացառություն է արվում միայն առանձին դեպքերում: Օրինակ, ժամանակին Եվրամիությունը սանկցիաների է ենթարկել Սիրիայի և Բելառուսի նախագահներ Բաշար ալ-Ասադին և Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Պատժամիջոցները կարող են ենթադրել վիզաների արգելք և ֆինանսական միջոցների սառեցում:

Երեկվա ցուցակում հայտնվածները Եվրոպական միության տարածք այցելելու հնարավորությունից չեն զրկվել, բայց եթե եվրոպական բանկերում հայտնաբերվեն նրանց ավանդները՝ դրանք կսառեցվեն:

Առավել խիստ են առանցքային ավելի քան 60 կառույցների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության և պետական այլ հիմնարկների ու վարչությունների, ինչպես նաև ավիացիայի, էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսական սեկտորների և Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի կարևոր հիմնարկների նկատմամբ սահմանված արգելքները:

Ցուցակում են "Оборонпром"-ը, "Рособоронэкспорт"-ը, "Сухой" և "Туполев" ընկերությունները, "Прогресс" հրթիռային-տիեզերական կենտրոնը, "Калашников", "Ростех", "Алмаз-Антей", "Уралвагонзавод", "Камаз", "Совкомфлот", "Севмаш", "Ростех-Азимут" միավորումները, Ռուսական երկաթուղիները, Նավաշինական միացյալ ընկերությունը:

Եվրամիությունը սահմանափակում է այդ կառույցների մուտքը կապիտալի շուկա, ֆինանսական ծառայությունների մատուցումը, առևտուրը, տեխնիկական օգնությունը, տեխնոլոգիաների տրամադրումը և երկակի նշանակության արտադրանքի փոխանցումը:

Արգելքը տարածվում է նաև ափամերձ անդրջրյան գոտիներում և բևեռային լայնություններում նավթ և գազ արդյունահանող ընկերությունների վրա:

Սահմանափակումների ցուցակում են Ռուսաստանի ֆինանսական հաստատությունները՝ Կենտրոնական բանկը, "Альфа-банк"-ը, "Открытие"-ն, "Россия"-ն, "Промсвязьбанк"-ը, որոնք այլևս չեն կարողանա տեղադրել, վաճառել կամ որևէ ալ կերպ օգտագործել ապրիլի 12-ից հետո թողարկված արժեթղթերը և ֆինանսական այլ ակտիվները:

Բացառություն կարվի միայն փոքր և միջին ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը և առողջապահությանը սատարելու, ինչպես նաև մարդասիրական կարիքների նպատակով տրամադրվող ներդրումների համար:

Եվրոպական բանկերը պարտավորվում են պատկան մարմիններին տարին մեկ անգամ հայտնել 100 հազար եվրո գերազանցող ռուսաստանյան ֆիզիկական կամ իրավաբանական անձերի ավանդների մասին:

Բացի այդ, վերահսկվելու են Եվրոպական միության տարածքում քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք ունեցող Ռուսաստանի քաղաքացիների՝ 100 հազար եվրոն գերազանցող ավանդները և արժեթղթերը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ պատժամիջոցները միանգամայն կանխատեսելի էին, և Ռուսաստանը նախապես պատրաստվել է ու կկարողանա նվազեցնել դրանց բացասական ազդեցությունը: Նա ասել է նաև, որ Մոսկվան անպայման պատասխան պատժամիջոցներ կսահմանի:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել պատժամիջոցների մասին լուրին, ասելով, որ ինքը, «մեղմ ասած, անտարբեր է դրանց նկատմամբ»: Նա հավատացրել է, որ արտասահմանում ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքի անդամները բանկային հաշվեհամար չունեն:

Մեդվեդևը պնդել է, որ «սանկցիաները միֆ են, ֆիկցիա, դրանք ընդունվում են քաղաքական իմպոտենցիայից, որն առաջացել է Ռուսաստանի վարած կուրսը փոխելու Արևմուտքի անկարողությունից»:

Մինչդեռ, Արևմուտքը բնավ չի բացառում SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը, ինչն առնվազն երկարատև «իմպոտենցիա» կառաջացնի Ռուսաստանի ֆինանսական համակարգում:

XS
SM
MD
LG