Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը


Եվրամիության կենտրոնակայանը, արխիվ, Բրյուսել:
Եվրամիության կենտրոնակայանը, արխիվ, Բրյուսել:

Եվրոպական միությունը հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:

Սանկցիաներն ուժի մեջ կմտնեն Եվրամիության Պաշտոնական հանդեսում հրապարակվելու պահից:

Այդ մասին հայտնել է Եվրամիությունում հերթագայության կարգով նախագահող Ֆրանսիան: Հաղորդագրությունը տեղադրվել է Եվրոպական միության խորհրդի Թվիթերի էջում:

Պատժամիջոցների չորրորդ փաթեթում ներառված են Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի հետ առնչություն ունեցող մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ:

Եվրամիությունը նաև համաձայնեցրել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հասցեագրված նամակը, որով կոչ է անում սառեցնել Ռուսաստանին ժամանակին շնորհված «առևտրի իրականացման առավել բարենպաստ ռեժիմը»:

Նամակում կա նաև ԱՀԿ-ին անդամակցելու Բելառուսի դիմումի քննարկումը սառեցնելու կոչ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունում մի անանուն աղբյուր հայտնել է, որ նոր պատժամիջոցները կարող են տարածվել «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» ընկերությունների վրա:

Բացի այդ, սահմանվում են պատժամիջոցներ մի շարք գերհարուստ գործարարների, այդ թվում Ռոման Աբրամովիչի նկատմամբ:

Քննարկման փուլում են պատժամիջոցներ ավիացիայի և նավաշինության ասպարեզում գործող ռուսական խոշոր ընկերությունների նկատմամբ:

Բացի այդ, լրացուցիչ սանկցիաներ են ծրագրվում ռուսական բանկերի, մետալուրգիայի և էներգետիկայի նկատմամբ:

XS
SM
MD
LG