Մատչելիության հղումներ

Ապօրինի որդեգրումների գործը՝ 73 հատոր նախաքննական նյութերով գնում է դատարան


Ապօրինի որդեգրումների աղմկոտ քրեական պատմությունը՝ 73 հատոր նախաքննական նյութերով գնում է դատարան. կողմերը մինչև ապրիլի վերջը ժամանակ են ստացել նյութերին ծանոթանալու համար: 11 հոգի մեղադրվում է երեխաների առքուվաճառքի մեջ:

«9-ը ներգրավված են եղել նորածինների խնամքը հանձնելու նպատակով վաճառքի համար կազմակերպված խմբի կազմում, մյուս երկու մեղադրյալները արդեն իրենց պաշտոնական լիազորությունների չարաշահումների հետ կապված են ներգրավված որպես մեղադրյալ», - ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը:

Քննչական կոմիտեի ավագ քննիչն ասում է՝ Հայաստանից Իտալիա որդեգրված 20 երեխաների մասով է նախաքննությունն ավարտվել:

Երեխաների ապօրինի որդեգրման սկանդալը պայթեց 2019-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի գործընթացներով Իտալիա են որդեգրվել տասնյակ փոքրիկներ։ Նկարագրված էին մի քանի սխեմաներ. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, արտերկիր են որդեգրվել առողջական կեղծ փաստաթղթերով նաև առողջ փոքրիկներ, այնինչ տարիներ շարունակ որդեգրել ցանկացող հայաստանցիները որդեգրման բազայում առողջ երեխաներ չէին գտնում։ Ի՞նչ է պարզվել քննության ընթացքում, ըստ քննիչ Կիրակոսյանի, հանցավոր խումբ է գործել:

«Խմբի անդամները գործել են փոխկապակցված՝ անկախ նրանից, որ աշխատել են տարբեր կառույցներում», - ասաց Կիրակոսյանը:

Սոցապի, Արդարադատության նախարարության, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը՝ իր մի քանի բժիշկների հետ, «Մանկան տան» նախկին տնօրենը և Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանն են մեղադրյալների թվում:

Անուշ Գարսանցյանն, ըստ քննիչի, հանցավոր խմբի ղեկավարն է՝ ողջ պրոցեսը, ասում է՝ նա է նախաձեռնել՝ իտալացիներին երեխային ներկայացնելուց մինչև որդեգրման գործընթացի ավարտ: 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից մեկ միլիոն 700 հազար եվրո է ստացել:

«Չարդարացված օգուտները, տվյալ դեպքում քանի որ խոսք է գնում առանձնապես խոշոր չափերով գումարների մասին, դրանք դիտարկվում են որպես չարդարացված օգուտներ», - ասաց Տիգրան Կիրակոսյանը:

«Գումարները նախատեսված են յոթ տարիների աշխատանքի համար, դրանք ծախսերի փոխհատուցումն են», - նշեց Անուշ Գարսանցյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Գարսանցյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասում է՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, այս գործը ոտքից գլուխ փուչիկ է համարում: Ինչպե՞ս կարող էր Գարսանցյանը որդեգրման հանցավոր խումբ ղեկավարել, եթե օտարերկրյա որդեգրումը անհաշվելի ատյաններով է անցնում:

«Անուշ Գարսանցյանը կառավարության ղեկավարին էր ղեկավարո՞ւմ, իրենց տրամաբանությամբ եմ ասում: Չէ՞ որ որդեգրումը ի վերջո կառավարության որոշմամբ, վարչապետի ստորագրությամբ է հաստատվում, այնուհետև գնում է դատարան», - ընդգծեց փաստաբանը:​

Ավելի վաղ Անուշ Գարսանցյանն էր «Ազատությանը» իր վրդովմունքը հայտնել. «Ուրեմն մեր երկրում այդպիսի բարձիթողի վիճակ էր, որ երեխաներին հիվանդանոցից վերցնում, տանում էինք աերոպորտ, վաճառում էինք, իտալացի գնորդն էլ գալիս էր։ Ու սենց մեր երկիրը ընդհանրապես խաբար չունե՞ր»:

Ի դեպ՝ Անուշ Գարսանցյանն այժմ էլ որդեգրման իտալական գործակալությունների ներկայացուցիչն է Հայաստանում։ Քրեական այս պատմության մեջ առանցքային մեղադրյալ է մնում Ռազմիկ Աբրահամյանը: Նրա փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը հիմա փոխվել է՝ Աբրահամյանը, ըստ քննության նյութերի, վաղաժամ ծննդաբերություններ է կազմակերպել, որ երեխաները առողջական խնդրով ծնվեն ու Հայաստանի որդեգրողները նրանցով չհետաքրքրվեն: «Աբսուրդ», -ասում է փաստաբան Դիլբանդյանը:

«Այսինքն այդ խնդիրները ունենալու պատճառով այդ երեխաները որդեգրվել են ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, այլ որդեգրվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից, անհասկանալի մեղադրանք», - ասաց փաստաբանը:​

Ըստ Դիլբանդյանի, 8 կանայք են ցուցմունք տվել, նրանցից 7-ը տարիներ առաջ ծննդաբերած միայնակ մայրեր են, մարզից Երևան ուղեգրված վաղաժամ ծննդաբերության ցուցումով: Աբրահամյանն ինչպե՞ս կանխեր ծննդաբերությունը, հարցնում է փաստաբանը: 8 դեպքերում էլ կանայք երեխաներից հրաժարվել են կամ նրանց առողջական խնդիրների պատճառով, կամ էլ ընտանեկան հանգամանքներ են եղել, պնդում է Դիլբանդյանը:

«Իրենց հրաժարականների հիմքում դրել են այն բանը, որ «չամուսնացած ենք, միայնակ մայր ենք, հղիության մասին ոչ ոք չգիտի, նույնիսկ մեր ծնողները»​, - ասաց Սամվել Դիլբանդյանը:

Քննիչ Կիրակոսյանը շեշտում է՝ նորածինների առողջական վիճակը ավելի ծանր է ներկայացվել, որպեսզի ծնողը նրանից հրաժարվի, հայ որդեգրողները հրաժարվեն ու ի վերջո երեխան տրվի օտարերկրյա որդեգրման: Ի դեպ՝ բոլոր այս երեխաները՝ թե՛ Ռազմիկ Աբրահամյանի ծննդատանը ծնված 8-ը, թե՛ մյուս 12-ը, Իտալիայում են, և ըստ քննչական խմբի տեղեկության, ապրում են բարեկեցիկ կյանքով:

Օտարերկրյա որդեգրումների այս սկանդալից հետո կտրուկ նվազեց որդեգրումների թիվը, նախորդ տարի ընդամենը 5 ծնողազուրկ փոքրիկ է օտարերկրյա որդեգրման տրվել՝ 4-ը Ամերիկայում, մեկը՝ Շվեյցարիայում: Համեմատության համար՝ 2008 -ին, օրինակ, օտարազգիները Հայաստանից 96 երեխայի են որդեգրել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG