Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջում են կալանավորել ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներին


Գլխավոր դատախազության առջև այսօր հավաքվել էին տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։

Ցուցարարները պահանջում են կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։ Դատարանները շաբաթներ առաջ բոլորին ազատ էին արձակել։ Ընդ որում ծանր հոդվածներով մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանի դեպքում ՝ առանց գրավի կիրառման։ Դատարանը քննիչի կալանավորման միջնորդությունը մերժել էր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Գլխավոր դատախազության առջև հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում հիմքերը պակաս են, իրենք կենդանի վկաներ են։

Դատախազության բակում պատմվող պատմությունները տարբեր տարիներին տեղի ունեցած ողբերգական դեպքեր էին, բոլոր մայրերը պնդում էին, որ իրենց տեղեկացրել էին, որ իրենց երեխաները մահացել են, բայց նրանց մարմիններն ցույց չեն տվել։ Դեպքերի գերակշիռ մասը հենց հանրապետական հիվանդանոցում է եղել։

Ինչո՞ւ են այնուամենայնիվ մայրերը լռել, տարիներ, հաճախ տասնամյակներ շարունակ։ «Հայոց մայրեր» հասարակական շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանը, որ ամիսներ առաջ է երեխային կորցրել և վստահ է, որ իր փոքրիկը առք ու վաճառքի առարկա է դարձել, պնդում է՝ շատերը վախեցել են, կամ պայքարել են իրենց նորածինների համար, բայց անարդյունք. - «Վախեցել են նախկին իշխանություններից։ Ոմանք պայքարել են տարիներ շարունակ, մինչև օրս պայքարում են, բայց չեն հասել արդյունքի»։

Նրա խոսքով, մայրերը սկսել են համախմբվել Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից, ապա ապօրինի որդեգրումների փաստով հարուցված քրեական գործից հետո։ Մայրերը պնդում են, որ մեղադրյալները չպետք է ազատության մեջ լինեն։

Դատախազությունն էլ նույն կարծիքին է և արդեն իսկ առաջին ատյանի որոշումների վերաբերյալ վերաքննիչ բողոքներ է ներկայացրել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր հանդիպեց մայրերի հետ, խոստացավ գործի օբյեկտիվ քննություն։

«Նրանք խոստացան, որ գործը օբյեկտիվորեն քննվելու է, ցանկալի արդյունքը ստանալու ենք, բոլորիս նպատակը գործի բացահայտումն է։ Նրանք բողոքարկել են Ռազմիկ Աբրահամյանին ազատ արձակելու որոշումը», - փոխանցեց Հայկուհի Խաչատրյանը։

Խաչատրյանը հարկ համարեց հավելել. - «Համացանցում ասում էին, որ Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ է պարբերաբար հանդիպել է «Կուժ» ռեստորանում։ Ես այդ հարցը ուղղեցի Արթուր Դավթյանին, նա հերքեց՝ ասելով, որ մատուցողը շփոթել է, նրա փոխարեն եղել է Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանը։ Դատախազը ասաց, որ ինքն էլ է շահագրգիռ կողմ, քանի որ դա թասիբի հարց է։ Ասաց, որ ինքը չի եղել հանդիպման ժամանակ, անձամբ չի ճանաչում, դեմքով չի տեսել Ռազմիկ Աբրահամյանին»։

Դատախազությունում մայրերին վստահեցրել են, որ ապօրինի որդեգրումների քրեական գործին «վերևներից» միջամտողներ չկան։

Ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք է առաջադրվել հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերեջյանին, Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանին ու Երևանի երկու բնակիչների։ Սպասվում է, որ առաջիկայում դատարանը դարձյալ կքննարկի նրանց կալանավորելու հարցը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG