Մատչելիության հղումներ

Ապօրինի որդեգրումների գործով կալանավորված է միայն Մանկան տան տնօրենը


Ապօրինի որդեգրումների գործով 5 մեղադրող կինը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ։
Ապօրինի որդեգրումների գործով 5 մեղադրող կինը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ։

Ապօրինի որդեգրումների գործով 5 մեղադրյալներից երկուսը հանրությանն անհայտ են և պաշտոնական հաղորդագրություններում նշվում են որպես Երևանի 43-ամյա բնակչուհիներ։

«Ազատությունն» այսօր զրուցել է նրանցից մեկի հետ, որին մեղադրանք է առաջադրվել ծնողից երեխային ապօրինի բաժանելու համար։

Նա մեղադրանքը չի ընդունում. - «Իհարկե ոչ։ Ես մինչև Եվրոպական դատարան կհասնեմ։ Որբին ընտանիք տալու համար մեղադրա՞նք է պետք ընդունել։ Որբը ընտանիք ունենալու, ազգանուն ունենալու, որ թե «մանկատան սան» շահառվելու համար մեղադրա՞նք պետք է ընդունել»։

Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարի հայտարարեց աղմկոտ բացահայտման մասին. 2016-18 թվականներին ապօրինի գործընթացներով Իտալիա են որդեգրվել 30 փոքրիկներ։ Նկարագրված էին մի քանի սխեմաներ. մայրերին ծննդատներում հակել են հրաժարվել երեխաներից, մանկատներում մոլորեցրել, թե որպեսզի երեխան մնա, խնամվի, պետք է նրանից հրաժարական գրել։ Արտերկիր են որդեգրվել առողջ երեխաներ, այնինչ տարիներ շարունակ որդեգրել ցանկացող հայաստանցիները որդեգրման բազայում առողջ երեխաներ չէին գտնում։

«Չեմ բացառում, առողջ երեխաներ էլ են գնացել։ Իմ մեղքն այդտեղ ո՞րն է: Գուցե պետության ձախողումն է այստեղ խոսում», - տարակուսեց նա։

Կինը երկար տարիներ աշխատել է Իտալիայի որդեգրման հավատարմագրված գործակալության հետ, եղել է նրանց ներկայացուցիչն այստեղ։ Ասում է, որ գործ է ունեցել արդեն իսկ մանկատանը փաստաթղթով լքված երեխաների հետ, նրանց մայրերին չի էլ տեսել. - «Ուրեմն մեր երկրում այդպիսի բարձիթողի վիճակ էր, որ երեխաներին հիվանդանոցից վերցնում, տանում էինք աերոպորտ, վաճառում էինք, իտալացի գնորդն էլ գալիս էր։ Ու սենց մեր երկիրը ընդհանրապես խաբար չունե՞ր... Մի բան էլ ասեմ. ԱԱԾ-ն էդ գաղտնալսել է 2019 թվականին, էդ ընթացքում ես չորս հատ որդեգրություն էի անում։ Եթե ես հանցագործություն էին անում, ինչի՞ էին թողնում, որ էդ հանցագործությունը ավարտվեր, վաճառվեին էդ չորս երեխաները»։

Մեր զրուցակիցն այս գործով կալանավորվել էր, ապա ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը և կինը չկալանավորվեց։

Այս պահին ապօրինի որդեգրումների գործով հինգ մեղադրյալներից միայն Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանն է կալանավորված։ Նրա փաստաբան Ալեքսան Խաչատրյանը փոխանցեց, որ անպայման վճռաբեկ բողոք են ներկայացնելու. - «Նշված որոշման հետ մենք բնականաբար համաձայն չենք, քանի որ որոշումը անհիմն է։ Այս պահին մենք աշխատում ենք վճռաբեկ բողոքի վրա»։

Փաստաբանը տարակուսած է, քանի որ «բացառիկ անարդար» է համարում, որ Լիանա Կարապետյանն ու Ռազմիկ Աբրահամյանը նույն հոդվածներով են մեղադրյալ, բայց մեկը «Աբովյան» քրեակատարողականում է, մյուսն ազատ՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. - «Այսինքն Լիանա Կարապետյանը մեղադրվում է խմբի կազմում հանցանք կատարելու մեջ, բայց մյուս անձի վերաբերյալ դատարանը ասում է՝ հիմնավոր կասկածը բացակայում է։ Ընդ որում, մեր կարծիքով՝ լրիվ օբյեկտիվորեն և արդարացիորեն»։

Ապօրինի որդեգրումների գործով նախաքննությունը շարունակվում է։ Քննչական կոմիտեն շռայլ չէ նոր տեղեկություններ փոխանցելու հարցում։ Վերջին հաղորդագրությունն այն մասին էր, որ քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան, որևէ գենետիկական փորձաքննություն այստեղ չի իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG