Մատչելիության հղումներ

14 քրեական գործ՝ ապօրինի որդեգրումների, նորածիններին ծնողներից բաժանելու վերաբերյալ հաղորդումներով. Դատախազություն


Արտապատկերում ԱԱԾ մամուլի կենտրոնի հրապարակած տեսանյութից, արխիվ

Վերջին տարիներին Հայաստանում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020 թվականների ընթացքում Գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ, ասված է Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:

Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում 2019-ի հոկտեմբերի 26-ին Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

«Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում:

Պարզվել է, որ վերոոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն՝ դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի քրեական գործի նյութերով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մայր գործին։

Բացի այդ, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված մեկ քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։

Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020 թվականների ընթացքում Գլխավոր դատախազություն են ստացվել նաև զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված երկու հոդվածներ, որոնք ուղարկվել են Ոստիկանություն: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով երեք քրեական գործ, իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ:

Բացի վերոնշյալը, Դատախազություն են ստացվել և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս երեք դիմում և վեց լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։

Բացի այդ, ինչպես անմիջական, այնպես էլ Գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից երկուսի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՔԿ ՀԿԳ քննության վարչություն՝ 2019-ի հոկտեմբերի 26-ին հարուցված և այդ վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Իսկ քաղաքացու կողմից Գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքում Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015-ին այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 1 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Քրեական գործով իրականացվում են ակտիվ և լայնածավալ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Առանձին գործերով նշանակվել և իրականացվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունների արդյունքում կայացվել են դատավարական որոշումներ, ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ԱԱԾ տնօրենին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG