Մատչելիության հղումներ

Կառավարությունում սպասում են, որ այս տարի Հայաստանում պարենային անվտանգության լուրջ խնդիր կլինի


Կանխատեսվում է, որ  սննդամթերքն էլ ավելի կթանկանա։

Կառավարությունն սպասում է, որ այս տարի Հայաստանում պարենային անվտանգության լուրջ խնդիր կլինի ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

Կանխատեսվում է, մասնավորապես, որ սննդամթերքն էլ ավելի կթանկանա։ Նման հայտարարարություններ հնչեցին այսօր գործադիրի նիստի ժամանակ։

Ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, սակայն, թվեր չնշեցին։

«Ինչպես տեսնում ենք, վերջին երկու տարիների ընթացքում «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ։ Առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե, մյուս կողմից, ակնկալվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի գները կբարձրանան, ինչի հետևանքով Հայաստանում հողերի մշակումը կարող է ավելի շահութաբեր դառնալ։

Կառավարությունն այօր հավանություն տվեց հողօգտագործողների համար մատչելի գներով տարատեսակ պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրին։

Էկոնոմիկայի նախարարը ուղիղ դիմեց գյուղացիներին՝ կոչ անելով «մաքսիմալ շատ մշակել հողերը». - «Որովհետև էս տարի, բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով, ակնկալվում ա պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր՝ մի կողմից, բայց մյուս կողմից էլ, մենք տեսնում ենք, որ սննդամթերքի գները աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու ա ավելի ու ավելի հրապուրիչ»։

Այսօր հրապարակված Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ երկնիշ թվերով. անցած ամիս, նախորդ տարվա փետրվարի համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 11,4 տոկոսով։

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան

Կառավարության նիստից հետո Քերոբյանը ընդգծեց, որ իշխանությունները ձգտելու են զսպել սպասվող թանկացումնները՝ ընդհանուր գնաճը պահելով այս տարվա պետբյուջեով ծրագրվածի շրջանակում՝ 5,2 տոկոս. - «Թե ինչպես կծավալվեն դեպքերը, էլի եմ ասում, կապված ա շատ անորոշություններից։ Մենք տեսնում ենք արդեն, որ կա էական գնաճ ցորենի մասով և բազմաթիվ այլ հիմնական ապրանքատեսակների և քոմոդիթիի մասով, կա մեծ ռիսկ շաքարի շուկայում։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք ամեն մի ապրանքատեսակը»։

Հայաստանում գների կայունության երաշխավորը Կենտրոնական բանկն է, որի նախագահի գլխավոր խորհրդական Վահագն Գրիգորյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե հետևում են իրավիճակին, և վերջին զարգացումներից հետո սպասվող գնաճի վերաբերյալ իրենց նոր գնահատականներն ու քայլերը կհրապարակեն իրադրության վերլուծությունից հետո, մարտի 15-ին։

Կենտրոնական բանկը փետրվարի սկզբին հերթական անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով վերջին տարիների համար աննախադեպ 8 տոկոսի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, 2018 թվականից ի վեր կառավարությունը ըստ էության ոչինչ չի արել երկրի պարենային անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ։

Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյան

Ըստ մասնագետի, իրավիճակը վատացել է՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանին անցան բերրի հողատարածքներ. - «Վերջին տասը տարիների ընթացքում մեզ մոտ կրճատվել է մշակվող հողերի քանակը։ Եթե նախկինում 350 հազար հեկտար էր մշակվում, հիմա 220 հազար հեկտար է մշակվում։ 2021 թվականի տվյալներով, Հայաստանը պարենային ինքնաբավության տեսանկյունից ունի 56 տոկոս մակարդակ՝ ամենացածրը ԵԱՏՄ անդամ երկրներից»։

Ըստ Պարսյանի, մտահոգիչ է, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գծով Հայաստանի ինքնաբավության մակարդակը շարունակում է ցածր մնալ․ տեղում արտադրվող բուսական յուղը, օրինակ, ծածկում է շուկայի պահաջարկի մեկ տոկոսը միայն, թռչնի միսը՝ 25,6 տոկոսը, ցորենի գերակշիռ մասը՝ գրեթե 2/3-րդը Հայաստանը ստիպված է ներկրել արտերկրից։

XS
SM
MD
LG