Մատչելիության հղումներ

ԱԺ-ն մերժեց նվազագույն աշխատավարձի բարձրացում առաջարկող ընդդիմության նախագիծը


Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ավելի վաղ բացասական եզրակացություն տվել նախագիծին, որն այդպես էլ այսօր նիստի օրակարգ չընդգրկվեց։

Խորհրդարանական մեծամասնությունն այսօր մերժեց նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկը։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ավելի վաղ բացասական եզրակացություն տվել նախագիծին, որն այդպես էլ այսօր նիստի օրակարգ չընդգրկվեց։

Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյան

Նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիմնավորում էր՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, իսկ այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով. - «Սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով։ Դա դեռ վիճակագրությունը»։

Իշխանական պատգամավորները կարծում են, որ նախիգծը լրամշակման կարիք ունի։ Ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանն ու Թադևոս Ավետիսյանը, մինչդեռ, պնդում էին, որ ամեն օր թանկացող կյանքը, գնաճը գոնե բաց քննարկում են ենթադրում խորհրդարանում։

«Կարևոր է, որ գաղափարը էստեղ քննարկման առարկա դառնա և ի վերջո ճշգրտվի ընթացքում», - ասաց Արծվիկ Մինասյանը։

«Մատը մատին չեն տալիս։ Վաղը հացը կթանկի, կարտոֆիլը կթանկի, մինսը կթանկի, կասի՝ բա տեսեք, ինֆլյացիա ա, աշխարհում ա ինֆլյացիա», - հավելեց Արթուր Խաչատրյանը։

Նրանց գործընկեր Թադևոս Ավետիսյանը նշեց. - «Կարևորը գաղափարը կոնսենսուսի բերվի. որ չափով պիտի բարձրացվի նվազագույն աշխատավարձը, որ մակրոտնտեսական հավասարակշռությունը չփոխվի և լուծի էն խնդիրները, որոնք բոլորս ասում ենք, որ կան։ Սա է իրավիճակը։ Թե չէ՝ գիտեք, այ էս մի թուղթը պակաս ա... Սա հո ժեկ չի, Ազգային ժողով ա, չէ՞»։

Իշխանական պատգամավորներն ամբիոնից հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց նախընտրական խոստումներից, բարձրացում կլինի, բայց ոչ հիմա և ոչ ընդդիմության առաջարկած այս նախագծով։

Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբեն Թունյանի խոսքով, նվազագույն աշխատավարձի բարձրացումը հնարավոր է տնտեսական հնարավորություններին զուգահեռ և համահունչ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, դա կհանգեցնի շատ ավելի վատ հետևանքների. - «Եթե ինձ չեք հավատում, կարող եք, օրինակ, բացել կարդան Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացրել ա։ Իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները դուք ինքներդ կարող եք դատեք։ Եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էինք օրենքով ֆիքսել, որ պետք ա կյանքը ուրախ լինի, ապրուստը՝ ձրի, Հայաստանն էլ՝ ծովից ծով։ Օրենքը նպատակ չի, օրենքը միջոց ա նպատակներին հասնելու համար»։

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ցածր վարձատրվող աշխատողների թիվը 2018 թվականի համեմատ նվազել է 9 տոկոսով։ Վարչապետը նկատի ուներ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին։ Նույն ժամանակաշրջանում, այսինքն վերջին 3 տարիների ընթացքում, միջին աշխատավարձը, ըստ Փաշինյանի, աճել է 24,6 տոկոսով։

Կառավարության ղեկավարը սակայն խոստովանել էր, որ այս թվային փոփոխությունը հայաստանցիների բարեկացեության վրա դրական անդարադարձ չի ունեցել՝ չնախատեվսած գնաճի պատճառով. - «Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար։ Մենք հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի»։

Ամեն ինչի գինը բարձրանում է, աշխատավարձից բացի, «Ազատության» հետ զրույցում պնդում էին քաղաքացիները՝ խոստովանելով՝, որաշխատավարձն ամսվա առաջին 10 օրերին է բավարարում։ Մարդիկ իշխող ուժից խոստումների փոխարեն հստակ գործողություններ են պահանջում։

Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնվել է 68 հազար դրամի 2020 թվականին։ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նախատեսված է նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 85 հազար դրամի և շարունակական բարձրացումն ապահովել՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

XS
SM
MD
LG