Մատչելիության հղումներ

Նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ն ութերորդ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թանկացումների դեմն առնելու համար


Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում հասցվեց 8 տոկոսի, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար։

Հունվարի սկզբից թանկացած ջրին այսօր էլ ավելացավ էլեկտրաէներգիայի թանկացումը՝ մինչև այսօր գործող ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտրաէներգիայի չափից, այսուհետ կավելանան 1,5-5,5 դրամով։

Այսպիսով, ամսական մինչև 200 կիլովատտ/ժամ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1,5 դրամով, 200-400 կիլովատտ/ժամ ծախսողների համար՝ 3,5, ավելի շատ օգտագործողների, այսինքն՝ հիմնականում բիզնեսի համար՝ 5,5 դրամով։ Անապահով խավերի համար սակագինը կմնա անփոփոխ։

Առաջիկայում ակնկալվում է, որ նաև գազի գինը կբարձրանա։

Շարունակական այս թանակցումների ֆոնին Կենտրոնական բանկը այսօր 0,25 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գլխավոր դրամատունը 44-օրյա պատերազմից հետո արդեն ութերորդ անգամ է գնում այդ քայլին՝ գնաճը զսպելու համար։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դրական գնահատեց իրենց աշխատանքը՝ փաստարկելով. - «Որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք գործողությունների չիրականացնեինք անցած տարվա ընթացքում, այդ գործողությունները չլինեին ապագային միտված, այսինքն՝ ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրները, մեր գնաճը կլիներ ոչ թե սննդամթերքի համար 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, որը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավել»։

Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, փաստում է, որ չնայած Կենտրոնական բանկի այս քայլերին՝ անցած տարի գնաճը նախատեսվածից մի քանի անգամ ավելի բարձր է եղել։ Վիճկոմի համաձայն, անցած տարի սննդամթերքը Հայաստանում թանկացել է 11,5 տոկոսով, մինչդեռ, պետական հիմնարկներում աշխատավարձը աճել է միայն 5,2 տոկոսով կամ ավելի քան երկու անգամ քիչ՝ հասնելով մոտ 180 հազար դրամի։

Թե որքան կթանկանա սննդամթերքը այս տարի, Մարտին Գալստյանը դժվարացավ նշել, բայց ասաց՝ ավելի քիչ, քան 2021-ին։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ գլխավոր դրամատան, կյանքը Հայաստանում այս տարի կթանկանա մինչև 5,5 տոկոսով։

Աշխատավարձերի ու կենսաթոշակների համարժեք բարձրացում, սակայն, չի ակնկալվում։

«Ազատության» հետ զրույցներում երևանցիներն իրենց դժգոհությունն են բարձրաձայնում թանկացումների կապակցությամբ.

«Միանգամից թող մի հատ պարան տան, ասեն՝ գնացեք կախվեք։ Յանի շատ ենք կարանում օրվա հացը առնենք, մի հատ էլ հոսանք թանկանա, գազը թանկանա»։

«Աշխատավարձ, թոշակ, էդ ամեն ինչը քիչ է։ Էդ բացասաբար կանդրադառնա ոչ միայն ինձ վրա, այլ ամբողջ ժողովրդի վրա»։

«Մեծ մասի, աղքատ ժողովրդի համար շատ վատ կլինի»։

Վարդան Արամյան
Վարդան Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե Հայաստանում գնաճի դեմն առնելու համար միայն Կենտրոնական բանկի գործիքակազմը բավարար չէ այլևս։ Պետք է գործի նաև կառավարությունը. - «Կառավարությունը պետք է օգնի Կենտրոնական բանկին երեք հարթություններով։ Առաջին հարթությունը, ջանքեր պետք է գործադրի, որպեսզի տնտեսությունը է'լ ավելի արագ աճի, և իր գործողությունները պետք է ուղղված լինեն տնտեսական պոտենցիալի ուժեղացմանը։ Բայց մենք այսօր տեսնում ենք հակառակ երևույթը։ Նորից էլի տեսնում ենք կապիտալ ծախսերը, նույնիսկ 227 միլիարդ պլանավորածը չկարողացավ կառավարությունը կատարել։ Եվ արդեն լուրջ խնդիրներ և հարցերն են առաջանում, թե այս տարի ինչ է անելու 340 միլիարդի դեմ, եթե 227 միլիարդը չի կարողանում իրականացնել»։

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատուի խոսքով, Նիկոլ Փաշինյանի կաբինետը պետք է ավելի հստակ ուղերձներ փոխանցի՝ գնաճային սպասումները կանխելու համար. - «Եթե դա չի անում, սպառողները հակված են լինում ավելի շատ սպառելու այսօր՝ վախենալով վաղվա թանկացումից։ Եվ սա ավելի է խորացնում պրոբլեմը»։

Երրորդ հարթությունը, ըստ Արամյանի, կառավարության և Կենտրոնական բանկի քաղաքականության համակարգումն է ֆինանսների շուկայում։ Մի կողմից, գլխավոր դրամատունը թանկացնում է փողը, հետևաբար գործարարները խուսափում են նոր վարկ վերցնլ՝ բիզնեսը գարգացնելու համար։ Մյուս կողմից, կառավարությունը ներքին շուկայից շարունակաբար նոր պարտքեր է վերցնում, 2020-ին՝ 300 միլիարդ դրամ, 2021-ին՝ ավելի քան 200 միլիարդ, և այս տարի ծրագրում է ևս 200 միլիարդ։ Այդ գումարը բանկերը դուրս են բերում տնտեսությունից ու պարտք տալիս կառավարությանը։ Արդյունքում տնտեսական աճը դանդաղում է՝ ավելի քիչ ապրանք ու ծառայություն է արտադրվում, քան կարող էր արտադրվել։ Իսկ եթե ապրանքի, ծառայության քանակը քիչ է, այն թանկանում է, փաստում է փորձագետը։

Կենտրոնական բանկի այսօրվա որոշմամբ, ի դեպ, վերաֆինանսավորման տոկոսարույքը Հայաստանում հասցվեց 8 տոկոսի, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար։

XS
SM
MD
LG