Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի մի շարք գյուղերում հնարավոր է հողերը անմշակ մնան՝ պարարտանյութի գնաճի պատճառով


Պարարտանյութի գների եռակի թանկացման պատճառով Շիրակի մարզի մի շարք գյուղացիներ հնարավոր է անմշակ թողնեն իրենց հողերը, ասում են՝ ձեռնտու չէ։

«Ինչի՞ մշակեմ, անցած տարի 2 միլիոն փող ներդրեցի, մի կոպեկ հետ չբերեցի: Էսի մտածված ծրագիր է որ էս փոքր, մանր ցանողներին դուրս թռցնեն, որ իրանցից պահանջող չլինի, իսկ էն խոշորները կցանեն մեկ է», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Պարարտանյութի մեկ պարկի համար 20 հազար դրամ բենիամինցիները վճարել չեն ցանկանում:

Միջազգային շուկայում պարարտանյութի թանկացման ազդեցությունը գյուղացու վրա կառավարությունը փորձում է մեղմել դրա գնի 30-50 տոկոսը փոխհատուցելով։ Մեկ պարկ ազոտական պարարտանյութը, որը շուկայում 20 հազար դրամ արժի, կառավարությունը գյուղացիներին առաջարկում է 9500 դրամով: Այս գնով էլ ասում են ձեռնտու չէ: Ոմանք որոշել են այս տարի հողն անմշակ թողնել:

«Եթե էժանացնեն կցանեմ, չէ, հեկտար նախատեսել եմ, կթողնեմ տենց էլ մնա, ոչ մի բան չեմ անի, ձեռք չի տա», - ասաց Բիամին գյուղի բնակիչներից մեկը:

Բենիամինի գյուղացիներն անցած տարի վնասներ էին կրել երաշտից: Շատերը չեն կարողացել բերք ստանալ: Հիմա էլ ասում են գյուղացուն մենակ են թողել. «Էս ի՞նչ է, գյուղացուն թողել են անտերության դեմը, զոռով ասում են՝ արտագաղթեք, գնացեք»:

Մեզ հանդիպած գյուղացիներից մեկն անցած տարի 8 հեկտար հող էր մշակել ու վնաս կրել երաշտի պատճառով: Հիմա հաշվարկ է անում ու որոշել է, որ այս տարի հողը չի մշակի:

«8 հեկտար հողը էդպես թողել եմ, պե՞տ ք է քեզ, տամ ցանի, ով կուզի, թող գա, տամ ցանի, ջրովին էլ կա, անջրդին էլ կա, որը կուզեք, գամ տամ ցանեք», - ասաց բնակիչը:

Պարարտանյութի թանկացման թեման պարբերաբար քննարկվում է նաև կառավարությունում ու Ազգային ժողովում։ Օրեր առաջ խնդրի մասին գործադիրին հարց էր ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ լուծում չի գտնվում։ Ի պատասխան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ բացի պարարտանյութի գնի մասնակի փոխհատուցումից կառավարությունն այլ քայլեր ևս ձեռնարկում է։

«Եթե երեք շաբաթ առաջ մենք խոսում էինք գնի մասին, այսօր արդեն խոսում ենք ֆիզիկական առկայության մասին, այսօր որևէ հարց որևէ միլիմետր սայլը տեղից չի շարժվել, գարնանացանն այն վատ հատկությունն ունի, որ գարնանը պետք է արվի և չեն կարող սպասել մինչև օգոստոսի կեսերը», - ասաց Խաչատրյանը:

«Շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու մասին», - արձագանքեց Քերոբյանը:

Պարարտանյութի միջազգային շուկայում գների աճը պայմանավորված է դրանց պակասով: Հիմնական պատճառը գազի գնի թանկացումն ու մի քանի արտադրող ձեռնարկությունների փակվելն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG