Մատչելիության հղումներ

Հայաստանի 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8 տոկոս


Չնայած տնտեսական աճի ավելի բարձր խոստումներին և հայտարարություններին, անցած տարին Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով։ Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալները փաստում են, որ տնտեսությունը այդպես էլ ամբողջովին չի վերականգնվել 2020-ի 7,4 տոկոս անկումից։

Անցած տարի աճ գրանցվել է ոլորտների մեծ մասում՝ արտահանումն ավելացել է 19,1 տոկոսով, ներմուծումը՝ 16,9, շինարարությունը գրեթե 7,4 տոկոսով։ Փոխարենը անկում է արձանագրվել գյուղոլորտում՝ 1,1 տոկոս, և էլեկտրականության արտադրության գծով` 0,6 տոկոս։

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, միջին ամսական աշխատավարձը անցած տարի Հայաստանում աճել է 7,6 տոկոսով, պետական հիմնարկներում ավելի քիչ՝ 5,2 տոկոսով՝ դառնալով, համապատասխանաբար, ավելի քան 204 հազար և գրեթե 180 հազար դրամ։ Այնինչ, նույն Վիճկոմը փաստում է, որ անցած տարի սննդամթերքը Հայաստանում թանկացել է 11,5 տոկոսով՝ էականորեն ավելի աշխատավարձի աճից։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ 2021-ի ապրիլին երկնիշ տնտեսական աճ էր կանխատեսել՝ հրապարակավ խոստանալով հակառակ պարագայում հրաժարական տալ, ինչը, հետո պարզվեց, ընդամենը կատակ է։

Նախորդ տարվա օգոստոսին ընդունված կառավարության հնգամյա ծրագրի համաձայն, ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը պետք է կազմի 7 տոկոս, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմանների դեպքում՝ անգամ 9 տոկոս։

Գևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական նախագահ, տնտեսագետ Գևորգ Պապոյանը, սակայն, հիշեցրեց, որ 2021 թվականի պետբյուջեի համաձայն, Հայաստանը տարին պետք է փակեր ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճով. - «Եվ, ինչպես տեսնում եք, գրեթե երկու անգամ ավելի բարձր ցուցանիշ ենք տարեկան կտրվածքով կարողանում ապահովել։ Կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը, բոլորը շատ ավելի ցածր տնտեսական աճի տեմպ էին կանխատեսել Հայաստանի համար, քանի 5,8-ն է։ Եվ եթե այս տրամաբանությամբ ենք նայում հարցին, ապա կարող ենք ասել, որ, ըստ էության, տարվա սկզբում Հայաստանի տնտեսական աճի հանդեպ ձևավորված կանխատեսումները մի քանի անգամ որոշ դեպքերում գերազանցվել են։ Եվ այդ առումով կարծում եմ, որ բավականին լավ ցուցանիշ է»։

Ըստ Պապոյանի, տնտեսության վերաբերյալ տարեկան տվյալները եկան փաստելու, որ արտահանմանը միտված կառավարության ջանքերը իրենց արդյունքն են տալիս. - «Դրա նաև տրամաբանական մյուս կողմը այն է, որ, ըստ էության, նաև արդյունաբերությունը, իհարկե ոչ ցանկալի մակարդակում, բայց 3,3 տոկոսով աճել է, ինչ նույնպես, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ, սակայն, երկրի տնտեսությունը շարունակում է հյուծվել. - «5,8 տոկոսը 7,4 տոկոս անկման դիմաց։ Դեռևս չի վերականգնվել մեր տնտեսությունը, և ցավոք սրտի, պետք է արձանագրենք նաև, որ գնաճային ճնշումները տնտեսության և հատկապես սոցիալական ոլորտի վրա, առաջանցիկ աճում են»։

Թադևոս Ավետիսյան
Թադևոս Ավետիսյան

Ավետիսյանը մտահոգիչ է որակում նաև տնտեսական աճի կառուցվածքը. - «Որովհետև հիմնականում առևտրի ոլորտն է, որ աճ է գրանցել, ծառայությունների ոլորտը և շինարարությունը։ Շինարարությունը հիմնականում ասֆալտապատման աշխատանքներ են պետական ֆինանսավորմամբ, առևտուրն ու ծառայությունների ոլորտն էլ նախորդ տարվա համեմատ 7,5 տոկոս միջին աճը, կարծում եմ, ևս բավարար չի, որովհետև մենք լավ գիտենք, թե հատկապես ծառայությունների ոլորտը գրեթե ամբողջությամբ լոքդաունի մեջ էր»։

Այս տարվա պետբյուջեի համաձայն, կառավարությունը նախատեսում է 2022 թվականին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ընդ որում, այդ աճը, ըստ փաստաթղթի, պետք է ապահովեն հիմնականում արդյունաբերությունն ու շինարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG