Մատչելիության հղումներ

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ Հայաստանին․ վարչապետ


Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը», - նշել է Փաշինյանը Անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը համարելով խաղաղությունը։

Հայաստան-Վրաստան հարաբերություններում նոր դինամիկա է ի հայտ եկել և այն պետք է զարգացնեն, ասել է վարչապետը՝ շարունակելով՝ ակտիվ երկխոսություն է տեղի ունենում Իրանի հետ, որը պետք է կարողանան ամրագրել կոնկրետ արդյունքներով:

Շեշտելով, որ հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը՝ Փաշինյանն ընդգծել է՝ այս համատեքստում մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը՝ վերահաստատելով՝ հարցի կարգավորումը պատկերացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա:

«Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական գործընկերը»

Խոսելով Ռուսաստանից, վարչապետն ասել է, որ այն շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ «հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ»:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական երկխոսություն ենք սկսել և համոզված ենք, որ այն բնականոն կերպով կշարունակվի», - նշել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով:

«Ուկրաինայի իրադարձություններն ունենալու են գլոբալ հետևանքներ»

Անդրադառնալով Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝ վարչապետն ընդծել է՝ սրտի կսկիծով են հետևում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ:

«Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - ասել է Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG