Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյանը՝ Հայաստանի հինգերորդ նախագահ


Ազգային ժողովը այսօր 71 կողմ ձայնով, յոթ տարի ժամկետով, Հայաստանի հինգերորդ նախագահ ընտրեց Վահագն Խաչատրյանին, նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը։

«Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում», - իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սահմանադրությամբ հանրապետության նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, ընդգծել է վարչապետը՝ շարունակելով․ - «Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին և այդպիսով կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թևերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հավասարակշռմանը»:

Երեկ, առաջին փուլում, 69 պատգամավոր էր մասնակցել նախագահի ընտրությանը, 69-ն էլ կողմ էին քվեարկել, բայց դա բավարար չէր․ ընտրության համար առվազն 81 կողմ ձայն էր հարկավոր։ Նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլերում իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող էր ապահովել։

Արմեն Սարգսյանը, պատճառաբանելով իր սահմանափակ լիազորությունները, Հայաստանի նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարական տվեց հունվարի 30-ին, դիմումից յոթ օր անց նրա լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չառաջադրեցին՝ հայտարարելով, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» Հանրապետության նախագահի ընտրությանը։

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ՝ նշելով՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։

XS
SM
MD
LG