Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, նա այլևս մեղադրյալ չէ Մարտի 1-ի գործով


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ընթերցեց իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց, սահմանադրական կարգը տապալելու այդ հոդվածով հարուցված քրեական գործի քննությունն էլ կարճվեց։

«Դատարանը որոշեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժել», - հայտարարեց Դանիբեկյանը:

Ամբողջությամբ արդարացվեցին հակասահմանադրական ճանաչված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով միայն մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Իսկ կաշառքի գործով մեղադրվող պաշտոնաթող նախագահի ու 2008-ին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի քրեական գործի քննությունը կշարունակվի, հայտարարեց դատավորը։

«Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածների կարգավիճակ են ձեռք բերում մեղադրանքների համապատասխան մասով, որոնցով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքների մնացած մասը, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետով և Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքների մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է», - նշեց դատավորը:

Դատական նիստից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, եթե Սահմանադրական դատարանը քննի գլխավոր դատախազի դիմումն ու իրենց նշած հոդվածները ճանաչի հակասահմանադրական, ապա հնարավորություն կունենան վերաորակել Քոչարյանի ու մյուսների մեղադրանքը։

Ըստ մեղադրող կողմի, քանի որ բարձր դատարանի հայտնի որոշումը նշանակում էր, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է, պատասխանատվության հարցը մնում է չլուծված, իսկ Մարտի 1-ի զոհերի և տուժողների իրավունքների պաշտպանությունը հարցականի տակ է դրվում։ Իրենց էլ հնարավորություն չի տրվում ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել այն դեպքում, երբ նրանց իսկ արարքներում կան Քրեական օրենսգրքով չթույլատրված հատկանիշներ։

«Կոնկրետ այս մեղադրանքների, կոնկրետ սահմանադրական կարգ տապալելու վերաբերյալ մեղադրանքների մասով մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Արտահայտել ենք, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության իրենց լիազորություններն իրականացնելու, թե՛ նաև դատարանի կողմից հետագայում նաև տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից: Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը մեր օրենսդրությամբ համապատասխան նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար», - նշեց Պետրոսյանը:

Մինչդեռ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը կրկին պնդեց՝ քրեական հետապնդումը դադարեցնելու այսօրվա որոշումը նշանակում է, որ Քոչարյանն ու մյուսները 2008-ին որևէ հանցանք չեն կատարել. «Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա, սա տեխնիկական խնդիր չէ, որ հոդվածը վատն էր, բայց այնտեղ վատ բան է եղել: Ոչ, դրա համար օգտագործվում է արդարացվածի կարգավիճակ, այսինքն՝ չկա հանցագործություն, չկա որևէ արարք, որը Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կհամարի հանցագործություն: Սա շատ կարևոր է, որպեսզի բոլորս ֆիքսենք, սա տեխնիկական խնդիր չէ»:

Օրբելյանն ասաց, որ չի բացառվում՝ անցած 2,5 տարում նախկին նախագահի իրավունքների վերականգնման հարցը բարձրացնեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հաջորդ երեքշաբթի դատարանը արդեն կքննի միայն կաշառքի գործը։

XS
SM
MD
LG