Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո Քոչարյանին ու մյուսներին նույն գործով այլևս չեն կարող մեղադրել. իրավաբան


Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում, արխիվ
Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում, արխիվ

Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով արդարացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երեք ենթականերն այլևս երբեք Մարտի 1-ի գործով չեն կարող մեղադրվել, հայտարարում են ոչ միայն նրանց փաստաբանները, այլև որոշ իրավաբաններ։

Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Սահմանադրական դատարանը մերժել է քննել գլխավոր դատախազի դիմումը, որով Արթուր Դավթյանը Բարձր դատարանին խնդրել էր հակասահմանադրական ճանաչել որոշ օրենսդրական դրույթներ, ինչից հետո դատախազությունը հնարավորություն կունենար Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրել։

Դատախազությունը Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական է որակել՝ ընդունելով, որ դրա հետևանքով իրենք չեն կարող Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրել։

Իրավաբան Գևորգ Գյոզալյանը պնդում է, թե 2008-ի մարտյան իրադարձությունների համար հարուցված սահմանադրական կարգը տապալելու գործի շրջանակում այլ հոդված առաջադրել հնարավոր չէ։ Հակառակ դեպքում այդ գործընթացը կնմանվի լինչի դատաստանի։

Գյոզալյանի կարծիքով, այս իրավիճակում, դատախազությունը կարող է միայն նույն իրադարձությունների համար նոր քրեական գործ հարուցել և նոր հոդվածներով մեղադրանք առաջադրել արդեն արդարացվածներին․ - «Տեսականորեն նա կարող է քրեական գործ հարուցել մեկ այլ հոդվածով՝ 308 կամ 309։ Այս գործի ապացույցները, որ այդպես էլ մենք չտեսանք, որևէ մեկս չգիտենք էդ ինչ ապացույցների մասին է խոսքը, էդ ինչ 800 վկաներ էր, ինչի վերաբերյալ պետք ա գային էդ վկաները ու ցուցմունք տային։ Որևէ մեկս չգիտենք, դա էդ քրեական գործում այդպես էլ մնաց։ Բացի մեղադրող և պաշտպանյալ կողմից, և դատարանից, որևէ մեկը այդ ապացույցների մասին տեղյակ չէ։ Բայց տեսականորեն չի բացառվում, որ մեղադրող կողմը այդ ապացույցներից ինչ-որ մաս վերցնի, ինչ-որ ուրիշ տեղից ուրիշ ապացույցներ նորից հավաքի և դրանց հիման վրա մեղադրանք առաջադրի արդեն այս դեպքում 308, 308 հոդվածներով։ Բայց դա որևէ կապ չի ունենա էս գործի հետ, որովհետև էս գործը փակվեց»։

Բայց այս սցենարը գործնականում դժվար կլինի իրագործել, ասում է Գյոզալյանը, քանի որ կա մեկ հանգամանք․ դատախազության առաջարկած նոր՝ պաշտոնական լիազորություններ անցնելու հոդվածի վաղեմության ժամկետն անցել է։

Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք այդ հոդվածով չի դատապարտվի․ - «Բայց ես կարծում եմ, որ սա կլինի անօրինական, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքի, եթե չեմ սխալվում 35-րդ հոդվածը, ի թիվս այլնի, ասում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անցել է վաղեմության ժամկետը»։

Քոչարյանին և մյուսներին մեղսագրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը շուրջ երկու ամիս առաջ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց անվավեր և հակասահմանադրական, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրեց մեղադրյալներին։

Այժմ պաշտոնաթող նախագահն ու նրա օրոք աշխատակազմը ղեկավարած Արմեն Գևորգյանը մեղադրվում են միայն կաշառք ստանալու գործով։

Ի վերջո, ով պետք է պատասխան տա 13 տարի առաջ մայրաքաղաքում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների ժամանակ նախագահի ցուցումով այն ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի 0038 հրամանով զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Երևանում կենտրոնացնելու, մայրաքաղաք բերված տանկերի, զորքի, հանրահավաք ցրող օլիգարխների թիկնապահների ստեղծած ջոկատների, Արցախից բերված զինվորականների, մայրաքաղաքի կենտրոնում հավաքի մասնակիցների վրա կրակ բացելու հրահանգ տալու համար։

«Սահմանադրական կարգը տապալելու գործից առանձին քննվում է 10 անձանց սպանությունների գործը։ Չի բացառվում, որ այդ գործի շրջանակում ևս կարող է մեղադրանք առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին», - ասում է Գևորգ Գյոզալյանը։ - «Եթե օրինակ, այդ սպանությունների գործով մարդիկ ցուցմունքներ կտան, որ կասեն՝ ինձ հրաման ա տվել ոմն պաշտոնատար անձ իքսը, իքսին էլ հետո կկանչեն կհարցաքննեն, նա էլ կասի՝ ինձ, օրինակ, էսինչ օրը էսինչ ժամին նախագահականից զանգեցին, ասեցին, որ կազմակերպի, խմբեր հավաքի, որ գնան ինչ-որ մարդու սպանեն։ Օրինակ եմ ասում։ Ապա ի՞նչ արգելք կա։ Դրանք ապացույցներ են, որոնք հստակ կվկայեն դրա մասին, դրանց հիման վրա կարելի է մեղադրանք առաջադրել կոնկրետ մեկին»։

Նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, ասում է՝ սպանությունների գործով ամենաչնչին կասկածներ էլ եթե լինեին, արդեն մեղադրանք կառաջադրվեր։ Բայց բոլոր հնարավոր մեթոդներով ստուգվել է ու արհեստականորեն բոլոր ապացույցներ ստեղծելու փորձերը ձախողվել են։

Ալումյանը պնդում է, թե արդարացված մեղադրյալների գործով երբևէ չի կարող թեկուզ նոր քրեական գործի շրջանակում նոր մեղադրանք առաջադրվել։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է և մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արգելում է նման գործելաոճը․ - «Բա եթե էս գործողությունները համապատասխանում էին 309 հոդվածին, մինչև հիմա ինչո՞ւ չէիք որակում։ Էդ ինչի՞ որոշեցիք հենց 2018 թվականից որակել 300․1 հոդվածով։ Այսինքն դուք համարում էին չէ՞, որ էդ հոդվածին չի համապատասխանում էս արարքը։ Բա հիմա ո՞նց ձեր կարծիքը փոխվեց, ինչչ՞ արդյունքում ձեր կարծիքը փոխվեց․․․ Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք, եթե իրենք էդպիսի փորձ կատարեն, ցույց տալ, որ սա կրկնակի քրեական հետապնդման ոլորտ է արդեն տեղափոխվում»։

Ալումյանը անդրադառնալով գլխավոր դատախազի մտադրությանը Քոչարյանին մեղսագրվող արարքը վերաորակելու մասին՝ տարակուսում է․ - «Եթե մի անգամ արդեն էդ անձը էդ գործողության համար պատժվել է, կամ արդարացվել է էդ գործողության համար կամ անգործության համար, էդ որոշումը եթե դեռևս ուժի մեջ է, ինքը չի կարող նույն արարքի համար կրել պատասխանատություն»։

Գյխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան։ Գևորգ Գյոզալյանը, ինչպես նաև Քոչարյանի պաշտպանները պնդում են՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածով արդարացված մեղադրյալների դեպքում վերաքննիչը չի կարող այլ որոշում կայացնել, քան դատախազության դիմումը մերժելն է։

XS
SM
MD
LG