Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին


Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանը («Հայաստան») և Արթուր Վանեցյանը («Պատիվ ունեմ»)
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանը («Հայաստան») և Արթուր Վանեցյանը («Պատիվ ունեմ»)

Ընդդիմադիր խմբակցությունները կեսօրից հետո հայտարարություն տարածեցին. քննիչ հանձնաժողովը իշխանությունների «անմեղության բեմադրությանն է լծված լինելու»

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ստեղծած 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այսինքն՝ հանձնաժողովում կլինեն միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական 7 անդամները։

11 հոգանոց հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը՝ իշխանականներն են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։ Ըստ հաղորդագրության, հանձնաժողովում քննարկման առարկա են դառնալու պարտության պատճառները, հայկական կողմի կորուստների, զինվորականների գործողությունների օպերատիվության հարցերը, բանակցային գործընթացը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կեսօրից հետո հայտարարություն տարածեցին. իշխանությունները, ըստ նրանց, չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, քննիչ հանձնաժողովը իշխանությունների «անմեղության բեմադրությանն է լծված լինելու». - «Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում»։

«Ամեն ինչ անում են, որ առաջանա քննիչ հանձնաժողովի լեգիտիմության հարց», - հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշման մեջ միտում է տեսնում իշխող ՔՊ-ից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը. - «Իշխանությունը չի կարող օբյեկտիվությունը ապահովել, թե թող դա աներ ընդդիմությունը։ Չորս պատգամավորներով գային, ամբողջ լիազորությունները ունեն, նույնչափ, ինչքան իշխանությունը։ Նրանց ձեռնտու չի օբյեկտիվ իրականության պարզաբանմանը իրենք մասնակից լինեն։ Նրանց ձեռնտու է, որ իրենք կարողանան հետագայում ցեխ շպրտեն, ներկայումս արդեն այդ հիմքերը պատրաստում են։ Ցանկացած մեր եզրակացությանը ասելու են՝ մենք չենք մասնակցել, սա իշխանության եզրակացությունն է։ Ոչինչ, չեն մասնակցում՝ չեն մասնակցում։ Քննիչ հանձնաժողովից հետո մի հատ էլ քրեական դատավարական պրոցեսներ են ընթանալու, իմ կարծիքով։ Այդ ժամանակ կհասկանանք ցեխ շպրտե՞լ ա սա, թե՞ իրական, օբյեկտիվ հանգամանքներ պարզել է»։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր, որ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված կլինեն նաև վարչապետ Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպող արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն ասաց, որ մասնակցության առաջարկն իրենք են արել, վարչապետն էլ խոստացել է, որ կներգրավեն։ 11 ուժերից 3-ի ներկայացուցիչների օգտին են քվեարկել՝ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյանի և իր։

Բայց թե ինչ կարգավիճակով են քննիչ հանձնաժողովում աշխատելու, դեռ ոչ հանձնաժողովից են հստակցնում, ոչ էլ արտախորհրդարանականները գիտեն։

Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյան

«Ես պատի անկյունում չեմ պատրաստվում այնտեղ նստել։ Եթե համապատասխան իրավասություններ չեն լինելու, մենք հասանելիություն չենք ունենալու փաստաթղթերին, մենք ձայնի իրավունք չենք ունենալու, մենք ուսումնասիրման հնարավորություն չենք ունենալու, կներեք, ինքնանպատակ մասնակցելու որևէ ցանկություն կոնկրետ իմ դեպքում առկա չէ։ Ես միտված եմ այդ հանձնաժողովում ունենալ այնպիսի դերակատարություն, որը հնարավորություն կտա իսկապես բացահայտել ճշմարտությունը», - ասաց Նորիկյանը։

Կա մեկնաբանություն, թե խորհրդարանական ընդդիմության չմասնակցության պարագայում իրենք գնում են լեգիտմիացնելու հանձնաժողովի աշխատանքը։ Այս դիտարկմանը Նորայր Նորիկյանն արձագանքեց. - «Երբ որ իրենք խոսում են այդ հանձնաժողովի գործունեությունը լեգիտիմացնելուց... կներեք, երբ որ հարցը վերաբերում է իրենց պատգամավորական առոթին, խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, իրենց կազմից որոշ սուբյեկտների ընտրովի պաշտոնների ընտրվելուն, աշխատավարձ ստանալուն, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցեր տալուն, իրանք կան։ Երբ հարցը վերաբերում է իսկապես երկրի առանցքային հարցերի վերաբերյալ... լուծմանը, թռած են պատասխանատվությունից»։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

«Ի սկզբանե դատապարտված է քննիչ հանձնաժողովի աշխատանքը», - ընդդիմությանն ուղղված քննադատությանն ի պատասխան հայտարարում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը. - «Բարձրաձայնելու, թույլ չտալու... նման հանգամանքների նույնիսկ տեսական հնարավորություն առկա չէ։ Դուք ինչպես եք պատկերացնում, որ մարդիկ իրենք իրենց արարքը քննե՞ն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ենթադրենք մի դատախազ մեղադրվի մի արարքում, և հենց էդ գործով հսկող դատախազը ինքն էլ լինի»։

Պատերազի ավարտից 15 ամիս, նոր խորհրդարանի ձևավորումից 7 ամիս անց միայն ԱԺ-ում ստեղծվեց 44-օրյա պատերազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Առաջին նիստը երկուշաբթի է նախատեսված, կլինի բաց։ Հետագա նիստերը, ինչպես փոխանցեց հանձնաժողովական Արմեն Խաչատրյանը, դռնփակ կանցկացվեն։

XS
SM
MD
LG