Ուկրաինայի նախագահը զրուցել է ԱՄՆ նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Լեհաստանի նախագահի հետ։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին գրել է Թվիթերում։
«Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, Ուկրաինայի և աշխարհի դեմ պատերազմը, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասված է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ էլ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ շարունակում է բանակցություններն աշխարհի առաջնորդների հետ, ստացել է Կատարի Էմիրի աջակցությունը։ «Աշխարհը մեզ հետ է», - վստահեցրել է Զելենսկին։