- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լուգանսկի նահանգապետ Սերգեյ Գայդայը, այսօր մեկնաբանելով Սևերոդոնեցկում ծավալված ռազմական գործողությունների ընթացքը, չի բացառել, որ այստեղ մարտնչող ուկրաինական ստորաբաժանումները կարող են նահանջել։
«Մարտերը շարունակվում են, սակայն որևէ մեկը քաղաքը թողնել չի պատրաստվում, անգամ եթե մեր զինվորականները ստիպված լինեն նահանջել՝ ավելի շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով։ Դա չի նշանակում, որ քաղաքը թողնելու ենք, պարզապես չի բացառվում, որ մեր ստորաբաժանումները ստիպված լինեն հետ քաշվել», - հայտարարել է Գայդայը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եթե Ուկրաինան համաձայնի ականազերծել իր վերահսկողության տակ գտնվող նավահանգիստները, Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ մշակել առ այն, որ Կիևի այդ քայլը Մոսկվայի կողմից չի օգտագործվի «հատուկ գործողության» ընթացքում: Այսօր Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
Դրա հետ մեկտեղ, ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ ուկրաինական հացահատիկի՝ նավահանգիստներում արգելափակված լինելու փաստը համաշխարհային պարենային անվտանգության վրա որևէ կերպ չի ազդում։ «Ուկրաինայում աճեցված հացահատիկի մասնաբաժինը չի գերազանցում համաշխարհային արտադրության 1 տոկոսը», - հայտարարել է Լավրովը։
Խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հնարավոր բանակցությունների մասին՝ Լավրովը նշել է, որ նման հանդիպմանը պետք է նախորդեն երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները։ «Գնդակը Ուկրաինայի դաշտում է», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի Կիևի համար ընդունելի պայմաններով», - այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով»։
«Եվրամիությունը վճռականորեն պաշտպանելու է Ուկրաինային, իսկ դաշինքի պաշտպանական փաստաթղթերում հստակորեն խոսվելու է նաև Վրաստանին, Մոլդովային և Հարավային Կովկասի պետություններին օգնություն տրամադրելու մասին», - Ժոզեպ Բորելի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» գործակալությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է։ «Յուրաքանչուր օր մենք մինչև 100 զինվոր ենք կորցնում, շուրջ 500-ը վիրավորվում են։ Կրեմլը շարունակում է ճնշել զանգվածով, տեղապտույտ են տալիս, հզոր դիմադրության հանդիպում, մեծ կորուստներ կրում, բաց դեռ ուժեր ունեն ռազմաճակատի առանձին հատվածներում առաջ շարժվելու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռեզինկովը։
Պատերազմի 104-րդ օրը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական ուժերը գրոհում են Բոգորոդիչնևոյի շրջանում, որն ընկած է Դոնեցկի մարզի Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների ճանապարհին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Խարկովի քաղաքային իշխանությունները այսօր հայտնում են, որ չորեքշաբթի ուշ երեկոյան ռուսական ուժերի հրետակոծման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։
Արտակարգ իրավիճակների տեղական ծառայությունը հաղորդում է, որ հավանաբար հրթիռ է հարվածել հարևանությամբ սուպերմարկետին, սրճարանին ու դպրոցական գրադարանին։ Հրթիռակոծված տեղանքը այսօր մաքրվում էր փլատակներից ու բեկորներից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ինքնահռչակ Դոնեցկի դատարանը օտարերկրացի երեք ռազմագերիների՝ Բրիտանիայի երկու և Մարոկկոյի մեկ քաղաքացու մեղավոր ճանաչեց «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանությունը ուժով զավթելու փորձերի մեջ և վճռեց նրանց դատապարտել մահապատժի։
Նրանք Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներ են, որոնք պայմանագրեր էին կնքել դեռ մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Մարտական գործողությունների 106-րդ օրը Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ ռուսական կողմը հասնի Պուտինի նախանշած բոլոր նպատակներին։
«Նախագահ Պուտինը նշել է այս հատուկ ռազմական գործողության առաջադրանքները, և այդ խնդիրների կատարումը կնշանակի հատուկ ռազմական գործողության ավարտ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը» կարող է ավարտվել մինչև այս տարվա վերջ։ Ինքը՝ Դմիտրի Պեսկովն էլ օրերս ասել էր, թե Ուկրաինայում ռուսական «հատուկ ռազմական գործողության» հիմնական միջանկյալ արդյունքներից մեկը բազմաթիվ բնակավայրերի ազատագրումն է «ազգայնական տարրերից»։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Սևերոդոնեցկի մարտերով որոշվում է Դոնբասի ճակատագիրը. «Սա շատ դաժան ճակատամարտ է, շատ դժվար: Թերևս ամենադժվարներից մեկն այս պատերազմի ընթացքում: Ես երախտապարտ եմ յուրաքանչյուրին: Շատ առումներով մեր Դոնբասի ճակատագիրը այժմ որոշվում է այնտեղ»։
Independent-ը, հղում անելով բրիտանական հետախուզությանը, գրում է. «Դոնբասում ռուսական զորքերը տասնյակ անգամ գերազանցում են ուկրաինացիներին հրետանու և զինամթերքի քանակով, ինչը ճնշող ազդեցություն է թողնում ուկրաինացի զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա»։
Սակայն չնայած բոլոր այս դժվարություններին, սպառազինության պակասին ու ռուսական ուժերի առաջխաղացմանը, Զելենսկին վերստին հայտարարել է, որ Կիևի նպատակն է դուրս հանել ռուսական զորքերը երկրի ամբողջ տարածքից։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անժամկետ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, կառավարության գրեթե բոլոր մնացած անդամների, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի նկատմամբ:
Ընդհանուր հաշվով ցանկում 35 քաղաքական գործիչ է: Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում և Ուկրաինա մուտք գործելու արգելք:
Սանկցիաներ են սահմանվել նաև ռուսական 236 բուհերի և դրանց 261 ղեկավարների նկատմամբ: Այդ ցուցակում են Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան Պետական համալսարանը և դրա ռեկտոր՝ Ուկրաինայում ծնված Վիկտոր Սադովնիչին:
Զելենսկու հրամանագրով դադարեցվել է երկու երկրների համագործակցությունը մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
EFE իսպանական միջազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կհրավիրեն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի և այլ հաստատությունների հետ ավարտում է գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքը:
Դաշինքը դեռ պետք է հավանություն տա որոշմանը: Ենթադրվում է, որ առաջիկայում Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես կհրապարակի Ուկրաինայի ղեկավարին հրավիրելու որոշումը: