- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Bloomberg ամերիկյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հունիսի 17-ին կառաջարկի Ուկրաինային շնորհել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ:
Առաջարկի տեքստում տեղ կգտնեն Ուկրաինայում օրենքի գերակայություն ապահովելու և կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու պահանջներ:
Եվրոպական հանձնաժողովն այդ առաջարկը Եվրամիության գագաթնաժողովի քննարկմանը կներկայացնի հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին:
Վերլուծաբանների համոզմամբ, անդամի կարգավիճակ ստանալու դեպքում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է մոտ մեկ տասնամյակ տևել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիան, որպես պատժամիջոցների նոր փաթեթի մաս, հունիսի 17-ից կարգելի բեռնատարների, ինքնաթափ մեքենաների և բուլդոզերների արտահանումը Ռուսաստան։
Երկրի էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների ցանկը ներառում է նաև փայտանյութի որոշ տեսակներ, հաստոցների պահեստամասեր և մի շարք այլ ապրանքներ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ «երկրների մեծ խմբի» կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը «կբարձրացներ դրանց արդյունավետությունը»:
«Իմ կարծիքով՝ մեզ անհրաժեշտ է երկրների բավականին մեծ խումբ, որը կհամաձայնի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ», - հայտարարել է Յելենը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից, քանի որ ճապոնական կողմը չի վճարել համապատասխան քվոտայի համար։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը։
«Մենք, փաստորեն, արդեն սահմանափակել ենք [ձկան արտահանումը], և մենք դա սահմանափակել ենք հենց իրենց ջանքերով՝ իրենք հրաժարվեցին վճարել Կուրիլյան կղզիների շուրջ ձկնորսության քվոտաների համար։ Համապատասխանաբար՝ այդ իրավունքը կվերցվի նրանցից։ Հետևաբար, իրենք իրենց լավ պատժում են՝ նրանց նույնիսկ օգնելու կարիք չկա», - ասել է Տրուտնևը։
Ճապոնիայի և Ռուսաստանի միջև 1998 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ էր տալիս ճապոնացի ձկնորսներին ռուսական կողմի հատկացրած քվոտայի շրջանակում ձկնորսություն իրականացնել Կուրիլյան կղզիների հարավային մասում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել է մոտ 20 հազար զինծառայող: Այդ մասին հաղորդում է The Guardian բրիտանական օրաթերթը՝ վկայակոչելով մի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի:
Բրիտանական պարբերականը գրում է, թե մարդուժի և տեխնիկայի առավել ծանր կորուստներ ռուսները կրում են Լուգանսկի շրջանի արևմտյան հատվածում՝ Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար մարտերում, որտեղ նրանք որոշակի նվաճումներ են ապահովել և կարողացել են առաջ շարժվել:
Վերջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին հայտնել է, որ Ուկրաինայում սպանվել է 1351 ռուսաստանցի զինծառայող:
Ուկրաինական կողմն իր կորուստների մասին չի հաղորդում: Ռուսները պնդում են, որ Ուկրաինայի կորուստներն անգամներով են գերազանցում Ռուսաստանինը:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի փոխանցմամբ՝ «ամեն օր զոհվում է մոտ 100 և վնասվածք է ստանում մոտ 500 ուկրաինացի զինծառայող»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե «դրական լուրեր» ունի Զապորոժիեի շրջանից: Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը կարողացել է ետ մղել ռուսների գրոհները:
Իր ավանդական կեսգիշերային տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում Խարկովի շրջանի ուղղությամբ և ազատագրում են տարածքները:
Ռուսաստանը փորձում է ամրապնդվել Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, որտեղ նրանց ենթարկվող տեղական լիդերները ծրագրում են «հանրաքվեներ» անցկացնել Ռուսաստանին միանալու համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Le Parisien օրաթերթի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է մեկնել Կիև:
Ըստ պարբերականի, դա կարող է տեղի ունենալ Մակրոնի Ռումինիա կատարելիք այցից հետո: Մակրոնը ցանկանում է հանդիպել Ռումինիայում տեղակայված ֆրանսիացի զինծառայողների հետ:
Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:
Վերջերս Մակրոնն ասել է, թե պատրաստ է մեկնել Կիև, «եթե այդ այցը որևէ կերպ նպաստի ռուս-ուկրաինական համակարտության կարգավորմանը»:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից ավելի քան երեք ամիս անց՝ երեկ երեկոյան, նախագահ Պուտինը կրկին խոսել է հարևանների դեմ Ռուսաստանի նախորդ պատերազմներից ու պնդել, թե իրենց ճակատագիրն է կռվել՝ տարածքներ վերադարձնելու համար։
Այցելելով Պետրոս Առաջինի 350-ամյակին նվիրված ցուցահանդես, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը սեփական մեկնությունն է տվել նրա օրոք տեղի ունեցած դեպքերին ու պնդել է, թե 18-րդ դարի սկիզբին Շվեդիայի դեմ 21 տարի շարունակված պատերազմում Ռուսաստանի կայսրը սեփական տարածքների համար էր կռվում. - «Վերադարձնում էր տարածքներ, ամրապնդում էր պետությունը: Ըստ էության, մեր ճակատագիրն էլ է սա՝ վերադարձնել, ամրապնդել մեր տարածքները»:
Հայտնի պատմաբան Անդրեյ Զուբովը, «Ազատության» "Настоящее Время" ծրագրի եթերում մեկնաբանելով Պուտինի երեկվա խոսքը, այն որակել է «կատարյալ աղետ Ռուսաստանի համար»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:
Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Ուոլեսը, Զելենսկին և Ռեզնիկովը պայմանավորվել են «սերտ համագործակցել Ուկրաինայի տարածքը ռուսների ապօրինի գրավումից ազատելու համար»:
«Զենք, փող, սանկցիաներ, ահա այս երեք հարցերում Մեծ Բրիտանիան մշտապես առաջնորդողի դերում է», - ասել է Զելոենսկին, շնորհակալություն հայտնելով Լոնդոնին այս պատերազմում ցուցաբերվող աջակցության համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին այսօր Վատիկանում ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Զրույցի թեման եղել է Ուկրաինայի պատերազմը:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել է իր և Հռոմի պապի հանդիպման լուսանկարը և գրել, որ նրանք սատարում են ավերածություններից տառապող Ուկրաինային:
«Այս պատերազմը պետք է դադարեցնել և խաղաղությունը վերադարձնել Եվրոպա»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպել է նաև Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին: Այդ հանդիպման ընթացքում հիմնական թեման վերստին Ուկրաինան էր, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հացահատիկի մատակարարումների համաշխարհային խափանման վտանգը: