Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է, որ պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ ռուսական կողմը հասնի Պուտինի նախանշած բոլոր նպատակներին


Մարտական գործողությունների 106-րդ օրը Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ ռուսական կողմը հասնի Պուտինի նախանշած բոլոր նպատակներին։

«Նախագահ Պուտինը նշել է այս հատուկ ռազմական գործողության առաջադրանքները, և այդ խնդիրների կատարումը կնշանակի հատուկ ռազմական գործողության ավարտ», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը» կարող է ավարտվել մինչև այս տարվա վերջ։ Ինքը՝ Դմիտրի Պեսկովն էլ օրերս ասել էր, թե Ուկրաինայում ռուսական «հատուկ ռազմական գործողության» հիմնական միջանկյալ արդյունքներից մեկը բազմաթիվ բնակավայրերի ազատագրումն է «ազգայնական տարրերից»։

Սևերոդոնեցկի մարտերով որոշվում է Դոնբասի ճակատագիրը. Զելենսկի

Իսկ մարտական գործողությունների ամենաթեժ կետը շարունակում է մնալ Դոնբասը։ Հիմնական մարտերը Սևերոդոնեցկի շրջանում են։ Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական ուժերն այստեղ դանդաղ են առաջ գնում, իսկ Իզյումի շրջանում վերջին երկու օրվա ընթացքում ուժեղացրել են հարձակումը:

Ամենօրյա իր ուղերձում Ուկրաինայի նախագահն ասել է, թե Սևերոդոնեցկի մարտերով որոշվում է Դոնբասի ճակատագիրը. «Սա շատ դաժան ճակատամարտ է, շատ դժվար: Թերևս ամենադժվարներից մեկն այս պատերազմի ընթացքում: Ես երախտապարտ եմ յուրաքանչյուրին: Շատ առումներով մեր Դոնբասի ճակատագիրը այժմ որոշվում է այնտեղ»։

Independent-ը, հղում անելով բրիտանական հետախուզությանը, գրում է. «Դոնբասում ռուսական զորքերը տասնյակ անգամ գերազանցում են ուկրաինացիներին հրետանու և զինամթերքի քանակով, ինչը ճնշող ազդեցություն է թողնում ուկրաինացի զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա»։

Սակայն չնայած բոլոր այս դժվարություններին, սպառազինության պակասին ու ռուսական ուժերի առաջխաղացմանը, Վլադիմիր Զելենսկին գիշերային իր ուղերձում վերստին հայտարարել է, որ Կիևի նպատակն է դուրս հանել ռուսական զորքերը երկրի ամբողջ տարածքից։

«Եվրամիությունը վճռականորեն պաշտպանելու է Ուկրաինային»

Արևմուտքն էլ շարունակում է հայտարարել Ուկրաինային իր աջակցության մասին և պնդում, որ «ճգնաժամը պետք է հանգուցալուծվի Կիևի համար ընդունելի պայմաններով»։ Այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կրկին շեշտել է, որ «Եվրամիությունը վճռականորեն պաշտպանելու է Ուկրաինային»։

«Պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով», - ասել է նա։

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմից հետո» վերնագրով բանաձև են ընդունել, որում Եվրահանձնաժողովին և Եվրամիության խորհրդին կոչ են արել Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ «որպես ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության հստակ քաղաքական նշան»։

Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել եվրոպական երկրների իշխանություններին «անհապաղ տրամադրել Ուկրաինային անհրաժեշտ սպառազինություն» և «պատրաստ լինել առավելագույն ներդրում ունենալ ռազմական գործողությունների ավարտից հետո երկրի վերականգնման գործում»։

Բանաձևում Ուկրաինայից հետո Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացրած Մոլդովային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG