- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կեսգիշերային իր ավանդական ուղերձում ասել է, որ ամեն ինչ արվում է Մարիուպոլում և Ազովստալում մնացած բոլոր մարդկանց տարհանելու համար։
Պաշարված Մարիուպոլում «Ազովստալ» հսկա գործարանի տարածքը մնացել է ուկրաինական ջոկատների վերջին հենակետը
Զելենսկին նաև ասել է, թե ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը, բայց իրենք ամեն ինչ անում են՝ որքան հնարավոր է շուտ ազատագրեն իրենց տարածքները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հաղորդել է, որ ռուսական ուժերը Խարկովից նահանջում են դեպի հյուսիս-արևելք։ Իսկ Դոնեցկի մարզում շարունակում են հրետակոծությունները ուկրաինական ուժերի դիրքերի ամրությունները թուլացնելու, ոչնչացնելու նպատակով։
Իտալիայի Թուրին քաղաքում երեկ կայացած «Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթեց Ուկրաինան` Kalush Orchestra-ն` իր «Stefania» երգով:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Միացյալ Թագավորությունը, երրորդն` Իսպանիան:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է դաշինքի պաշտպանական ներուժը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու վերաբերյալ հարցեր։
Նրանք վերահաստատել են ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու իրենց հանձնառությունը և խոսել ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության պահպանման կարևորությունը, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը: Այս փաստաթուղթն առաջնորդելու է դաշինքը հաջորդ տասնամյակի համար։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ֆինլանդիան կիրակի օրը պաշտոնական որոշում է կայացրել՝ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Որոշումն ընդունվել է նախագահի և կառավարության արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի համատեղ նիստում։ Այն կքննարկվի խորհրդարանում երկուշաբթի օրը, իսկ քվեարկությունը սպասվում է երեքշաբթի: Դիմումը ՆԱՏՕ-ին կներկայացվի, ըստ ԶԼՄ-ների, չորեքշաբթի։
«Այսօր նախագահը և արտաքին պաշտպանական քաղաքականության կառավարական կոմիտեն որոշեցին դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Սա պատմական օր է: Բացվում է նոր դարաշրջան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Սաուլի Նիինիստոն:
Նրա խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները Ֆինլանդիային մղել են այս որոշմանը։ Նա ընդգծել է, որ «Ֆինլանդիայի անդամակցության մասին հայտարարությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ»։
Կիևում Հնդկաստանի դեսպանությունը, որը տարհանվել էր Լեհաստան, վաղը կվերսկսի աշխատանքը Ուկրաինայի մայրաքաղաքում։
Հնդկաստանի դիվանագիտական առաքելությունը սկզբում տեղափոխվել էր Լվով, մարտի 13-ին էլ՝ Վարշավա՝ Ուկրաինայում իրավիճակի կտրուկ վատթարացման, այդ թվում՝ երկրի արևմտյան շրջանների հրթիռակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Կիևը պնդում է, որ ուկրաինական զորքերը Խարկովի հատվածում դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի տեսանյութ է տարածել, որում պատկերված են ուկրաինացի զինվորականներ՝ կապույտ և դեղին գույներով ներկված սահմանային սյան մոտ խմբված։ Զինվորականները պնդում են, որ ներկայացնում են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի 127-րդ բրիգադը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշել է միայն, որ ռուսական ուժերը փորձում են թույլ չտալ ուկրաինական ուժերի առաջխաղացումը դեպի պետական սահման։
Արևմտյան լրատվամիջոցները ևս առայժմ ի վիճակի չեն անկախ աղբյուրներից հաստատել ուկրաինական զորքերի՝ սահմանին մոտենալու մասին տեղեկությունները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Որևէ երաշխիք չկա, որ Եվրամիությունն այսօր կկարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը», - այսօր Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հերթական հավաքից առաջ հայտարարել է դաշինքի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ դիվանագիտական փակուղու պատճառը «ԵՄ անդամ որոշ պետությունների կոշտ դիրքորոշումն է»։
Մոսկվայի դեմ սահմանվող պատժամիջոցների նոր փաթեթի առանցքային դրույթը, ըստ դրա հեղինակների, պետք է լինի Ռուսաստանում արդյունահանված նավթի ԵՄ ներկրման ամբողջական արգելքը։ Պաշտոնական Բուդապեշտը, սակայն, պնդում է, որ նման քայլը ծանր հարված կհասցնի Հունգարիայի տնտեսությանը։
Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկրին ռուսական նավթից հրաժարման հետևանքները չեզոքացնելու համար 750 միլիոն եվրո է պահանջվելու։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսական կողմը պնդում է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պաշարված ուկրաինացի զինվորականների հետ բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանի Պետական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը՝ Ալեքսանդր Խոդակովսկին։
Նրա խոսքով` այսօր առավոտյան «Ազովստալի» տարածքից ինը ուկրաինացի զինվորականներ են դուրս եկել՝ պնդելով, որ ներկայացնում են զինծառայողների ավելի մեծ խմբի շահերը։