- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվող վիրավոր ուկրաինացի զինվորականները կտարհանվեն», - հաղորդել է Ռուսաստանի ՊՆ՝ տեղեկացնելով, որ նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ուկրաինական պաշարված կայազորի հրամանատարության հետ բանակցությունների ընթացքում։
«Այս պահին գործարանի տարածքում լռության ռեժիմ է հաստատվել, բացվել է մարդասիրական միջանցք, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողները տեղափոխվում են Դոնեցկի հանրապետության Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Շվեդիայի կառավարությունը որոշել է պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ին՝ դաշինքին անդամակցելու խնդրանքով։ Ստոկհոլմի որոշումը կայացվել է հարևան Ֆինլանդիայի կառավարության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության գործընթաց սկսելու պաշտոնական հայտարարությունից մեկ օր անց։
«Շվեդիայի խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Դաշինքին անդամակցելը Շվեդիայի և մեր երկրի բնակչության համար լավագույն լուծումն է։ Շվեդիան անվտանգության ֆորմալ երաշխիքների կարիք ունի։ Այդ երաշխիքները կարող է տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքը», - նշել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«ԵՄ-ից ևս մի քանի օր կպահանջվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համաձայնեցնելու համար», - երեկ Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման ամբողջական արգելք սահմանելու շուրջ տարաձայնությունները դաշինքի ներսում պահպանվում են։
«Ես վստահ եմ, որ մենք պայմանավորվածությունների կկարողանանք հանգել արդեն առաջիկա մի քանի օրերին», - նշում էր գերմանական դիվանագիտության ղեկավարը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի նշաններ չի տեսնում, և մտահոգություն է հայտնել հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ։
Գերմանիան կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, խոստացել է Շոլցը։
Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ թույլ չի տա որոշումներ, որոնք կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության: «Մենք պետք է նաև մշտապես զգույշ լինենք, որպեսզի չընդունենք որոշումներ, որոնք մեզ կդարձնեն հակամարտության կողմ», - ընդգծել է Շոլցը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Սենատն ընթացակարգային քվեարկություն է անցկացրել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծի վերաբերյալ։ Օրինագծի վերաքննարկմանը կողմ է քվեարկել 81, դեմ՝ 11 սենատոր։
Սա նշանակում է, որ Կենտուկիի սենատոր Ռենդ Փոլի կողմից մայիսի 13-ին արգելափակված օգնության օրինագիծը կրկին կքննարկվի Սենատում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիությունը և ԱՄՆ-ը պայմանավորվել են հետագայում համակարգել իրենց գործողությունները՝ «մեղմացնելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»:
ԵՄ-ԱՄՆ Առևտրի և տեխնոլոգիաների հարցերով խորհրդի նիստից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք հավատարիմ են՝ «աշխատելու Ուկրաինայի հետ՝ վերականգնելու նրա տնտեսությունը և խթանելու առևտուրն ու ներդրումները»:
Երկուստեք բարձր է գնահատվել «արտահանման վերահսկողության ոլորտում աննախադեպ համագործակցությունը», որը, մասնավորապես, ուղղված է Մոսկվայի արդյունաբերական ու ռազմական ներուժի զարգացումը խոչընդոտելուն։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լեհաստանի գյուղատնտեսության նախարարն ասել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը կարող է անցնել Լեհաստանի տարածքով, քանի դեռ Ռուսաստանը խոչընդոտում է դրա արտահանումը սևծովյան նավահանգիստներով։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում պատերազմի առաջին օրերից դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են գալիս նկուղներից: Դրանով Մարիուպոլն ամբողջությամբ անցնում է ռուսների հսկողությանը:
Հինգ ավտոբուսներով զինծառայողները ռուսական բանակի ուղեկցությամբ մեկնել են Նովոազովսկ: Նրանցից շատերը վիրավոր են: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի փոխանցմամբ, 53 վիրավորներին փոխադրել են հիվանդանոցներ:
«Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը, Ազգային գվարդիան և Սահմանապահ ծառայությունը համատեղ սկսել են «Ազովստալի» գործարանի տարածքից 53 վիրավորներին Նովոազովսկ փոխադրեելու գործողությունը, ևս 211-ը մարդասիրական միջանցքով տեղափոխվել են Օլենիվկա, նրանց վերադարձի համար փոխանակման գործըինթաց կլինի»,- ասել է փոխնախարար Մալյարը:
Ուկրաինական կողմը չի կիրառում «հանձնվել» եզրույթը, սակայն «Ազովստալից» դուրս եկող ուկրաինացի զինծառայողները գործնականում հանձնվում են:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Նիժնի Նովգորոդում, «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովում, ասել է, որ Կիևը չի մասնակցում բանակցային գործընթացին:
«Բանակցությունները չեն շարունակվում, Ուկրաինան գործնականում դուրս է եկել այդ գործընթացից, Կիևը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին», - ասել է Ռուդենկոն:
Նա խոսել է նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային զենք գնելու համար ևս կես միլիարդ եվրո տրամադրելու Եվրամիության արտգործնախարարների որոշման մասին:
«Զենք գնելու համար ֆինանսական միջոցների տրամադրումը և բուն զենքի մատակարարումը ձգձգում են այս հակամարտության կարգավորումը, և այդ հանգամանքը մեր ղեկավարությունը բազմիցս է նշել»,- ասել է Ռուդենկոն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը հայտարարել է, թե Մեծ յոթնյակը և Եվրոպական միությունը կդիմեն բացահայտ թալանի, եթե որոշեն Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները փոխանցել Ուկրաինային: Այդպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ով ասել է, թե պատրաստ է քննարկել «ռուսական առգրավված պետական միջոցները Կիևին փոխանցելու և դրանցով Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու հնարավորությունը»:
«Ոչ ոք նման բան ռուսական կողմին կամ Կրեմլին չի ասել, և եթե լինի նման բան, ապա այդ որոշումը կլինի բացարձակ ապօրինի, աղաղակող և կպահանջի համապատասխան արձագանք, դա բացահայտ թալան կլինի»,- ասել է Պեսկովը: