- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի նախագահի, արտգործնախարարի հետ։ Ապրիլի 28-ին նա կուղևորվի Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Գուտերեշը մտադիր է երկու երկրների ղեկավարների հետ քննարկել զինված հակամարտության խաղաղ կարգավորումը և բազմակողմ հարաբերությունների ապագան։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի իշխանությունները այսօր հերթական անգամ կփորձեն ռուսական ուժերի կողմից պաշարված Մարիուպոլից տարհանել խաղաղ բնակիչներին, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Անցած օրերին Մարիուպոլից և քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանից տարհանումը բազմիցս ձախողվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում, ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս օգտվել հումանիտար միջանցքներից, ինչը պաշտոնական Կիևը հերքում է։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ռուսական կողմը սաստկացրել է հարձակումները Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ գտնվող «Ազովստալ» գործարանի վրա։
Քաղաքը շուրջ ութ շաբաթ է գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ՝ բացի հսկայական գործարանից, որտեղ, ինչպես հաղորդվում է՝ թաքնված են ուկրաինացի հարյուրավոր զինվորականներ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական ուժերը մի շարք հրթիռներ են արձակել Սև ծովի նավահանգստային Օդեսա քաղաքի ուղղությամբ, ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն, թիրախավորվել են ինչպես ռազմական օբյեկտներ, այնպես էլ բնակելի շենքեր։ Զոհերի մասին չի հաղորդվում։
Այս հրթիռակոծությունը հաջորդում է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությանը, որի համաձայն Մոսկվան ծրագրում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
«Եթե Մարիուպոլում մեր մարդիկ ոչնչացվեն, եթե օկուպացված տարածքներում պսևդոհանրաքվեներ անցկացվեն, Ուկրաինան դուրս կգա ցանկացած բանակցություններից», - հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Երեկ երեկոյան Կիևի մետրոպոլիտենի կայարաններից մեկում ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է, որ այժմ, չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը և խաղաղ բնակիչների սպանություններին, նախկինի պես կողմ է բանակցություններին և պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես ցանկանում եմ կանգնեցնել պատերազմը և ավարտել այն։ Կա դիվանագիտական ճանապարհ, կա ռազմական ճանապարհ։ Ցանկացած առողջ մարդ միշտ ընտրում է դիվանագիտական ճանապարհը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնել պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները․ - «Հենց որ մենք ավելի շատ զենք ունենանք, կգնանք առաջ և կվերադարձնենք մեր տարածքները։ Եվ դա տասը տարի հետո՛ չի լինի»։
Զելենսկու վկայությամբ՝ նույն օրը Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնցից մեկը՝ երեք ամսական երեխա։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ապրիլի 24-ին՝ առաջին անգամ պատերազմի սկսվելուց ի վեր, Կիև կժամանեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վաղը կժամանի Անկարա, որտեղ նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ ՄԱԿ-ի հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 26-ին այցելելու է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ապրիլի 28-ին էլ այցելելու է Կիև, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Նախօրեին, ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդումը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանը և Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ են մշակել, որը քննարկում են բանակցողները, և երկու պետությունների միջև «կուլիսներից դուրս կապեր են աշխատում»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ղրղըզստանում արգելել են Դոնբասի պատերազմի և Ղրիմի բռնազավթման մասին ռուսական քարոզչական գեղարվեստական կինոնկարների ցուցադրումը: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության նախարար Ազամատ Ժամանկուլովը: Նախարարի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է «ներկայիս միջազգային կացության կապակցությամբ»:
Ֆիլմերի ցուցադրումը մտադիր էր կազմակերպել «Հարմոնիա» ռուսական մշակութային կենտրոնը: Բիշքեկում և Օշում հանդիսատեսի ուշադրությանն առաջարկելու էին «Ղրիմ», «Դոնբաս», «Աղջիկն աշխարհազորից» և այլ ֆիլմեր, որոնք արդարացնում են Ղրիմի բռնազավթումը և Ուկրաինայի վրա ռուսների հարձակումը:
Ղրղըզստանի պետական անվտանգության կոմիտեն ավելի վաղ քաղաքացիներին կոչ է արել մայիսի 9-ին չհագնել Z տառային նշումով զինվորական համազգեստ: Գերատեսչությունը պարզաբանել է, որ «նման համազգեստը նպաստում է ազգամիջյան ատելության տարածմանը»: Պահանջն անտեսողները պատասխանատվության կենթարկվեն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի և բանակցային գործընթացի հարցերը: Նախագահ Էրդողանն ասել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը տրամադրել բանակցություններում, այդ թվում՝ հանդես գալ որպես միջնորդ: Նախագահը նշել է, որ սկզբունքորեն դրական է տրամադրված Թուրքիայի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրությունում:
Էրդողանն ասել է նաև, թե «անհրաժեշտ է հնարավորինս արագ խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանել Մարիուպոլից, որտեղ իրավիճակն օրըստօրե վատթարանում է»: