- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է Մարիուպոլում հաստատել «Զատկի հրադադար»: Ուղղափառները Ռուսաստանում և Ուկրաինայում այսօր նշում են Փրկչի Հարությունը՝ Սուրբ Զատիկը:
Կիևն առաջարկում է քրիստոնեական համերաշխության կանոններով գոնե տոնական օրը դադարեցնել կրակը և Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանի տարածքից մարդասիրական միջանցքով դուրս հանել խաղաղ բնակիչներին ու դիմադրությունը շարունակող ուկրաինացի զինծառայողներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը սոցցանցում գրել է, թե առաջարկում է Ռուսաստանի Դաշնությանը «մտածել հեղինակության վերջին փշրանքների մասին»: Դրա համար, ըստ Պոդոլյակի, անհրաժեշտ է անել «մարիուպոլյան երեք քայլ»՝ հռչակել «Զատկի հրադարար», բացել մարդասիրական միջանցք, համաձայնել անցկացնել բանակցություններ, որոնք միջոցով կողմերը կփոխանակեն գերիներին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, միայն երբ երկու պաշտոնյաները լքել են Ուկրաինան։
Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Նրանք Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 միլիոն դոլարի չափով։
«Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք ծանր հզոր սպառազինություն», - հանդիպումից առաջ ասել էր Զելենսկին՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարման հետ կապված իրավիճակը բարելավվել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում ասել է, որ այսօր նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կնշանակի։
Սպասվում է, որ նոր դեսպանը կլինի Սլովակիայում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Բրիջիթ Բրինքը։
ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է նաև, որ պատերազմի պատճառով հեռացած դիվանագետներն այս շաբաթվանից աստիճանաբար կվերադառնան Կիև։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կմեկնի Գերմանիա, որտեղ ամերիկյան Ռամշտայն ռազմակայանում կհանդիպի 20 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում ռուսական նավթի ներկրման դեմ՝ ԵՄ տնտեսությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար, բրիտանական The Times-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, և քննարկվող հարցերից մեկը նավթային էմբարգոյի ինչ-որ ձևն է։ Երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մենք պետք է դա անենք այնպես, որ հնարավորինս մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, բայց միևնույն ժամանակ նվազագույնի հասցնենք ինքներս մեզ պատճառած վնասը», - ասել է Դոմբրովսկիսը:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն հրաժարվել են ռուսական նավթից և գազից, իսկ Եվրամիությունը՝ Արևմուտքում ռուսական էներգառեսուրսների ամենամեծ գնորդը, մինչ այժմ ձեռնպահ է մնացել նավթի և գազի էմբարգոյից: ԵՄ-ը Ռուսաստանից ներմուծում է նավթի և նավթամթերքի 30 և գազի 40 տոկոսը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Հանգստյան օրերին արևմտյան մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Վլադիմիր Պուտինն այս պահին հրաժարվել է բանակցություններից և նպատակ ունի հնարավորինս շատ տարածք գրավել Ուկրաինայում։ Վաշինգտոնն էլ, թեև նախապատրաստել է պատժամիջոցներ Ալինա Կաբաևայի դեմ, դեռ չի հայտարարում դրանց մասին՝ Ռուսաստանի նախագահին է՛լ ավելի չզայրացնելու համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«800 միլիոն դոլար՝ այս գումարի չափով Վաշինգտոնը զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, դա չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծում գտնելուն», - "Интерфакс"-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Անտոնովի խոսքով՝ ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինա «փորձ է՝ բարձրացնելու խաղադրույքները, է՛լ ավելի սրելու իրավիճակը, տեսնելու ավելի շատ կորուստներ»:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմում, եթե ստանա անհրաժեշտ սպառազինությունը», - Կիև կատարած այցի ավարտին նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը Ուկրաինայի մայրաքաղաք էր ժամանել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ միասին։ Կիևում ամերիկյան պատվիրակության անդամները հանդիպել էին նախագահ Զելենսկու և ուկրաինացի մյուս բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանը այսօր կրկին մարդասիրական միջանցք է բացում «Ազովստալ» գործարանի շրջակայքում՝ հնարավորություն տալով ձեռնարկության նկուղներում գտնվող քաղաքացիական անձանց լքել տարածքը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ գործող Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Քաղաքացիական անձանց տարհանման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի Կիևի իշխանությունների և այդ մարդկանց որպես կենդանի վահան օգտագործող ազգայնական ստորաբաժանումների հրամանատարների սկզբունքային որոշումներից բացի», - հայտարարել է Միզինցևը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) պնդում է, որ կարողացել է կանխել հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։
Գերատեսչության պնդմամբ, մահափորձը պետք է իրականացնեին Ռուսաստանի տարածքում արգելված "National Socialism/White Power" նեոնացիստական խմբավորման անդամները։
Ռուսաստանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ որպես սպանության պատվիրատու հանդես էր գալիս Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
«Հանցավոր խմբի անդամները այժմ խոստովանական ցուցմունքներ են տալիս՝ նշելով, որ Սոլովյովի սպանությունից հետո պատրաստվում էին թաքնվել արտերկրում», - նշված է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում։