- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի պատերազմի հարցով այսօրվա ուղերձում հաղորդել է նոր պատժամիջոցի մասին, որը գործելու է Ռուսաստանի քաղաքացիական նավատորմի նկատմամբ:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական նավերի ընդունումը մեր նավահանգիստներում: Այդպես է որոշվել նաև Եվրոպայում: Դա նշանակում է, որ ոչ մի նավ, որը նավարկում է ռուսական դրոշի տակ, հանդիսանում է Ռուսաստանի սեփականությունը կամ շահագործվում է ռուսաստանցու կողմից՝ հետայսու չի կարողանա մոտենալ մեր ափերին կամ խարիսխ գցել մեր նավահանգիստներում»,- ասել է Բայդենը:
Եվրամիության ընդունած նմանօրինակ օրենքը ենթադրում է բացառություններ գյուղմթերք, պարեն, մարդասիրական օգնություն և էներգակիրներ փոխադրող նավերի համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանում չեղարկվել են «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի բոլոր ծրագրված համերգները: Համերգները չեղարկելու պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին օրերին Կրեմլին սատարող լրագրողները, հրապարակախոսները, հեռուստամեկնաբանները և սոցցանցերի օգտատերերը խստորեն քննադատել են խմբի հիմնադիր, երգահան և երգիչ Անդրեյ Մակարևիչին՝ պատերազմի վերաբերյալ նրա հայտնած կարծիքների համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) խորհուրդը երեկ որոշում է կայացրել՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, կասեցնել Ռուսաստանի մշտական դիտորդի կարգավիճակը կազմակերպությունում: Խորհրդի որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանը հետ կստանա դիտորդի կարգավիճակը, այն ժամանակ, երբ դադարեցնի պատերազմը, դուրս բերի իր բոլոր զորքերը միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածքից և «վերադառնա երկխոսության և դիվանագիտության ուղի»:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը խորհրդի որոշումը «լուրջ սխալ» է որակել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիան որոշել է Ուկրաինային ևս 37 միլիոն եվրո տրամադրել՝ պատերազմի հետևանքով ավերվածը վերականգնելու համար։ Այս մասին գրում է գերմանական թերթերից մեկը՝ հղում անելով Գերմանիայի զարգացման նախարարությանը։
Թերթի տվյալներով՝ 22,5 մլն եվրո կուղղվի էլեկտրացանցերի վերականգնմանը, իսկ 14,4 մլնը՝ բնակարանային ֆոնդի ու բժշկական սարքավորումների վերականգնմանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս անգամ պատժամիջոցների ցուցակում են Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի 144 անդամներ, ինչպես նաև Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան։
Տիխոնովային և Վորոնցովային Ավստրալիայի կառավարությունն անվանել է Վլադիմիր Պուտինի դուստրեր, ինչպես ավելի վաղ արել էին Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են կիրառվել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկում անօդաչու թռչող սարքեր, որոնք ամերիկյան ընկերության կողմից արտադրվել են ուկրաինական բանակի պահանջները հաշվի առնելով։
Խոսքը 121 անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք Ուկրաինա կուղարկվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայտարարված ամերիկյան օգնության փաթեթի շրջանակներում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար, այս մասին նախօրեին ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Վաշինգտոնում կազմակերպած հավաքին` հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ուկրաինական կառավարության ղեկավարը միջազգային ֆինանսական կառույցների անդամներին կոչ է արել Կիևին նվիրաբերել իրենց պահուստային ակտիվների 10 տոկոսը։ Շմիգալի խոսքով` կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 4-5 միլիարդ դոլար, իսկ երկարաժամկետ հեռանկարում երկրին պետք է «Մարշալի պլանի» պես ռազմավարություն:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի պատերազմի պատճառով Վատիկանը չեղարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Այս մասին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է արգենտինական La Nación թերթի հետ զրույցում։
Ֆրանցիսկոս պապը ափսոսանք է հայտնել հանդիպումը չեղարկելու համար, սակայն, ինչպես հավելել է, պատերազմի ընթացքում հանդիպելը կարող է «մեծ շփոթություն» առաջացնել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի տարածքում աշխատող ՄԱԿ-ի առաքելությունը Բուչայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների հինգ տասնյակ կանխամտածված սպանության դեպք է արձանագրել։ Նման գործողությունները հավասարվում են պատերազմական հանցագործություններին, ասվում է առաքելության զեկույցում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին Ժնևում կայացած ճեպազրույցում միևնույն ժամանակ նշել է, որ ՄԱԿ-ը դեռևս տեղեկություններ չունի ռուսական զինուժի կողմից ցեղասպան գործողությունների վերաբերյալ։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էր Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» բառը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կարծիքով` ռուսական գազի կտրուկ էմբարգոն չի կանգնեցնի Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, այլ ընդամենը կհանգեցնի Ռուսաստանում և ամբողջ Եվրոպայում լրջագույն տնտեսական ճգնաժամի։
«Եթե Պուտինը ընդուներ տնտեսական փաստարկները, նա երբեք չէր սկսի այդ խելահեղ պատերազմը»,- Der Spiegel-ի հետ զրույցում ասել է գերմանական կառավարության ղեկավարը։
Շոլցի խոսքով` Գերմանիայի իշխանությունները ցանկանում են խուսափել տնտեսական ճգնաժամից, միլիոնավոր աշխատատեղերի և գործարանների կորստից։ Էմբարգոյի արդյունքում կարող է տուժել ողջ եվրոպական տնտեսությունը, ինչը դժվարություններ կառաջացներ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար։