- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան կմիանա Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին այն դեպքում, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության:
«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եթե ՄԱԿ-ը հավանություն տա այդ պատժամիջոցներին, Թուրքիան ստիպված կլինի միանալ դրանց»,- ասել է Չավուշօղլուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, պատերազմի ընթացքում Ռուսաստանի բանակի, քաղաքական և զինվորական ղեկավարների գործելակերպը որակել է որպես «ցեղասպանություն»: Օրինագիծն ընդունվել է 363 կողմ քվեներով:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գործողությունները ոչ միայն ագրեսիայի հանցագործություն է, այլ հետապնդում է ուկրաինացի ժողովրդի և նրա ինքնության համակարգային և հետևողական ոչնչացման, ինքնորոշման իրավունքից և ինքնուրույն զարգացումից զրկելու նպատակ: Դա պահանջում է 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերջին փուլում Ռուսաստանի Զինված ուժերի գործողություններն անհապաղ ճանաչել որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն»,- ասվում է Գերագույն ռադայի ընդունած բանաձևին կից բացատրական գրությունում:
Ուկրաինայում Ռուսաստանի բանակի գործողությունները ցեղասպանություն ճանաչելու ուղերձներով Գերագույն Ռադան դիմելու է ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներին, արտասահմանյան պետությունների կառավարություններին և խորհրդարաններին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Բլինքենն այդ հարցերը քննարկել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
The New York Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինա են այցելել ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ:
Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսը և Ինդիանայից կոնգրեսական Վիկտորիա Սփարցը եղել են Կիևում և Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում, այդ թվում՝ Բուչայում և Բորոդյանկայում։ Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ կոնգրեսականները գնացքով Կիև են ժամանել Արևմտյան Ուկրաինայի տարածքից։
Սա ԱՄՆ պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական Տելեգրամ ալիքների փոխանցմամբ՝ Կիևում այս գիշեր մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն Twitter-ում գրառմամբ հայտնել է երեք հզոր պայթյունների մասին, որոնք հնչել են մայրաքաղաքում «մեկը մյուսի հետևից»։ «Ամենայն հավանականությամբ, Պուտինը զայրացած է «Մոսկվա»-ի [հածանավի] խորտակման պատճառով», - գրել է նա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, ավելի քան 355-ը վիրավորվել են, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը զգուշացնում է, որ վիրավորների և զոհերի ճշգրիտ թիվը դեռ ճշտվում է. դատախազները դեռևս ամբողջական տվյալներ չունեն այն շրջաններից, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում։
Երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Էմանյուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ իր աջակցությունը հայտնելու Ուկրաինային։
«Ապրիլի 14-ին լրացավ ուկրաինական սարսափի 50-րդ օրը։ 50 օր պատերազմ է մեր Եվրոպայի սրտում։ Նախագահ Զելենսկու հետ իմ զրույցի ժամանակ ես ևս մեկ անգամ հայտնեցի մեր վճռականությունը՝ կանգնելու նրա կողքին և վերջ դնելու հակամարտությանը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:
«Ուկրաինայում սարսափելի հանցագործություններ են կատարվել: Դեպքի վայրում գտնվող մեր փորձագետներն օգնում են ուկրաինացի և միջազգային դատական մարմինների պաշտոնյաներին ապացույցներ հավաքել ու բացահայտել մեղավորներին: Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Առանց արդարության խաղաղություն չկա», - հավելել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ պատերազմի անցած 50 օրերի ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ զինտեխնիկա և կշարունակի ռազմական աջակցությունը։ Բացի այդ, Ֆրանսիան Ուկրաինային ուղարկում է 24 հրշեջ և 50 շտապ բուժօգնության մեքենա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, որ Չինաստանն ի վերջո պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունում, քանի որ դա «ազդում է աշխարհում նրա հեղինակության վրա»։
Հիշեցնելով՝ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի Կանոնադրության և դրա հիմքում ընկած սկզբունքների վրա, Բլինքենն ընդգծել է՝ «այժմ այդ սկզբունքներին ձեռնոց է նետված» Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության երկրների առաջնորդներին, համաշխարհային IT ընկերությունների ղեկավարներին կոչ է անում «սոցիալական ցանցերի հնարավորությունների օգնությամբ ջախջախել Պուտինի քարոզչությունը»։
Բանտարկված քաղաքական գործչի ուղերձը հրապարակվել է Twitter-ում, դրանում Նավալնին առաջարկում է օրական ռուսներին ցույց տալ տասնյակ միլիոնավոր գովազդային հաղորդագրություններ՝ այդկերպ Պուտինի դեմ բացելով «տեղեկատվական ճակատ»։
«Ճշմարտությունն ու ազատ տեղեկատվությունը հարվածում են Պուտինի խելագար ռեժիմին ոչ պակաս, քան Javelin-ները », - հայտարարել է Նավալնին՝ շեշտելով, որ ինտերնետում գովազդի ծախսերը ռազմական ծախսերից անհամեմատ ցածր են։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը կարծում է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման սպառնալիքին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Այդուհանդերձ, Բըրնսի ղեկավարած գերատեսչությունն այդ մտահոգությունը խորացնող փաստեր չի տեսնում։
Հաշվի առնելով նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության հնարավոր հուսահատությունը, հաշվի առնելով այն անհաջողությունները, որոնց նրանք բախվել են մինչ այս պահը՝ ռազմական առումով, մենք չեն կարող անլուրջ մոտենալ մարտավարական միջուկային զենքի կամ ցածր հզորության միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքին», - նախօրեին հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։