Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:44 15.4.2022

Հյուսիսային Մակեդոնիան «անցանկալի անձ» է հայտարարել վեց ռուս դիվանագետների՝ «դիվանագիտական նորմերը խախտելու» համար։

«Այդ անձինք իրականացնում էին գործողություններ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, և առաջիկա հինգ օրվա ընթացքում պետք է լքեն Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքը», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

Անցած ամիս պաշտոնական Սկոպյեն արդեն մի խումբ ռուս դիվանագետների է արտաքսել երկրից՝ «անպատշաճ» դիվանագիտական գործունեության համար։

17:03 15.4.2022

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան հինգ միլիոն մարդ, այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։

Սա համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենաարագ աճող փախստականների ճգնաժամը։

Կառույցի տվյալներով՝ ավելի քան 2,7 միլիոն ուկրաինացի փախստական՝ 10-ից վեցը, ապաստանել են հարևան Լեհաստանում, 725 հազարը՝ Ռումինիայում։ Ուկրաինացի փախստականների 90 տոկոսը կանայք և երեխաներ են։

09:55 16.4.2022

Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով (Հարձակում Վրաստանի պետական քաղաքական պաշտոնյայի վրա)՝ կապված խորհրդարանի փոխնախագահ Գիա Վոլսկու հայտարարության հետ։

Իշխող մեծամասնության ներկայացուցիչը հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները մաս չեն կազմի Ուկրաինա մեկնող խորհրդարանական պատվիրակությանը, քանի որ ընդդիմադիր ուժը այցի ընթացքում «որոշակի սադրանք» էր ծրագրում։ Ոչ Վոլսկին, ոչ էլ Վրաստանի իրավապահ մարմինները մանրամասներ չեն հայտնում։

Վրաստանի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակության մեկօրյա այցը Ուկրաինա նախատեսված է ապրիլի 15-ին:

09:56 16.4.2022

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն, յոթ մարդ է զոհվել, ավելի քան երկու տասնյակը վիրավորվել խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա ռուսական հարձակման հետևանքով:

«Ապրիլի 14-ին ռուս զինծառայողները կրակել են Իզյումի շրջանի Բորովա գյուղից տարհանված խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա: Նախնական տվյալներով զոհվել է յոթ մարդ, ևս 27 մարդ վիրավորվել է», - ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

10:04 16.4.2022

Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ մասին պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսն ասել է CNN հեռուստակայանին:

Խոսնակն այդ մեկնաբանությամբ արձագանքել է մամուլում հայտնված հրապարակումներին, որոնց համաձայն ռուսներն ամերիկացիներից պաշտոնապես պահանջել են դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային:

«Ռուսաստանն ինչ-որ բան ասել է փակ ձևաչափով, ինչ-որ բան՝ բաց ձևաչափով, բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր ընտրած ռազմավարությունից»,- ասել է Փրայսը:

10:04 16.4.2022

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավը խորտակվել է ուկրաինացիների արձակած երկու հրթիռների հարվածից: Այդ մասին է հայտնել մի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Նրա փոխանցմամբ, հավանաբար, նավը խոցել են «Նեպտուն» տեսակի հրթիռներ:

Պաշտոնյայի համոզմամբ, «Մոսկվայի» հրթիռակոծության և հետագա խորտակման հետևանքով, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը կորուստներ է կրել, սակայն որևէ թիվ դեռևս հայտնի չէ:

10:06 16.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է:

«Առայժմ դժվար է ասել, թե վիրավորներից քանիսը ողջ կմնա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին հարցազրույցում:

11:40 16.4.2022

Գիշերը ռուս զինվորականները գնդակոծել են Կիևի մի քանի թաղամասեր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։

Ավելի վաղ տեղացիները հայտնել էին Ուկրաինայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյունի մասին, սոցցանցերում հայտնվել էր լուսանկար, որում ծուխ է երևում։

13:18 16.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում միջազգային հանրությանը Կիևին փոխանցել այն բոլոր զինատեսակները, որոնց տրամադրման խնդրանքով ուկրաինական կառավարությունը դիմել է արևմտյան պետություններին։

Զելենսկին այս մասին հայտարարել է անցած գիշեր հեռարձակված ուղերձում՝ պնդելով, որ մատակարարվող սպառազինության ծավալների ընդլայնումը կնպաստի ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։

«Որքան շուտ և որքան շատ զենք ստանանք, այնքան մեր դիրքերն ավելի ուժեղ կլինեն, և խաղաղությունը շատ ավելի արագորեն կհաստատվի», - հայտարարել է Զելեսնկին։

15:13 16.4.2022

Վատիկանը Ուկրաինայի ճնշման ներքո փոխել է Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ Ավագ Ուրբաթ մատուցվող պատարագի նախապես հաստատված կարգը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վատիկանում Ուկրաինայի դեսպանի, ինչպես նաև Ուկրաինայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկի վրդովմունքի պատճառը պատարագին հետևած խաչակրաց երթին ռուսաստանցի և ուկրաինացի կանանց մասնակցությունն էր։

Վատիկանում հաստատված սցենարի համաձայն` Քրիստոսի թաղման կարգ կոչվող արարողության ընթացքում Փրկչի խաչելությունը խորհրդանշող մեծ փայտյա խաչը կրում էին Հռոմում ավելի քան 20 տարի բնակվող ռուս և ուկրաինացի երկու կանայք։ Նրանք նաև համատեղ ուղերձի մի տեքստ էին պատրաստել, որում խոսում էին համամարդկային արժեքների կորստի և հաշտության անխուսափելիության մասին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG