- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդում էին Վիննիցայում պայթյունների մասին։ Վիննիցան գտնվում է մարտական շրջաններից հեռու, և խոսքը հավանաբար նոր հրթիռակոծության մասին է։ Մանրամասներ դեռ չեն փոխանցվում։
Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հրթիռներ են արձակվել Մարիուպոլի ուղղությամբ: Գիշերը Խարկովում պայթյուններ են որոտացել։ Առավոտյան պայթյուններ են լսվել նաև Կիևում: Հաղորդվում է Օդեսայից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Միրնոյե գյուղում ուժգին պայթյունի մասին։
Ուկրաինական ալիքները հայտնում են, որ գիշերվա ընթացքում օդային տագնապ է հայտարարվել գրեթե ամբողջ երկրում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ երեքշաբթի օրը արևելյան երեք շրջաններից՝ Սումիից, Խարկովից և Դոնեցկից տարհանվել է մոտ 30 հազար մարդ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետների հետ։
Այդ կերպ այս երկրների քաղաքական գործիչներն իրենց համերաշխությունն են հայտնել Ուկրաինայի ժողովրդին։ Նրանք քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և աջակցությունը Ուկրաինային։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի կառավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ ռազմական հանցագործությունները:
Փաստաթուղթը, որն ամերիկյան Կոնգրեսում վերին պալատում ներկայացրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, խստորեն դատապարտում է «բռնությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները», որոնք, ըստ նախագծի հեղինակների, իրականացվել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից՝ Պուտինի ղեկավարությամբ։
Բանաձևը կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Պուտինի, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև ռուսական զինված ուժերի հրամանատարության գործողությունները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները հավելյալ 186 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել ուկրաինացիներին, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշում է, որ «ԱՄՆ-ը տրամադրում է ավելի քան 186 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնություն՝ երկրի ներսում տեղահանվածներին և ավելի քան 3 միլիոն փախստականներին աջակցելու համար»։
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կհայտարարի Ուկրաինային ևս մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիան գրեթե 300 անուն ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ցուցակ է կազմել, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի մարտի 18-ից։
Բացի այդ, Ճապոնիան ամբողջությամբ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի մոտ հինգ տասնյակ ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկում է Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ առաքելություն տեղակայել։
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է խաղաղապահ առաքելություն ձևավորել ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ՝ ավելի լայն ներգրավվածություն ունեցող միջազգային կառույցի հովանու ներքո, որն ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն և գործել Ուկրաինայի տարածքում», - հայտարարել է Կաչինսկին անցած գիշեր Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Յարոսլավ Կաչինսկին Կիև էր ժամանել Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության կազմում, որում ընդգրկված էին նաև Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, բայց կարևոր են, քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով»,- անցած գիշեր հեռարձակված ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և կողմերի նախնական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են զգացվում։ «Ինձ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում ավելի իրատեսական մոտեցումներ են հնչում։ Ամեն դեպքում, էլի ժամանակ կպահանջվի որպեսզի կայացվող որոշումները բխեն Ուկրաինայի շահերից», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Պատերազմի 21-րդ օրը Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ լուսադեմին իրականացված հարվածների հետևանքով տուժել է քաղաքի արմուտքում գտնվող Շևչենկոյի շրջանը։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ, երկու բազմաբնակարան շենք է վնասվել, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին այսօր հայտարարել է,որ Կիևի պաշտպանությունը ռազմավարական խնդիր է։