«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե Կրեմլն ամբողջությամբ ձախողել է 2022 թվականին նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի» երկու նպատակները:
Առաջինը պատերազմի սկզբնափուլում հանրությանը ներկայացվել է իբրև «Ուկրաինայի ապառազմականացում»:
«Կրեմլը հասել է հակառակին, և հիմա Ուկրաինայի բանակն աշխարհում ամենահզորներից մեկն է և զիջում է միայն «Վագներ»-ին, իսկ ազդարարված երկրորդ նպատակը՝ «դենացիֆիկացիան», ուկրաինացիներին դարձրել է ազգ, որը հիմա ամբողջ աշխարհին է հայտնի», - ասել է Պրիգոժինը ռուսաստանցի քաղաքական խորհրդատու Կոնստանտին Դոլգովին տված հարցազրույցում:
Պրիգոժինը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը:
Նա չի բացառել, թե այս հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմին, ինչպես տեղի է ունեցել 1917 թվականին, երբ նախ ապստամբել են զինծառայողները, հետո էլ՝ նրանց ազգականները:
Պրիգոժինի համոզմամբ, հիմա Ռուսաստանին անհրաժեշտ են նոր զորահավաքներ, և «պետք է մի քանի տարի ապրել Հյուսիսային Կորեայի կերպարով»:
Բելառուսը վերստին պատրաստ է հարթակ տալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար:
Այդ մասին Մոսկվայի շրջանում գումարված անվտանգության հարցերով միջազգային հավաքում այսօր ասել է Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
«Բելառուսն անում է և պատրաստ է անել հնարավորը {ռուս-ուկրաինական} հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հիշեցնեմ, որ անցյալ տարի մեր տարածքում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով բանակցությունների երեք փուլեր: Մենք պատրաստ ենք դա վերսկսել և ապահովել անհրաժեշտ պայմանները»,- հայտարարել է Վոլֆովիչը:
Մոսկվայի մարզում տեղի ունեցող հավաքին մասնակցում են տասնյակ երկրների անվտանգության կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քաթարում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում ասել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումն ավերիչ հետևանք կունենա հենց վրացական տնտեսության համար:
«Մեր երկրում 2008 թվականին կռիվ էր, դուք հիշո՞ւմ եք, որ որևէ մեկը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ընդուներ: Ոչ ոք աշխարհում համարժեք չարձագանքեց այդ պատերազմին: Եվ ես հարցնում եմ՝ կա՞ր այստեղ տրամաբանություն: Ուրեմն, մեր կռիվը կռիվ չէ, իսկ Ուկրաինայինը կռի՞վ է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա իր ելույթում նշել է, որ Ռուսաստանը 2008-ին գրավել է Վրաստանի տարածքի մոտ 20 տոկոսը, ճանաչել է վրացական պատմական հողում անջատական երկու կազմավորումների անկախությունը, տեղակայել է երկու ռազմակայան, բայց Արևմուտքը շարունակել է գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Այդ օկուպացիան դեռ շարունակվում է: Ահա հարցս մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին՝ սիրելի բարեկամներ, դուք շարունակել եք ձեր բիզնեսը, ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ չէր սահմանել: Եվրամիությունը 2008-2022 թվականներին 2.5 տրիլիոն դոլար է վճարել Ռուսաստանին», - ասել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով` ռուս-վրացական առևտրի տարեկան ծավալը 1 միլիարդ դոլարից քիչ է: Դա Ռուսաստանի և Եվրոպայի առևտրի ընդամենը չորսօրյա ծավալն է: Վրաստանի մեկ միլիարդի առևտուրը չի կարող էապես ազդել Ռուսատանի վրա, քանի որ դա այդ երկրի արտաքին առևտրի 0.3 տոկոսն է, հետևաբար` տրամաբանական չի լինի Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների սահմանումը:
Միաժամանակ, Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխանությունը սատարում է Ուկրաինային և ուկրաինացիներին ու ցանկանում է օր առաջ ավարտված տեսնել այդ պատերազմը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը երեկ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննադատել է Հունգարիային Ուկրաինային հետագա ռազմական օգնությունն արգելափակելու համար:
«Որոշ չափով հիասթափված կամ նյարդայնացած եմ հունգարացի ընկերների պահվածքից օգնությունն արգելափակելու համար»,- ասել է Պիստորիուսը:
Պաշտոնական Բուդապեշտի այս քայլը հաջորդեց Ուկրաինայի կողմից Հունգարիայի խոշորագույն OTP բանկը Ռուսաստանի ներխուժման կողմնակիցների ցուցակում ընդգրկելուն: Հունգարիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բուդապեշտը կմերժի նոր ռազմական օգնության տրամադրումը, եթե OTP բանկը չհանվի այդ ցուցակից։
ԱՄՆ-ի արտադրության F-16 կործանիչներով ուկրաինացի օդաչուներին վարժեցնելով ՆԱՏՕ-ն չի դառնում հակամարտության կողմ, հայտարարել է ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանել այդ իրավունքը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա, ընդգծելով՝ «դա ոչ ՆԱՏՕ-ին , ոչ էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին չի դարձնում հակամարտության կողմ»:
Ռուսաստանը կիսում է այն կարծիքը, որ ուկրաինական հակամարտությունը չպետք է սառեցվի, և Մոսկվան կշարունակի հետամուտ լինել Ուկրաինայում իր նպատակներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողի դիտարկմանը՝ կիսո՞ւմ է արդյոք Ռուսաստանը Արևմուտքի կարծիքը, թե չի կարելի թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը սառեցվի, խոսնակը պատասխանել է. - «Ռուսաստանը համերաշխ է»:
«Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու միայն հետևյալ հնարավորությունն է դիտարկում՝ ապահովել իր շահերը և իր նպատակներին հասնել հատուկ ռազմական գործողությամբ կամ այլ հասանելի միջոցներով», - ասել է Պեսկովը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համոզմամբ՝ Ուկրաինային չի հաջողվի ռազմական ճանապարհով առավելության հասնել Ռուսաստանի նկատմամբ։
АP գործակալության փոխանցմամբ՝ Օրբանն այս մասին հայտարարել է Քաթարում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։ «Ակնհայտ է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Հարկավոր է առերեսվել իրականությանը՝ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք ուղարկել [Ուկրաինա], և խեղճ ուկրաինացիները ռազմի դաշտում հաղթելու հնարավորություն չունեն», - ասել է Օրբանը՝ պնդելով, որ ռազմական գործողությունները հնարավոր կլինի դադարեցնել այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարողանան ընդհանուր հայտարարի գալ։
«Այս պատերազմը կանգ չի առնի, քանի դեռ ռուսները համաձայնության չեն եկել Միացյալ Նահանգների հետ», - համոզված է Հունգարիայի վարչապետը։
Ռուսաստանի Բելգորոդի մարզի առնվազն 9 բնակավայրեր տարհանվել են նախօրեին այստեղ սկիզբ առած մարտական գործողությունների պատճառով։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ավելի քան 24 ժամ շարունակվող բախումների հետևանքով առնվազն 12 խաղաղ բնակիչ վիրավորվել է, մեկ մարդ մահացել է տարհանման ընթացքում։ 82-ամյա կնոջ մահվան հանգամանքներն առայժմ չեն հստակեցվում։
Ռուսական կողմը հայտարարում է, որ երեկ առավոտյան Բելգորոդի մարզ են ներխուժել Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն խմբերը։ Պաշտոնական Կիևը պնդում է, որ Բելգորոդի գործողությունն իրականացնում են ռուսաստանցի տարագիրներից կազմված «Ռուսական կամավորական կորպուսի» և «Ռուսաստանի ազատություն» լեգեոնի մարտիկները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Դոնեցկի մարզում գտնվող մարտական դիրքեր։
«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզի Ուգլեդար և Մարյինկա բնակավայրերի մերձակայքում գտնվող պաշտպանական դիրքեր։ Այցի պաշտոնական առիթն այսօր Ուկրաինայում նշվող Ծովային հետևակայինի օրն է։
«Պատերազմի յուրաքանչյուր օր Ծովային հետևակի կորպուսը, ոչնչացնելով թշնամուն, ազատագրելով ուկրաինական հողերն ու ամենադժվարին հատվածներում ամենադժվարին առաջադրանքները կատարելով՝ ապացուցում է, որ հզոր և կարող ուժ է», - դիմելով զինծառայողներին հայտարարել է Զելենսկին։
Նախնական տվյալներով՝ գիշերը ռուսական բանակը չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, և բոլորը խոցվել են, առավոտյան հաղորդել է ուկրաինական բանակի գլխավոր շտաբը:
Գիշերվա ընթացքում լակոնիկ տեղեկություններ եղան Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջանների վրայով կամիկաձե անօդաչուների թռիչքների մասին: Այս տարածքներում օդային տագնապ է հայտարարվել:
Ուկրաինայի գլխավոր շտաբը ռազմաճակատում իրավիճակի լուրջ փոփոխության մասին չի հայտնում: Ռուսները, ըստ հաղորդագրության, շարունակում են հարձակման փորձերը Կուպյանսկի և Լիմանի ուղղություններով և Ավդեևկայի, Մարյինկայի ու Բախմուտի շրջաններում։