Այս գիշեր Բելգորոդի մարզի Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է նետել վարչական շենքերից մեկի վրա, տանիքը վնասվել է, տուժածներ չկան, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ավելի ուշ, նրա խոսքով, Բորիսովկայում անօդաչու թռչող սարքի երկրորդ հարվածի արդյունքում վնասվել է բնակելի տան տանիք։
Գրայվորոնում, ըստ տեղական իշխանությունների, անօդաչու թռչող սարքերն ուղղվել են երկու բնակելի շենքերի վրա, պայթուցիկ սարքերի արձակման արդյունքում դրանք բռնկվել են։
Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի բնակիչները դեռ չպետք է վերադառնան իրենց տները: Երեկ իշխանություններն այնտեղից տարհանել էին մարդկանց, խաղաղ բնակիչների մեջ զոհեր չկան։
Միաժամանակ, նահանգապետն ասել է, որ Գրայվորոնում տարհանման միջոցառումների ժամանակ մահացել է 1941 թվականին ծնված մի կին։
Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի սահմանային շրջանում, ուր նախօրեին մուտք է գործել «Ռուս կամավորական կորպուսի» ջոկատը, «պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածքի մաքրումը՝ ուժային կառույցների հետ միասին»։
Բացի այդ, Բելգորոդ քաղաքի բնակիչները հաղորդում են քաղաքում պայթյունի ձայնի և այն փողոցի արգելափակման մասին, որտեղ գտնվում է տեղի Անվտանգության դաշնային ծառայության շենքը: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չկա։
Ռուսաստանյան իշխանությունները հայտնում են, որ Բելգորոդի շրջանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքերով՝ Գլոտովո գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է, Գրեյվորոն քաղաքում ևս չորս հոգի, այդ թվում՝ մեկ կին, բեկորային վնասվածքներ են ստացել։
Այսօր առավոտից հաղորդվում է Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան Բելգորոդում ընթացող մարտերի, գնդակոծությունների մասին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ իրադարձությունները, պնդել է, որ Կիևի նպատակը Բախմուտից ուշադրությունը շեղելն է։
Պեսկովը նաև հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի տարածքից «ուկրաինացի դիվերսանտներին դուրս մղելու և ոչնչացնելու ուղղությամբ, տեղում կան բավարար ուժեր և միջոցներ»։
Ռուսաստանյան և ուկրաինական աղբյուրների տվյալներով՝ թեժ մարտեր են ընթանում ռուս-ուկրաինական սահմանին՝ Բելգորոդի և Խարկովի շրջանների միջև։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ուկրաինական կողմից մեկ կամ մի քանի զինված խմբավորումներ են ներխուժել ռուսական տարածք, տեսանյութեր են հրապարակվել Բելգորոդի շրջանի սահմանային անցակետի վրա ենթադրյալ հարձակումների վերաբերյալ, որոնց իսկությունը, սակայն, դեռևս չի ստուգվել։ Հաղորդվել է նաև Ուկրաինային սահմանամերձ ռուսական բնակավայրերի հրթիռակոծության մասին։
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տարածած հայտարարությամբ Ուկրաինային մեղադրել է «Բելգորոդի շրջանի դեմ տեղեկատվական հարձակման մեջ», ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ հաստատել է Գրայվորոնովսկի շրջանի հրետակոծությունը, սակայն ասել է, որ դրա հետևանքով վիրավորներ, զոհեր չկան։ Գլադկովի խոսքով՝ «հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներխուժել է Գրայվորոնովսկի շրջանի տարածք», և քայլեր են ձեռնարկվում նրանց «չեզոքացնելու համար»։
Կիևը չի մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունները։
Հիրոսիմայում երեկ ավարտվեց Մեծ յոթնյակի եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցեց նաև Ուկրաինայի նախագահը։ Հիմնական արդյունքներից է Արևմուտքի աջակցությունը Կիևին նաև F-16 կործանիչներ մատակարարելու միջոցով։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Վլադիմիր Զելենսկիից երաշխիքներ է ստացել, որ ուկրաինական կողմը F-16-եր ստանալու դեպքում դրանք չի օգտագործի ռուսական տարածքի դեմ: «Նա վստահեցրեց, որ իրենք նման ինքնաթիռներ չեն օգտագործի ռուսական տարածքի դեմ», - ասել է Բայդենը կիրակի օրը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահն այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը վստահ է, որ Կիևին F-16-երը տրամադրելու ծրագրերը չեն հանգեցնի Ռուսաստանի և Արևմուտքի միջև կտրուկ էսկալացիայի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ էության, հաստատել է Բախմուտ քաղաքի անցումը Ռուսաստանի վերահսկողությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ պատասխանելով հարցին, թե արդյոք Բախմուտը մնո՞ւմ է Կիևի վերահսկողության տակ, Զելենսկին ասել է. - «Կարծում եմ՝ ոչ։ Այսօր Բախմուտը միայն մեր սրտերում է»։
Մոսկվան երեկ հայտարարեց, որ ամբողջությամբ գրավել է արևելյան ուկրաինական քաղաքը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորել է «Վագներ» մասնավոր ընկերությանը և ռուսական բանակին քաղաքի «ազատագրման» համար։ Պուտինը նշել է, որ 15-ամսյա պատերազմի ամենաերկար և արյունալի ճակատամարտն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով։
Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ քաղաքում ամեն ինչ ոչնչացված է։ «Դա ողբերգություն է։ Այնտեղ ոչինչ չկա», - նկատել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» մասնավոր ընկերությանը և ռուսական բանակին արևելյան ուկրաինական Բախմուտ քաղաքի «ազատագրման» համար։
Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ Պուտինը նշել է, որ 15-ամսյա պատերազմի ամենաերկար և արյունալի ճակատամարտն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով, և որ բոլոր նրանք, ովքեր դրանում հաջողել են, կպարգևատրվեն։
Ռուսական «Վագներ»-ը երեկ հայտարարեց, թե ամիսներ շարունակված արյունալի մարտերից հետո ամբողջովին գրավել է Բախմուտը։
Վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը ասել է, թե իր ուժերը հաջորդ շաբաթ դուրս են գալու քաղաքից հանգստանալու և հանձնելու են այն ռուսական կանոնավոր բանակին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Բայդենը նման հայտարարություն է արել Հիրոսիմայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնության փաթեթը ներառում է զինամթերք, հրետանի, զրահատեխնիկա։
Այս շաբաթվա սկզբին արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ փաթեթը գնահատվել է 375 միլիոն դոլար:
Ռուսական «Վագներ» մասնավոր ընկերությունը հայտարարում է, թե ամիսներ շարունակված արյունալի մարտերից հետո ամբողջովին գրավել է Բախմուտը։
Վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր հայտարարել է, թե իր ուժերը հինգ օրից՝ հաջորդ շաբաթ, դուրս են գալու քաղաքից հանգստանալու և հանձնելու են այն ռուսական կանոնավոր բանակին։
Կիևը, մինչդեռ, հերքում է լուրերը, թե կորցրել է քաղաքի հանդեպ վերահսկողությունը։ Ուկրաինական բանակի խոսնակը Reuters-ին ասել է՝ դա սուտ է, «մեր ստորաբաժանումները կռվում են Բախմուտում»։ Պաշտպանության փոխնախարար Հաննա Մայլարն էլ պնդել է՝ «կատաղի մարտեր են, իրավիճակը ծայրահեղ վատ է։
«Մեծ յոթնյակը» Հիրոշիմայում գումարված գագաթնաժողովի ավարտից մեկ օր առաջ այսօր ընդունել է եզրափակիչ հռչակագիրը, որով հաստատել է Ուկրաինային դիվանագիտական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցությունը և Ռուսաստանի ու այդ երկրին սատարողների նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու վճռականությունը:
«Մեծ յոթնյակը» Պեկինին կոչ է արել «հատուկ ռազմական օպերացիային» վերջ տալու և Ուկրաինայից ռուսական զորքը դուրս հանելու համար ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա:
«Մեծ յոթնյակը» Թեհրանին կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի խնդրում Ռուսաստանին սատարելու և Մոսկվային զինատեսակներ փոխանցելու քաղաքականությունից:
«Մեծ յոթնյակը» հայտնել է, որ պատրաստ է կառուցողական և կայուն հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և Թայվանի հարցում հավատարիմ է «Մեկ Չինաստան» հայեցակարգին:
«Մեծ յոթնյակը» քննարկել և եզրափակիչ հռչակագրում ներառել է մի շարք կարևոր այլ դրույթներ, որոնց թվում են աշխարհի ապամիջուկայնացումը, հրաժարումը զանգվածային ոչնչացման այլ զինատեսակներից, ահաբեկչության դեմ պայքարը, պարենային անվտանգությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Այս տարի «Մեծ յոթնյակում» նախագահում է Ճապոնիան: Գագաթնաժողովը կավարտվի վաղը՝ մայիսի 21-ին:
Ռուսական բանակը մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը նորից անօդաչուներով հարվածների է ենթարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և մի շարք այլ բնակավայրեր: Դա ԱԹՍ-ներով 11-րդ գրոհն է մայիսի ընթացքում:
Կիևի շրջանային վարչակազմը հայտնում է, որ ՀՕՊ-ը վայր է գցել Shahed տեսակի բոլոր 18 անօդաչուները, տուժածներ չկան:
Դնեպրովսկի շրջանում խոցված անօդաչուի բեկորներն ընկել են տան վրա, ինչից հրդեհ է բռնկվել, սակայն այն արդեն մարվել է:
Բացի իրանական արտադրության Shahed-ներից, ուկրաինական ՀՕՊ-ը վայր է գցել նաև Мерлин-ВР տեսակի մեկ հետախուզական ռուսական անօդաչու:
Առավոտյան Խերսոնի շրջանի Բերիսլավ ավանում ռուսական արկը հարվածել է սեփական տներից մեկին, զոհվել է երկու մարդ: Խերսոնի շրջանում կա նաև մեկ վիրավոր:
Հրթիռային հարվածների են ենթարկվել Սլավյանսկը, Պոլտավկան և Ուհլեդարը: Կուպյանսկի շրջանի Պետրոպավլովկա գյուղում մի 65 տարեկան տղամարդ է զոհվել: