Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի կառավարության օդանավով ժամանել է Հիրոշիմա, որտեղ պետք է մասնակցի «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին:
Նախապես ենթադրվել է, որ Զելենսկին առցանց ձևաչափով է շփվելու Ճապոնիայում գումարված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցների հետ: Այդ մասին նա պայմանավորվել է մարտ ամսին Կիև այցելած Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ, բայց դրանից հետո Զելենսկին ասել է, որ ցանկանում է անձամբ ներկա լինել հավաքին, և Տոկիոն հավանություն է տվել նրա այցին:
Գագաթնաժողովի ընթացքում Զելենսկին մասնակցելու է Ուկրաինայի հիմնահարցին նվիրված նիստին:
«Ճապոնիայում եմ: Կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և բարեկամների հետ: Անվտանգություն և համագործակցության հզորացում՝ հանուն մեր հաղթանակի: Այսօր խաղաղությունն ավելի մոտ է դառնում»,- Տելեգրամ ալիքում գրել է Զելենսկին:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի ղեկավարը Հիրոշիմայում նաև առանձին հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի և մյուս լիդերների հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Բայդենը Հիրոշիմայում կհայտարարի Ուկրաինային ևս 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Նախօրեին «Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են, որ կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ:
Մեկնաբանելով Ուկրաինային F-16 տեսակի ամերիկյան կործանիչներ տրամադրելու արևմտյան երկրների մտադրության մասին տեղեկությունը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Արևմուտքը շարունակում է էսկալացիան:
Այդ մասին Գրուշկոն ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական խորհրդի 31-րդ ժողովում:
Նրա խոսքով, Ռուսաստանը հաշվի կառնի F-16-ներ Կիևին փոխանցելու հնարավորությունը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:
«Հիմա տեղի է ունենում շարժում այսպես կոչված էսկալացիայի աստիճանով: Մենք տեսնում ենք, որ Արևմուտքի երկրներն առաջ են գնում էսկալացիոն սցենարով: Դա մեծագույն վտանգ է հենց նրանց համար: Մենք դա հաշվի կառնենք մեր ծրագրերում: Բոլոր դեպքեորում մենք ունենք մեր նպատակներին հասնելու անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Գրուշկոն:
Երեկ NBC ամերիկյան հեռուստակայանը հաղորդել է, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները մտադիր են F-16 տեսակի կործանիչներ տալ Կիևին և ստեղծել հատուկ ուսումնական կենտրոններ, որտեղ ուկրաինացի օդաչուները կսովորեն վարել ու մարտեր մղել արդիական արևմտյան ինքնաթիռներով:
Ռուսաստանի արտաքին և պաշտպանական խորհուրդը 1992 թվականին ստեղծված հասարակական կազմակերպություն է, որի անդամներն են գործարարներ, հանրային և պետական գործիչներ, ուժային կառույցների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ և մամուլի աշխատակիցներ:
Խորհուրդը մշակում է և պատկան մարմիններին է տրամադրում արտաքին և պաշտպանական քաղաքականությանն առնչվող հայեցակարգեր, վերլուծություններ և առաջարկներ:
«Մեծ յոթնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները Հիրոսիմայի գագաթնաժողովում համատեղ հայտարարությամբ իրենց լիակատար աջակցությունն են հայտնում Ուկրաինային` ընդգծելով, որ այդ երկրի վրա հարձակվելով Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։
G7-ը պահանջում է ռուսական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ G7-ը վերահաստատում է՝ Ուկրաինային կշարունակեն տրամադրել ինչպես ռազմական աջակցություն, այնպես էլ ֆինանսական միջոցներ։
Աշխարհի ամենազարգացած տնտեսություններն ունեցող յոթ երկրների ղեկավարները նաև մտադիր են շարունակել Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ շեշտելով, որ կշարունակեն սահմանափակել ցանկացած ապրանքի, սարքավորման արտահանում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ելույթ ունենալու Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում։
Սա Զելենսկու առաջին այցն է Թագավորություն, որտեղ նա հանդիպում կունենա նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում նախատեսում է քննարկել մի շարք առաջնահերթ հարցեր՝ «Ղրիմից և ժամանակավոր օկուպացված այլ տարածքներից բոլոր քաղբանտարկյալների և տեղահանվածների վերադարձը, խաղաղության բանաձևը»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներում ուկրաինացի օդաչուների ուսուցումը և Կիևին հեռահար թևավոր հրթիռների տրամադրումը:
«Ողջունում եմ Ուկրաինային այդ հրթիռները տալու և արևմտյան ինքնաթիռներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցումն ապահովելու դաշինքի երկրների որոշումը», - ասել է Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ հունիսին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովում ի շարս այ հարցերի կքննարկվի նաև Ուկրաինային արդիական կործանիչներ տրամադրելու հնարավորությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիան կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և այդպես պատասխանատվության կենթարկեն ռուսներին Ուկրաինայի վրա անցյալ տարվա փետրվարի 24-ին հարձակվելու համար:
Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան լրագրողներին ասել է Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցելուց հետո: Նա ասել է, որ Տոկիոն և Վաշինգտոնը կշարունակեն աջակցել Կիևին:
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի պատերազմից զատ կլիմայի, պարենի միջազգային հիմնախնդրի և գլոբալ անվտանգության, այդ թվում՝ մտահոգություն առաջացնող Չինաստանի քաղաքականության թեմաներն են: Գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 19-21-ը:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին տեսաուղերձով կդիմի գագաթնաժողովի մասնակիցներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր այցելել է պայմանագրային զինծառայողների ուսումնական կենտրոն, որը գտնվում է Ռուսաստանի արևմտյան զինտարածքում:
Ռուսաստանի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը նախարարին զեկուցել է սպաների հսկողությամբ հրաձգարաններում անցկացվող դասընթացների մասին:
Նա ասել է, որ ուսումնական գործընթացը վարող բոլոր սպաներն ունեն մարտական փորձ, քանի որ մասնակցել են «հատուկ ռազմական օպերացիային»:
Պայմանագրային զինծառայողները մարտական պատրաստություն են անցնում, հրաձգային վարժանքներից և տակտիկական դասընթացներից զատ, նրանք նաև սովորում են ցույց տալ առաջին օգնությունը և աշխատել ռադիոկապի միջոցներով:
Դասընթացներում հաշվի է առնվում այն, որ հակառակորդը կիրառում է արևմտյան արտադրության զինատեսակներ:
Դասընթացներից հետո պայմանագրային զինծառայողներին ուղարկում են մշտական տեղակայման վայրեր՝ ուսումնական փուլը համապատասխան ստորաբաժանումներում և զորամասերում շարունակելու համար:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան մի խումբ անդամներ նախագահ Ջո Բայդենին հասցեագրված նամակում կոչ են արել անհապաղ չեղարկել Ուկրաինային F-16 տեսակի կործանիչներ տրամադրելու արգելքը: Այդ մասին այսօր հայտնել է Նյու Յորքում լույս տեսնող The New York Times օրաթերթը:
«Հաշվի առնելով Ուկրաինային հրասայլեր փոխանցելու հարցում նախնական փուլում մեր դաշնակիցների ցուցաբերած անվճռականությունը, մենք գտնում ենք, որ լրացուցիչ ռեսուրսներ և հնարավորություններ Կիևին տալու գործում ԱՄՆ-ի առաջնորդությունը չափազանց կարևոր է: F-16 տեսակի մարտական օդանավերի տրամադրումն անհրաժեշտ է այս պատերազմն արդար պայմաններով ավարտելու համար»,- ասվում է նամակում:
Ըստ The New York Times-ի, նամակը ստորագրել են 14 կոնգրեսականներ՝ թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական: Խմբի աշխատանքը համակարգում է Մեն նահանգից ընտրված դեմոկրատական կոնգրեսական Ջարեդ Գոլդենը:
Երեկ՝ մայիսի 17-ին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ կործանիչների հարցում Սպիտակ տան դիրքորոշումն անփոփոխ է՝ դրանք Ուկրաինային չեն փոխանցվի:
Երեկ The New York Times-ը հաղորդել է, որ ամերիկացիները չեն թույլատրում ուկրաինացի օդաչուներին մարտական պատրաստություն անցնել եվրոպական դաշնակիցների F-16 օդանավերով:
Մայիսի 9-ին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է, թե իր երկիրը Մեծ Բրիտանիայի, Դանիայի, եվրոպական մի շարք այլ պետությունների և ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինային F-16-ներ փոխանցելու հարցը:
«Դրա շուրջ ակտիվ բանակցություններ են»,- ասել է Նիդերլանդների կառավարության ղեկավարը:
Ուկրաինայի կառավարությունում ընդունում են, որ F-16 տեսակի կործանիչների խնդիրը ձգձգվում է և արագ չի լուծվի:
Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը հայտնել է, որ Լոնդոնը մտադիր է ուկրաինացի ռազմական օդաչուների համար բացել ուսումնական կենտրոն, որտեղ նրանք կսովորեն վարել արևմտյան մարտական ինքնաթիռներ:
Բելառուսը պատրաստ է պայմաններ ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար: Այդ մասին մամուլին տեղեկացրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
«Մինսկի հարթակը բաց է բոլոր սուր հարցերը քննարկելու համար: Եվրոպայի մայրցամաքում ամենագլխավոր խնդիրն Ուկրաինայի տարածքում այս պատերազմի դադարեցումն է», - ասել է Վոլֆովիչը:
Նա լրագրողներին հիշեցրել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես է կոչ անում բանակցել:
«Նախագահն ասել է՝ Մինսկը բաց է, կգտնենք որոշման ուղիներ, փոխզիջումներ, դադարեցնենք այս արյունահեղությունը, որը ոչ մեկին պետք չէ: Կքննարկենք նաև այլ հարցեր: Գոնե դրանից է պետք սկսել», - հայտարարել է Վոլֆովիչը:
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն ավելացնել ևս 3.5 միլիարդ եվրոյով:
Այդ հիմնադրամից է գումար փոխանցվում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Բորելը խնդրել է լրացուցիչ գումար տրամադրել, քանի որ, նրա խոսքով, հիմնադրամի հաշվին եղած միջոցներն արդեն սպառման եզրին են:
Խաղաղության եվրոպական հիմնադրամն արտաբյուջետային կառույց է, որի հաշվին հիմա կա մոտ 8 միլիարդ եվրո:
Ուկրաինային ռազմական օգնություն փոխանցող եվրոպական պետությունները հենց այդ հիմնադրամից են հատուցում ստանում:
Այսօրվա դրությամբ հիմնադրամից վճարվել է մոտ 4 միլիարդ 600 եվրո Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նպատակով: