Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:11 18.5.2023

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում, շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որի նպատակն է լրացուցիչ միջոցներ հավաքել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ֆինանսավորելու համար:

Օրինագծի հեղինակները՝ կոմունիստական կուսակցությունից Պետական դումա ընտրված պատգամավորներ Միխայիլ Մատվեևը և Վյաչեսլավ Մարխաևն, առաջարկում են բոլոր ռեստորանների, սրճարանների և ակումբների չափահաս այցելուների ծախսած գումարի 1 տոկոսը գանձել հօգուտ պետության:

Այդ դրամական միջոցները պետական բյուջեից հետագայում կփոխանցվեն «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին սատարելու համար ստեղծված «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի հաշվին:

Օրինագծին կից բացատրական նամակում պատգամավորները գրել են, որ այդ գումարով հնարավոր կլինի օգնել «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին:

Պատգամավոր Մատվեևը դեռ մայիսի 12-ին է հայտարարել, որ անհրաժեշտ է սահմանել նոր գանձում, որը նա անվանել է «զվարճանքի հարկ»:

Նրա խոսքով, այդ նախաձեռնության հեղինակը ռուսական ռեստորաններից մեկի սեփականատերն է, որի անունը չի հայտնել: Սեփականատերը կարծիք է հայտնել, որ ռեստորաններում, սրճարաններում և ակումբներում «հաշիվը փակող անձի համար լրացուցիչ 1 տոկոսի վճարումը բարդ խնդիր չի լինի»:

«Հայրենիքի պաշտպանների» հիմնադրամը ստեղծվել է ապրիլի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

16:06 18.5.2023

Բռնակցված Ղրիմի Սիմֆերոպոլի մարզում հացահատիկով բեռնված վագոնները դուրս են եկել ռելսերից: Այս մասին նախ հայտնել էին Տելեգրամ ալիքները, ապա տեղեկությունը հաստատեց Ղրիմի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան: «Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ հատվածում էլեկտրագնացքների շարժումը դադարեցված է, ուղևորները կտեղափոխվեն ավտոբուսներով», - գրել է նա։

Ակսյոնովը ոչինչ չի ասել պայթյունի վերաբերյալ, ինչի մասին հայտնել են Baza, 112 և Mash Տելեգրամ ալիքները։ Դրանց փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով հացահատիկով հինգ վագոն դուրս է եկել ռելսերից։ SHOT իշխանամետ հեռագրային ալիքը գրում է, որ Ղրիմում փնտրում են երկաթուղում դիվերսիա կատարելու մեջ կասկածվողի։

«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովն ավելի ուշ գրել է, որ Չիստենկոյե գյուղի մոտ երկաթուղային գծերի տակ պայթուցիկ սարք է տեղադրվել, և պայթյունի հետևանքով վնասվել է ռելսերի 50 մետրը։

Ղրիմի երկաթուղին հայտարարել է, որ վագոնները գծերից դուրս են եկել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին կողմնակի անձանց միջամտության պատճառով»։

16:05 18.5.2023

Այս գիշեր ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա 30 թևավոր հրթիռներով՝ ծովից, օդից և ցամաքից, ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է բոլորը՝ բացառությամբ մեկի, հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանը հրթիռներ է արձակել Կիևի, Օդեսայի և այլ քաղաքների ուղղությամբ։ Երեկոյան Օդեսայում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են:

Կիևում գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը, ըստ նախնական տեղեկությունների, խոցել են բոլոր օդային թիրախները, որոնք ներգրավված են եղել զանգվածային հարվածի մեջ, պնդում է քաղաքային ռազմական վարչությունը։ Սա 9-րդ զանգվածային հրթիռային հարձակումն է այս ամսվա սկզբից։

Լրատվամիջոցները հաղորդում են նաև Վիննիցայի, Խմելնիցկիի և Խարկովի մարզերում պայթյունների մասին։

14:26 18.5.2023

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում, շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որի նպատակն է լրացուցիչ միջոցներ հավաքել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ֆինանսավորելու համար:

Օրինագծի հեղինակները՝ կոմունիստական կուսակցությունից Պետական դումա ընտրված պատգամավորներ Միխայիլ Մատվեևը և Վյաչեսլավ Մարխաևն, առաջարկում են բոլոր ռեստորանների, սրճարանների և ակումբների չափահաս այցելուների ծախսած գումարի 1 տոկոսը գանձել հօգուտ պետության:

Այդ դրամական միջոցները պետական բյուջեից հետագայում կփոխանցվեն «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին սատարելու համար ստեղծված «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի հաշվին:

Օրինագծին կից բացատրական նամակում պատգամավորները գրել են, որ այդ գումարով հնարավոր կլինի օգնել «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին:

Պատգամավոր Մատվեևը դեռ մայիսի 12-ին է հայտարարել, որ անհրաժեշտ է սահմանել նոր գանձում, որը նա անվանել է «զվարճանքի հարկ»:

Նրա խոսքով, այդ նախաձեռնության հեղինակը ռուսական ռեստորաններից մեկի սեփականատերն է, որի անունը չի հայտնել: Սեփականատերը կարծիք է հայտնել, որ ռեստորաններում, սրճարաններում և ակումբներում «հաշիվը փակող անձի համար լրացուցիչ 1 տոկոսի վճարումը բարդ խնդիր չի լինի»:

07:52 18.5.2023

Ուկրաինայի բանակային հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ պատերազմի ավարտի հիմնական պայմաններից մեկը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ առնվազն 100 կիլոմետր լայնությամբ։

«Սա է մեր նպատակը», - ասել է Բուդանովը «Իսլանդիա» ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով, որ անվտանգության գոտին պետք է ստեղծվի Ռուսաստանի տարածքում։

«Հարյուր կիլոմետրանոց հեռավորությունը օպտիմալ է, քանի որ այդ դեպքում սովորական միջոցներով հնարավոր չի լինի արդյունավետ հարվածներ հասցնել Ուկրաինային», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։

23:15 17.5.2023

Իսլանդիայում գումարված Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան, հրաժարվել են ստորագրել Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը:

Այդ մասին մայիսի 17-ին հայտնել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան:

Փաստաթուղթը ստորագրած տասնյակ պետությունների թվում են Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան:

Գրանցամատյանը (ռեեստրը) տեղակայվելու է Հաագայում: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան հայտնել է, որ գրանցամատյանի աշխատանքը սերտորեն համակարգվելու է Ուկրաինայի հետ:

«Ռեեստրը կընդունի, կմշակի և կպահի {Ուկրաինայի կրած} վնասների մասին դիմումները», - ասել է Հոկստրան։

Նրա խոսքով, այդ մեխանիզմին միացել է 43 պետություն: Ենթադրվում է, որ այն ամբողջ ծավալով կսկսի աշխատել 2024 թվականին:

18:16 17.5.2023

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկություններով՝ նախօրեին Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինային տրամադրված ՀՕՊ երկու Patriot համակարգերից մեկը վնասվել է։

Սպիտակ տան անանուն աղբյուրը հեռուստաընկերության փոխանցել է, որ Կիևի մերձակայքում տեղակայված ամերիկյան արտադրության ՀՕՊ համակարգը վնասվել է, սակայն ամբողջությամբ չի ոչնչացվել, ինչպես պնդում է ռուսական կողմը։

Patriot համակարգերից մեկը Ուկրաինային էին փոխանցել Միացյալ Նահանգները, մյուսը՝ Գերմանիան և Նիդերլանդները։

Արևմտյան աղբյուրները առայժմ չեն հստակեցնում, թե դրանցից հատկապես որ մեկն է հայտնվել ռուսական ուժերի թիրախում։ Պաշտոնական Կիևը ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունները չի մեկնաբանում։

16:05 17.5.2023

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները կստեղծեն «կործանիչների կոալիցիա»՝ Ուկրաինայի համար F-16 ռազմական օդանավեր գնելու նպատակով։

Մայիսի 16-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման մասին։

«Վարչապետ Սունակը և վարչապետ Ռյուտեն պայմանավորվել են, որ աշխատելու են ստեղծել միջազգային կոալիցիա Ուկրաինային օդային մարտական պոտենցիալ տրամադրելու համար՝ աջակցություն ցուցաբերելով ամեն ինչում՝ սկսած [օդաչուների] վերապատրաստումից մինչև F-16 կործանիչներ գնելը», - ասվում է Իսլանդիայում անցկացվող Եվրախորհրդի գագաթնաժողովում Սունակի և Ռյուտեի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։

Իր երեկոյան ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան Կիևի հետ միասին կաշխատեն «կործանիչների կոալիցիայի» վրա։

16:04 17.5.2023

Այս գիշեր Ուկրաինայի 17 մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական զորքերը հրթիռներն արձակել են Սև ծովից: Հաղորդվում է Նիկոլաևում պայթյուններից հետո բռնկված հրդեհների մասին։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլաևի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ վիրավորում է ստացել, վնասվել են շերքեր՝ ավտոսրահ, առևտրի կենտրոն, արտադրական ենթակառուցվածք և առանձնատներ:

Մեկ ժամ անց Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապը չեղարկվել է:

07:34 17.5.2023

Կրեմլը հայտարարել է, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի։ Այդ նպատակով Մոսկվան նոր փաստարկ է դրել շրջանառության մեջ՝ որպեսզի կանխվի ռուսական տարածքի նոր գնդակոծությունը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այս մասին խոսել է՝ արձագանքելով Թելեգրամ ալիքների հաղորդումներին, թե երեքշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանը ռմբակոծել են իբր ֆոսֆորային ռումբերով։

«Իհարկե, մենք դա դատապարտում ենք ամենախիստ ձևով։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է և կշարունակվի, որպեսզի դա տեղի չունենա», - ասել է Պեսկովը։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել ռուսական Թելեգրամ ալիքների հաղորդագրությունները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG