Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:26 5.5.2023

Ուկրաինայի թվային տեխնոլոգիաների նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտնել է, որ «Դրոնների բանակ» կառավարական ծրագրի շրջանակում արդեն պատրաստվել են ԱԹՍ-ների կառավարման 10 հազար օպերատորներ։

Անձնակազմի ուսուցումը տարվում է 20 մասնագիտացված դպրոցներում։

Տարբեր երկրներից «Դրոնների բանակ» ծրագրին փոխանցվել է շուրջ 325 միլիոն դոլար։

13:50 5.5.2023

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ մայիսի 10-ին «Վագները» կհեռանա Բախմուտից՝ դիրքերը հանձնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին։

Բախմուտից հեռանում են, որովհետև բավարար զինամթերք չեն ստանում, իսկ մինչև մայիսի 10-ը մնալու որոշում են ընդունել, որպեզի չփչացնեն մայիսի 9-ի հաղթանակի օրը։

Երեկ երեկոյան հրապարակված տեսանյութում Եվգենի Պրիգոժինը, ցուցադրելով «Վագների» տասնյակ սպանված գրոհայինների մարմինները, նրանց մահվան համար մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Նա պնդել է, որ «Վագներին» անհրաժեշտ զինամթերքի անբավարարությունը 70 տոկոս է կազմում, և եթե գոնե իրենց «նորման» ստանային, ապա զոհերը հինգ անգամ քիչ կլինեին։

«Նրանք կամավոր այստեղ են եկել և մահանում են, որպեսզի դուք ճարպակալեք կարմիր փայտից պատրաստված ձեր կաբինետներում»,- ասել է Պրիգոժինն՝ օգտագործելով նաև վիրավորական բառեր։

16:50 4.5.2023

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, թե Վաշինգտոնը գնահատականներ չի տալիս Կրեմլի վրա անօդաչուների գրոհի միջադեպի վերաբերյալ։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ է պատահել և գնահատական չենք տալիս։ Ես առավոտյան տեսել եմ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի] Պեսկովի մեկնաբանությունը, թե մենք, իբր, ինչ-որ առնչություն ունենք դրան։ Կարող եմ հավատացնել, որ Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունի, ինչ էլ որ տեղի է ունեցել՝ ԱՄՆ-ը դրան չի մասնակցել», - հայտարարել է Քիրբին։

Նրա փոխանցմամբ, Ամերիկան այդօրինակ բաներ չի անում և կապ չունեն միջադեպի հետ։

15:35 4.5.2023

Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսը տեղի կունենա առանց կրճատումների, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա փոխանցմամբ, զորահանդեսի ընթացքում ելույթ կունենա երկրի ղեկավարը։ Խոսնակն այդպես պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք անօդաչուներով Կրեմլը հարվածների ենթարկելու վերջին միջադեպը կարող է զորահանդեսի ծրագրի փոփոխություններ ենթադրել։

«Ո՛չ, նախապատրաստվում է սովորական զորահանդես, այլ բան չունեմ ասելու։ Ինչպես և ընդունված է, նախագահը ելույթ կունենա»,- ասել է Պեսկովը:

Այսօր, մեկնաբանելով Կրեմլի վրա անօդաչուների գրոհը, Պեսկովն ասել է, թե Մոսկվան գիտի, որ հարվածներ հասցնելու միջոցները և թիրախները թելադրում է Վաշինգտոնը։

«Մենք լավ գիտենք, որ այսօրինակ ահաբեկչական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում։ Կիևը պարզապես կատարում է այն, ինչ հրամայում են», - ասել է Պեսկովը։

15:33 4.5.2023

Ռուսաստանը երբ հարմար կգտնի՝ այն ժամանակ էլ կպատասխանի անօդաչու թռչող սարքերով Կրեմլը թիրախավորելու Ուկրաինայի ահաբեկչական գործողությանը, նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Ինչպե՞ս կարձագանքեին ամերիկացիները, եթե ինչ-որ անօդաչու թռչող սարքով հարվածի ենթարկվեին Սպիտակ տունը, Կապիտոլիումը կամ Պենտագոնը: Պատասխանն ակնհայտ է թե՛ քաղաքական գործչի և թե՛ շարքային քաղաքացու համար՝ պատիժը կլինի կոշտ և անխուսափելի։ Ռուսաստանն էլ կպատասխանի, երբ նպատակահարմար կգտնի։ Կպատասխանի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք Կիևը ստեղծել է մեր երկրի ղեկավարության համար», - ասել է Անտոնովը։

Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ չունի որևէ առնչություն անօդաչուներով Կրեմլի վրա կատարված հարձակման հետ։

Ուկրաինային վերագրվող այդ գրոհը տեղի է ունեցել երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը, տուժածներ և ավերածություններ չկան։

15:31 4.5.2023

Ուկրաինայի նապագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Հաագայում կհանդիպի Միջազգային քրեական դատարանի ղեկավարության հետ։ Այդ մասին France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է նախագահի մամլո քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Մենք Հաագայում ենք, մտադիր ենք հանդիպել Միջազգային քրեական դատարանի ղեկավարների հետ», - ասել է խոսնակը։

Զելենսկին երեկ երեկոյան է ժամանել Հաագա: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Մարկ Ռյուտեի, արտաքին գործերի նախարար Վոլե Խուկստրայի և պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենի հետ։

14:23 4.5.2023

Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուների գրոհի, ինչի հետևանքով գործարանի տարածքում հրդեհվել է նավթամթերքի պահեստը։

Չորս անօդաչուներից մեկը չի պայթել և ընկել է գործարանի տարածքում։ Այն վնասազերծելու համար կպայթեցնեն։

Այրվել է մոտ 400 քառակուսի մետր տարածք, հրդեհն արդեն մարվել է։

Ըստ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հրապարակած հաղորդագրության, զոհեր և վիրավորներ չկան, գործարանի հարևանությամբ բնակվող մարդկանց վտանգ չի սպառնում։

22:26 3.5.2023

Լարված է իրավիճակը նաև Ռուսաստանի այլ շրջաններում, ամեն օր պայթյուններ, հրդեհներ։

Անցած գիշերը Կրասնոդարի երկրամասում նավթամթերքով տանկեր է բռնկվել, իշխանությունները չեն նշում հրդեհի պատճառը։
Բրյանսկի մարզում էլ երկաթուղում երկրորդ պայթյունն է եղել, ևս մեկ բեռնատար գնացք դուրս է եկել ռելսերից, հայտնել են շրջանային իշխանությունները։ Այսօր առավոտյան, ռուսական Telegram ալիքների փոխանցմամբ, անօդաչու թռչող սարքը հարվածել է Բրյանսկի շրջանի ռազմական օդանավակայանին։ Ենթադրաբար, խոսքը Սեշայի օդանավակայանի մասին է, որտեղ տեղակայված է Ռուսաստանի ՊՆ 224-րդ թռիչքային ջոկատը։

Հաճախակի դարձած այս հարձակումների ֆոնին ռուսական քաղաքների իշխանությունները հրաժարվում են մայսիսի 9-ին անցկացվող Հաղթանակի օրվան նվիրված շքերթներից։ Անվտանգության նկատառումներից ելնելով տոնական շքերթները չեղարկվել էր Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի և Պսկովի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում։

17:19 3.5.2023

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ին ասել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան։

«Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին, սակայն ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան բոլոր առկա ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքներն ազատագրելուն, այլ ոչ թե հարձակվում է ուրիշների վրա», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Նիկոֆորովի խոսքով՝ ահաբեկչությունը՝ Դնեպրի և Ումանի տների ավերված մուտքերն են, «իսկ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ակնհայտորեն սրում է իրավիճակը մայիսի 9-ից առաջ»։

Կրեմլն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ուկրաինական ուժերը փորձել են անօդաչուներով թիրախավորել Պուտինի նստավայրը:

16:44 3.5.2023

Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ կասեցվել է, այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը չի տուժել, Կրեմլի շենքերին նյութական վնաս չի պատճառվել:

Կրեմլը հարձակման փորձը որակել է որպես ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - հայտարարում է Կրեմլը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG