Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել է, որ հաշվի առնելով անվտանգության ապահովման խնդիրները| տեղական իշխանությունները որոշել են չեղարկել Կուրսկ քաղաքում մայիսի 9-ի տոնական զորահանդեսը:
Նահանգապետի փոխանցմամբ, օպերատիվ շտաբը որոշել է Հաղթանակի օրը խստացնել հակաահաբեկչական միջոցները:
Անցած շաբաթ Հաղթանակի զորահանդեսը չեղարկելու մասին է հայտնել նաև Բրյանսկի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նա ասել է, թե իշխանությունները չեն ցանկանում «կենտրոնում մեծ թվով զինտեխնիկայով և զինծառայողներով սադրել թշնամուն»:
Ուկրաինայի հետ սահմանակցող Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում որոշ բնակավայրեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում պարբերաբար հայտնվում են կրակի տակ, կան զոհեր և ավերածություններ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերջերս հավաստիացրել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսը չեղարկելու կամ դրա ձևաչափը փոխելու խնդիր չկա:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ծանուցելով այլ երկրներում քաղաքացիության կամ բնակության իրավունքի մասին՝ ռուսաստանցիներն ի շարս այլոց նշել են նաև Հայաստանը:
«Առավել հաճախ Ռուսաստանի քաղաքացիները հայտնել են Իսրայելում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մոլդովայում, Իսպանիայում, Իտաիայում և Ֆրանսիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունենալու մասին», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամլո վարչության ներկայացուցիչը:
Անցյալ տարվա ընթացքում ռուսաստանցիներն ընդհանուր հաշվով ներկայացրել են ավելի քան 50 հազար նմանօրինակ ծանուցումներ, որոնցից 31 հազար՝ այլ երկրում քաղաքացիություն ունենալու, և 19 հազարը՝ այլ երկրում օրինական կարգով բնակվելու իրավունքի մասին են:
Ռուս զինվորականները սկսել են մշակել հյուսիսարևմտյան սահմանների պաշտպանությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալուց հետո սպառնալիքների բարձր մակարդակի հետ, ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Դյոմինը։
«Ֆինլանդիան մաս կազմեց ՆԱՏՕ-ի բլոկին: Շվեդիան պատրաստվում է միանալ դաշինքին: Այս պայմաններում հակաօդային պաշտպանության ուժերը մշակում են երկրի հյուսիս-արևմուտքում պետական սահմանի պաշտպանության հետ կախված հարցեր՝ սպառնալիքների բարձր մակարդակին համապատասխան», - ասել է Դյոմինը:
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ավելացնել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ մեծացնելով աջակցությունն Ուկրաինային, այսօր հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես Մեծ յոթնյակի նախագահող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին՝ Մեծ յոթնյակի հետ, կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։
Արտահոսքի արդյունքում համացանցում հայտնված ամերիկյան փաստաթղթերի համաձայն՝ ամիսներ առաջ Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինին պատկանող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ուկրաինական պատերազմի համար փորձել է զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։
The Washington Post թերթի լրագրողները վերլուծել են արտահոսքի արդյունքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը: Նրանք գրում են, թե ամերիկյան հետախույզները կարողացել են տեղեկություն ստանալ «Վագներ»-ի ծրագրերից գաղտնալսման արդյունքում։ Հետախույզների զեկույցներից մեկի համաձայն՝ փետրվարի սկզբին «Վագներ»-ի ներկայացուցիչները հանդիպել են «Թուրքիայում գտնվող զրուցակիցների հետ՝ թուրքական կողմից զենք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով», ընդ որում, ըստ այդ փաստաթղթերի, «Վագներ»-ն ուզում էր զենք գնել Ուկրաինայում և Մալիում ռազմական գործողությունների համար:
Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները՝ գնե՞լ է «Վագներ»-ը զենք թուրքական կողմից, թե՞՝ ոչ, և արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն այդ բանակցությունների մասին։
The Washington Post-ի լրագրողները վերլուծել են ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնի ավելի քան 50 էջ փաստաթղթեր, որոնց վերջերս են հրապարակային դարձել արտահոսքի հետևանքով: Համաձայն այդ փաստաթղթերի՝ Պուտինի մերձավոր զինակցի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից զենք գնել։
«Փետրվարի սկզբին «Վագների» ներկայացուցիչները հանդիպել են թուրքական կոնտակտների հետ՝ հույս ունենալով զենք և տեխնիկա ձեռք բերել Մալիում և Ուկրաինայում «Վագների» գործողությունների համար», - ասվում է փաստաթղթում, գրում է WP-ն։
Ենթադրվում է, որ Մալիի ժամանակավոր նախագահը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայից զենք գնել «Վագների» անունից։
Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները, և արդյոք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն դրանց մասին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ավանդական Սուրբ Զատիկի ուղերձը նվիրել է Ուկրաինայի խաղաղությանը։
Կիրակի օրը ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ հավաքվել էր շուրջ 100 հազար մարդ, նա հիշեցրել է աշխարհի դժբախտությունների մասին։
Հռոմի պապը խաղաղության կոչ է արել։
«[Տեր], օգնիր սիրելի ուկրաինացի ժողովրդին գալ խաղաղության և Սուրբ Զատկի լույս սփռի ռուս ժողովրդի վրա», - ասել է հովվապետը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հորդորել է ռուսներին պարզել իրականությունը Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման մասին, նշում է Reuters-ը։
Զապորոժիեի հերթական հրթիռակոծության հետևանքով բնակելի շենքը մասամբ ավերվել է բռնկված հրդեհից։ Պայթյունը մասամբ վնասել է հարևան տները, ջարդվել են ապակիները։
Ժամը 08:00-ի դրությամբ տեղեկությունների համաձայն՝ զոհվել ՝ երկու հոգի՝ 50-ամյա հայրը և նրա 11-ամյա դուստրը։
Փլատակների տակից Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փրկել է 46-ամյա մորը, ավագ դուստրը տանը չի եղել:
Ուկրաինայի արևելք անցած տարվա փետրվարի 24-ին ներխուժած ռուսական ուժերը երեկվա ընթացքում նախաձեռնել են մոտ 60 գրոհներ, որոնք ուկրաինացիները կարողացել են հետ մղել: Այդ մասին այսօր հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, որի փոխանցմամբ, ռուսները Դոնեցկի շրջանում հարձակումներ են իրականացնում Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ:
«Անցած 24 ժամում թշնամին նախաձեռնել է 2 հրթիռային և 35 օդային գրոհներ և ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածներ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրութունում:
Ուկրաինացիների փոխանցմամբ, դատելով Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռուսների գործողություններից, նրանք պատրաստվում են քաղաքացիական բնակիչներին տարհանել գրավված Ղրիմի թերակղզի:
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են, որ այսօր Ֆեոդոսիայում ռուսական ուժերը վայր են գցել մեկ ուկրաինական հրթիռ:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում քննարկման են ներկայացվել Քրեական օրենսգրքի լրամշակումներ, որոնք ենթադրում են ցմահ ազատազրկում պետական դավաճանության համար և առավել խիստ պատժաչափեր ահաբեկության համար:
Նախօրեին այդ լրամշակումների մասին հայտնել է Պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը: Նրա խոսքով՝ լրամշակումների քննարկումը կիրականացվի արագացված կարգով:
Այսօր գործող օրենքով ահաբեկչական գործողության համար նախատեսվում է առավելագույնը 15 տարի, մինչդեռ, լրամշակումը ենթադրում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Բացի այդ, նախատեսվում է խստացնել պատժաչափերն ահաբեկչական գործուղություններին նպաստելու, ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու, ինպես նաև դիվերսիաների համար: