The Bell կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինը կառավարության պաշտոնյաներին արգելել է առանց հատուկ թույլտվության հեռանալ Ռուսաստանի տարածքից:
Արգելքը տարածվում է նախարարների, նրանց տեղակալների, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների և վարչությունների պետերի վրա:
Փորձագետների համոզմամբ, իշխանությունները ցանկանում են կանխել այդ կատեգորիայի քաղաքացիների հնարավոր փախուստն արտասահման:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ բանակցել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցի շուրջ:
«Ռուսաստանը պետք է հասնի այն պահին, երբ պատրաստ կլինի ներգրավվել կառուցողական բանակցություններում: Հրադադարի գաղափարն, իհարկե, շատ գրավիչ է, բայց եթե այն հիմա հաստատվի, դա կնշանակի վավերացնել Ուկրաինայի տարածքի զգալի մասի գրավումը Ռուսաստանի կողմից», - ասել է Բլինքենը:
Медиазона կայքի և BBC ռադիոկայանի ռուսական ծառայության անցկացրած համատեղ հետազոտության տվյալներով` 2023 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է 19 հազար 688 ռուսաստանցի զինծառայող:
Խոսքն անուն-ազգանուններով հայտնի զոհված մարդկանց մասին է, որոնց մահվան փաստը հաստատվել է պատկան ատյանների կողմից:
Զոհվածներից ավելի քան 2 հազար 200-ը սպաներ են, 220-ը գնդապետի կամ ավելի բարձր կոչում են ունեցել:
Ամենից շատ զոհեր են Կրասնոդարի երկրամասից, Սվերդլովի, Չելյաբինսկի և Վոլգոգրադի շրջաններից, Բաշկիրիայից և Բուրյաթիայից զորակոչվածների շրջանում:
Առնվազն 1783-ը մասնակի զորակոչի հրամանով են տարվել բանակ: Ուկրաինայում վիրավորում ստացած կամ անհետ կորած ռոուսաստանցիների թիվը հայտնի չէ:
Ըստ զեկույցը կազմած լրագրողների, Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների իրական թիվն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է մի շարք պատժամիջոցների ռեժիմը, որոնք սահմանվել են, մասնավորապես, ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության առնչությամբ, ինչպես նաև Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։
Նշվում է Մոսկվայի ջանքերի մասին՝ խոչընդոտելու ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և խարխլելու ԱՄՆ-ի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նրա և նրա դաշնակիցների ու գործընկերների տարածքում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեմ ուղղված կիբեր գործողություններին։
Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությունը։
Ուկրաինական բանակի կողմից պատրաստվող հարձակման նախաշեմին Պենտագոնը փորձում է բացահայտել Ուկրաինային օգնելու պլանների մասին գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ The New York Times-ի՝ այդ նյութերը վերջին օրերին հայտնվել են սոցիալական ցանցերում։
Թերթի տվյալներով՝ նյութերում տեղեկություններ կան հարձակման նախապատրաստվող ուկրաինական ստորաբաժանումներից առնվազն մի քանիսի կազմի և սպառազինությունների մասին։ Փաստաթղթերում նշված 12 բրիգադներից 9-ը զինվում են Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների օգնությամբ։ Դրանք վերազինելու համար, ըստ փաստաթղթերի, կպահանջվի 250 տանկ և 350 հետևակի մարտական մեքենա։
Փաստաթղթերում, ինչպես նշում են թերթի զրուցակիցները, չեն պարունակվում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից ծրագրված հարձակման պլանները։
Փաստաթղթերի մի մասը, որոնք տեղեկություններ են պարունակում Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստների մասին, ըստ The New York Times-ի աղբյուրների, կեղծված տեսք ունեն։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի երեկոյան տարածած ամփոփագրում անուղղակիորեն ընդունում է, որ Բախմուտի մեծ մասը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
«Բախմուտի ուղղությամբ հակառակորդը շարունակում է հարձակողական գործողություններ իրականացնել՝ փորձելով լիովին վերահսկել Բախմուտ քաղաքը, շարունակվում են կատաղի մարտերը», - ասվում է հաղորդագրությունում։
Դեռ մարտի 28-ին Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը, հիմնվելով երկու կողմերի տեսանյութերի և հաղորդագրությունների վրա, գնահատել էր, որ «Վագներ»-ը, հավանաբար, գրավել է Բախմուտի տարածքի մոտ 65 տոկոսը:
Պեկին այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին հորդորել է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ օգնելու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ խելքի բերելու Ռուսաստանին և բոլորին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Մակրոնը։
Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հնարավորինս շուտ խաղաղ բանակցություններ սկսել։
Մակրոնի խոսքով՝ ներկայիս ճգնաժամը սպառնում է, որ համաշխարհային խոշոր տերությունները կբաժանվեն պատերազմող միությունների։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Պեկինում ասել է, թե Չինաստանը համաձայն է, որ միջուկային զենքը չպետք է կիրառվի ռուս-ուկրաինական պատերազմում: Մակրոնը նախագահ Սի Ծինպինի հետ քննարկել է այդ պատերազմի դադարեցմանը Չինաստանի ջանքերն ուղղելու հարցը:
«Կայուն և ապահով Եվրոպա երբեք չի լինի, եթե մեր մայրցամաքում մի երկիր գրավի մյուսի տարածքը»,- ասել է Մակրոնը:
Այսօր Պեկինում Սի Ծինպինն անցկացրել է նաև եռակողմ հանդիպում, որին Մակրոնից զատ ներկա է եղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Չինաստանի ղեկավարը խոստովանել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ խնդիր է, որը դժվար է կարգավորել:
Նա ասել է նաև, թե պատրաստ կլինի զրուցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, «երբ ստեղծվեն դրա համար պատեհ պայմաններ»:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինն այսօր վագներականների գերեզմանոցից ուղերձով դիմել է ռուսաստանցիներին:
Նա ասել է, թե այստեղ՝ Կրասնոդարի երկրամնասի Բակինսկայա գյուղակի տարածքում գտնվող գերեզմանատանը կստեղծվի համալիր զոհերի հիօշատակին:
«Այո, զինվորները պատերազմներում երբեմն զոհվում են, այդպիսին է կյանքը»,- ասել է Եվգենի Պրիգոժինը:
Նա իր ուղերձում նաև նշել է, որ ուկրաինացիները դեռ չեն հեռանում Բախմուտից, իսկ երբ հեռանան՝ անպայման պաշտպանական դիրքեր կստեղծեն քաղաքի մոտակայքում:
Պրիգոժինը կոչ է արել Ուկրաինայում հաջողության հասնելու համար զենքով ու զինամթերքով սատարել վագներականներին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատելու հեռանկար հիմա չկա, ուստի «հատուկ ռազմական օպերացիան» պետք է շարունակվի:
«Ուկրաինայի պարագայում իրավիճակը դեռ բարդ է, Ուկրաինայի ոչ պաշտոնական և պաշտոնական դիրքորոշումը վկայում է, որ խաղաղության հեռանկար չկա, և հիմա այլ ուղի, քան հատուկ ռազմական գործողության շարունակումը, մենք չունենք», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությանն այն մասին, որ Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի վրա և ապահովել Մոսկվայի վերադարձը բանակցություններին:
«Անշուշտ, Չինաստանն ունի միջնորդության արդյունավետ և տպավորիչ լծակներ, և Չինաստանի վերջին դիվանագիտական նվաճումները դրա վառ ապացույցն են», - ասել է Պեսկովը:
Միաժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան խաղաղ կարգավորման պատրաստակամություն դեռևս չի դրսևորում: